ԷԼԻ ՉԵՆ ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉԵՎ ՀԵՌԱՆԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ Նախագահի ընտրության առիթով ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը սրտնեղել էր, թե ինչպես է, որ ընտրախախտումներն արվում են եվրոպական դիտորդների ներկայությամբ: ԱԺ ընտրություններում էլ է դրսեւորվել մեր մենթալիտետին անհարիր այդ շտապողականությունը: Խնդիրն այն է, որ Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի դիտորդներն առավել մեծ ուշադրությամբ հետեւում են ձայների հաշվարկի գործընթացին, որը մեզանում առավել վճռորոշ է, քան բուն քվեարկությունը: Իսկ այդ բախտորոշ պահին դիտորդներից քաշվելու շռայլություն իրեն թույլ տալ չի կարող որեւէ ընտրակեղծարար: Ուստի մայիսի 25-ի գիշերն էլ դիտորդներն ականատես են եղել բազմաթիվ ընտրախախտումների, որոնք ամփոփել են ներքին օգտագործման համար մի փաստաթղթում: Նշենք, որ «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվման ընթացքում տեղ գտած լուրջ խնդիրների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության դիտարկումները» անվանվող փաստաթուղթը բավական ծավալուն է: Միայն ձայների հաշվարկի ընթացքում թույլ տրված խախտումները կազմում են շուրջ 10 էջ: Դիտորդները նշում են, որ 83 տեղամասերից 27-ում, որտեղ նրանք դիտարկել են հաշվարկը՝ տեղ են գտել լուրջ խախտումներ: Սակայն գրեթե առանց բացառության բոլոր տեղամասերում էլ եղել են բազմաթիվ խնդիրներ. «Այդ խնդիրների միայն մի մասը կարելի է բացատրել անփորձությամբ կամ անիրազեկությամբ. դիտարկված խնդիրների մեծ մասը ցույց տվեց, որ ՏԸՀ-երի անդամները գործում էին միտումնավոր կերպով՝ խախտելով «Ընտրական օրենսգիրքը»: Բնականաբար, ծավալը նկատի առնելով՝ հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել այս փաստաթուղթը: Մեջբերենք միայն առանձին փաստեր, որոնք բնութագրելու համար դիտորդները երբեմն օգտագործել են անգամ զգայական բնութագրումներ՝ «առավել տխրահռչակ օրինակներ», «սոսկալի հաշվարկ՝ բազմաթիվ պրոբլեմներով», եւ այլն: 1-ին ընտրատարածքի 0019 տեղամասում իբրեւ ընթացակարգային նշանակալի խնդիր մատնանշվում է. «ՀՀԿ վստահված անձը, ինչպես դիտարկվեց, ուղղություն էր ցույց տալիս ՏԸՀ անդամներին հաշվման ընթացքում եւ ձեռք էր տալիս ու հաշվում քվեաթերթիկները»: 4-րդ ընտրատարածքի 0090 տեղամասում, ըստ դիտորդների՝ ՏԸՀ-ի քարտուղարը գրիչ է ունեցել ձեռքին եւ «նշումներ էր կատարում նիշ չունեցող քվեաթերթիկների վրա»: Բացի այդ՝ քվեատուփերում գտնված «չկնքված քվեաթերթիկները կնքվում էին եւ հայտարարվում վավերական»: 6-րդ ընտրատարածքի 0132 տեղամասում քվեատուփերի մեջ դիտարկվել են «փոքր տրցակներով լցոնած քվեաթերթիկներ»: 12-րդ ընտրատարածքում (արդեն անվավեր հայտարարված) ընտրությունների ընթացքում 0272 տեղամասում արձանագրվել է հետեւյալը. «Հաշվարկի ժամանակ չհաշվառված քվեաթերթիկները դիտարկվել են թեկնածուներից մեկի վստահված անձի մոտ, որն ակնհայտորեն գաղտնի համաձայնության մեջ էր ՏԸՀ-ի հետ: Ավելի ուշ բաց քվեատուփը շրջվեց ՏԸՀ անդամի կողմից, ցաքուցրիվ անելով քվեաթերթիկները, եւ, ըստ հայտարարությունների, քվեաթերթիկները