ՍԴ-ն հաշվի կնստի՞ փաստերի հետ Եվ վերջ կտա՞ հանցագործություններին Թիվ 18 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված անկուսակցական Սուրեն Աբրահամյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանն «Առավոտին» վստահեցրեց, որ իրենք արդեն թվով վեց տեղամասային հանձնաժողովների վերաբերյալ դիմում-բողոք են ներկայացրել Երեւանի դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել, քանի որ, ըստ նրա, այդ տեղամասերում կատարվել են բացահայտ հանցագործություններ: «Հայցադիմում ենք ներկայացրել նաեւ Էրեբունի-Նուբարաշեն առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ բողոքարկելով նրա անգործությունը: Քանի որ ընտրահանձնաժողովը ստացված դիմում-բողոքներին ընթացք չի տվել ու որոշումներ չի կայացրել դրանց վերաբերյալ, ինչը «Ընտրական օրենսգրքի» 40 հոդվածի խախտում է, եւ նա պարտավոր էր դա անել»,- հայտարարեց Վ. Զուռնաչյանը: Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե որքանով են իր ձեռքում եղած փաստարկները համոզիչ եւ արդյոք այդ փաստարկներով հնարավո՞ր է անվավեր ճանաչել այդ ընտրատարածքի ընտրությունները: Այս հարցին ի պատասխան՝ Վ. Զուռնաչյանն ասաց. «Այս փաստերի հետ Սահմանադրական դատարանը պետք է հաշվի նստի, եւ վերջ դրվի այս կարգի հանցագործություններին: Բոլոր ընտրակեղծիքները կատարվել են բացահայտ, այդ ամենն արձանագրվել է հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց կողմից: Դրանք պիտի համապատասխան ընթացք ստանան: Եթե 18 ընտրահանձնաժողովի նման անգործություն ցուցաբերեն նաեւ դատախազությունն ու Սահմանադրական դատարանը, եւ չբացահայտվեն կեղծ անձնագրային տվյալներով կեղծ ստորագրությունները, որոնք դրված են ընտրություններին չմասնակցած քաղաքացիների անվան դիմաց, եւ հանձնաժողովականները պատասխան չտան լցոնված քվեաթերթիկների համար, ապա դժվար է ասել, թե դա ինչի կնմանվի»: Իսկ այդ ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Վ. Զուռնաչյանն ասաց. «Թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը 1500 է, իսկ հայտնաբերված, արձանագրված ընտրակեղծիքների քանակն անցնում է 3500-ից, եւ տվյալ դեպքում Սահմանադրական դատարանն իսկապես պետք է անվավեր ճանաչի այս ընտրատարածքի ընտրությունները»: Թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արսեն Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ինքն առաջին անգամ է լսում, որ իր գլխավորած հանձնաժողովի նկատմամբ Ս. Աբրահամյանը դիմել է դատարան: Հարցին, թե ինչպես է վերաբերվում հանձնաժողովին վերագրվող՝ անգործություն, մեղադրանքին, Ա. Սողոմոնյանը պատասխանեց. «Վա՛տ»: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա այդ ընտրատարածքում ընտրակեղծիքներ իրականացրած հանձնաժողովականների փոխարեն քավության նոխազ դառնալու մտավախություն չունի՞: «Ոչ, ինչո՞ւ եք այդպես կարծում,- հարցրեց նա՝ արդարանալով,- ես գործել եմ օրենքի սահմաններում եւ նման մտավախություն չունեմ: Ինչ դիմում-բողոք ներկայացրել են, մենք դրանց ընթացք ենք տվել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