քվեատուփի մեջ հավաքելու ընթացքում քվեատուփի մեջ ավելացվել են լրացուցիչ քվեաթերթիկներ այն անձի կողմից, որի մոտ ավելի վաղ դիտարկվել էին քվեաթերթիկները»: Դիտորդները հաշվարկի ժամանակ այստեղ տեսել են «իրար հետ՝ փոքրիկ տրցակներով», այսինքն՝ լցոնված քվեաթերթիկներ: Դիտորդներն ականատես են դարձել քվեաթերթիկների գողության՝ «դրանք տեսակավորելուց հետո»: 16-րդ ընտրատարածքի 0347 տեղամասում արձանագրվել է լցոնում, արդյունքների կեղծում ու նաեւ. «ՏԸՀ նախագահի մոտ դիտարկվեցին գաղտնի պահվող լրացուցիչ քվեաթերթիկներ»: 26-րդ ընտրատարածքի 0711 տեղամասում դիտորդներն արձանագրել են քվեաթերթիկների լցոնման ապացույցներ. «Տուփերում քվեաթերթիկների վերջնական քանակն ի սկզբանե գրանցված ընտրողների 102%-ն էր, սակայն արձանագրված էր այլ կերպ»: 30-րդ ընտրատարածքում կատարվածը դառնալու է ՍԴ քննության առարկա: Դիտորդական առաքելությունն այս ընտրատարածքի 0814 տեղամասի արդյունքները համարում է կեղծված եւ նշում բազմաթիվ գործընթացային սխալներ, մասնավորապես՝ «քվեատուփերը չզմռսած թողնելը ընտրատեղամասի փակումից հետո, ՏԸՀ անդամ չհանդիսացող անձանց ընդգրկումը չօգտագործված քվեաթերթիկների հաշվառման ընթացքում»: 41-րդ ընտրատարածքի 1236 տեղամասում կատարվածը ներառված է «Առավել տխրահռչակ օրինակներ» բաժնում. «Արդյունքների կեղծում՝ ներառյալ վավերական քվեաթերթիկների ոչնչացում՝ արձանագրված թվերին համապատասխանեցնելու նպատակով»: Դիտորդներն այստեղ եւս քվեատուփերը հանելու ժամանակ հանձնաժողովի անդամների ձեռքին տեսել են գրելու պարագաներ: Արձանագրել են «ընտրողական մոտեցում՝ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու հարցում» եւ «չկնքված քվեաթերթիկներ քվեատուփում, որոնք չեն հայտարարվել անվավեր»: 45-րդ ընտրատարածքի 1335 տեղամասում քվեաթերթիկների վրա դիտարկվել են երկու տարբեր գույների կնիքներ ու նաեւ՝ «պատճենահանված քվեաթերթիկն ընդունվեց որպես վավերական»: Խմբավորենք որոշ այլ խախտումներ. 8 տեղամասերում դիտարկվել է արձանագրությունների կեղծում, մեկում՝ «վավերական քվեաթերթիկների ոչնչացում՝ արդյունքների թվերը համապատասխանեցնելու նպատակով»: Ընտրական 10 հանձնաժողովներում (որոնցից 5-ը՝ ընտրատարածքային) ԵԱՀԿ դիտորդներին հրաժարվել են տրամադրել արդյունքների արձանագրությունները: 3 տեղամասերում յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության օգտին տրված քվեները հաշվել են ծածուկ, «լուռ՝ արդյունքները հաղորդվում էին ՏԸՀ անդամների միջեւ շշուկով կամ գրություններով՝ դարձնելով արդյունքների արձանագրումը ոչ թափանցիկ»: Այս ամենից հետո հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը մայիսի 26-ին հայտարարել էր, թե իրենք բողոքներ չունեն քվեների հաշվարկի ընթացքում թույլ տրված օրինախախտումների մասին: Սակայն միայն այս փաստաթուղթը լուրջ ապացույց կարող է դառնալ պատգամավորության այն թեկնածուների եւ քաղաքական ուժերի ձեռքին, որոնք մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, դիտորդները նաեւ պարզել են, որ 41 ընտրատարածքային հանձնաժողովներից 33-ը մայիսի 27-ին հրապարակայնորեն չէին փակցրել տեղամասերի նախնական արդյունքները: