Լրահոս
Օրվա լրահոսը

0,76 %-Ի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 05,2003 00:00

0,76 %-Ի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ Մայիսի 25-ի ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով շատ այլ բաների հետ մեկտեղ վկայեցին նաեւ, որ ՀՀՇ-ն՝ որպես քաղաքական ուժ, մեղմ ասած, մեծ պրոբլեմներ ունի: Համեն այնդեպս, այդ են վկայում ԱԺ ընտրությունների արդյունքները, մասնավորապես, ՀՀՇ-ի՝ երբեմնի իշխող կուսակցության մասով: Հիշեցնենք, ՀՀՇ-ն վաստակեց ընտրողների 0,76 տոկոսի կամ 7675 հոգու վստահությունը: Շատերն, իհարկե, կարող են ասել, որ այս ընտրությունների արդյունքները, ինչպես բոլորին է հայտնի, կեղծված են: Դա անվիճելի է, բայց բանն այն է, որ ՀՀՇ-ն չի հաղթահարել ոչ միայն հինգ տոկոսի արգելանքը, այլեւ նույնիսկ մեկ տոկոս չի հավաքել: Ոմանք դա բացատրում են նրանով, որ ՀՀՇ-ն՝ անկախ իր համամասնական «նորացված» կազմից, «նախկինների» օրգանական շարունակությունն է, իսկ վերջիններս արդարացիորեն թե անարդար ձեւով ընկալվում են որպես «ցրտի ու մթի» պատասխանատուներ: Մյուս մոտեցումը՝ կապված ՀՀՇ-ի ստացած 0,76 տոկոսի հետ, այն է, որ ազատական գաղափարախոսությունն առայժմ չի ընկալվում մեր հասարակության կողմից, իսկ ՀՀՇ-ն, ինչ խոսք, իրականում մեր երկրում այդ գաղափարախոսությունն իրապես կրող ուժ է: Այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչպես են մեկնաբանում երբեմնի հզոր համազգային շարժումն ամփոփող ուժի՝ այսօր ԱԺ ընտրություններում ստացած 0,76 տոկոսը այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ՀՀԿ քաղխորհրդի անդամ եւ 2-րդ գումարման ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի դիտարկմամբ, 0,76 տոկոսի շուրջ վերլուծելու բան չկա, որովհետեւ այդ ցուցանիշն ինքնին վերլուծություն է: Այդուհանդերձ, նա նկատեց, որ ՀՀՇ-ի ստացած տոկոսը ոչ մեկի համար մեծ անակնկալ պետք է չլիներ: Պատասխանելով այն հարցին, թե դա ազատական կամ «աջերի» գաղափարախոսությա՞ն, թե՞ այն կրող ուժի՝ ՀՀՇ-ի, պարտության արձանագրումն է, պարոն Թորոսյանը նշեց. «ինչպես կարող է գաղափարախոսությունը պարտություն կրել. այդ գաղափարախոսությունը ոչ ոք սեփականաշնորհելու իրավունք չունի»: Նա նաեւ չհամաձայնեց, թե ազատական գաղափարախոսության կրողը միայն ՀՀՇ-ն է, եւ մատնացույց արեց նաեւ այլ՝ դարձյալ ազատական գաղափարախոսության կրող առանձին կուսակցությունների, դաշինքների: Իհարկե, այստեղ հարկ է շեշտել, որ ԱԺ այս ընտրություններին մասնակցած ՀՌԱԿ-ն ու «Ազատական» դաշինքը եւս չկարողացան հաղթահարել 5 տոկոսի արգելքը: Նրանց քվեարկեցին համապատասխանաբար 34108 եւ 7676 քաղաքացի: Միաժամանակ Տ.Թորոսյանը վստահեցրեց, որ այդ գաղափարախոսության, մեր հասարակության ներսում դրա ազդեցության ու տեղի մասին խոսելը շատ ավելի լուրջ թեմա է, քան այդ 0,76 տոկոսը: «Արդարություն» դաշինքը ներկայացնող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանն էլ, մեր հարցին ի պատասխան, հայտարարեց, թե ընտրությունները կեղծված են, իսկ կեղծված թվերի մասին խոսելն ու դրանց շուրջ վերլուծություն անելն անհեթեթություն է: Ինչպես եւ պետք էր սպասել, այս հարցի առնչությամբ ավելի արմատական եւ ծայրահեղորեն տարբեր էին ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի եւ «Արմատ» կազմակերպության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանի տեսակետները: Գ.Մանուկյանը վստահեցրեց, որ «ՀՀՇ-ի գաղափարախոսություն» ասվածը շատ հարաբերական է, «որովհետեւ այն սկզբունքները, ծրագրերը, որոնք ՀՀՇ-ն պետք է պաշտպաներ եւ ներկայացներ հանրությանը, ոչ այս ընտրությունների ընթացքում, ոչ ավելի վաղ շրջանում երբեւէ չի արել»: Ըստ պրն Մանուկյանի, ՀՀՇ-ն ինքնին դեռ «ազատական գաղափարախոսություն» չէ: «Վստահաբար կարելի է ասել, որ ՀՀՇ-ի ստացած ցածր տոկոսները ՀՀՇ-ի անցյալի՝ նա իշխանավարության տարիների, գնահատականն է, որն, անշուշտ, իր մեջ ներառում է նաեւ այդ տարիներին Հայաստանում ստեղծված իրավիճակի՝ մանկուրտիզմի, ապազգայնության, իրավական, սոցիալական եւ քաղաքական բեսպրեդելի, գնահատականը»: Ստեփան Գրիգորյանի կարծիքով, այն թվերը որ նկարել է ԿԸՀ-ն, մասնավորապես ՀՀՇ-ի տողում «ոչինչ էլ չեն նշանակում»: Ստ.Գրիգորյանի համոզմամբ, ՀՀՇ-ի ստացած իրական ձայները պարզապես դրվել են այլ ուժերի ստացած քվեների տրցակում եւ հաշվառվել նրանց օգտին: Պատասխանելով մեր այն հարցին, թե իր կարծիքով իրականում որքա՞ն քվե է ստացել ՀՀՇ-ն, եթե դրանք ճիշտ հաշվեին, Ստ. Գրիգորյանն ասաց. «Միանշանակ կարող եմ ասել, որ իրականում ՀՀՇ-ն հաղթահարել էր հինգ տոկոսի արգելքը եւ ստացել 5-6 տոկոս ձայն»: Իր այս պնդումը փաստարկելու համար վերջինս առաջարկեց համեմատել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ քվեարկած ձայները ՀՀՇ-ի ստացած քվեների հետ, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, ոչ մի աղերս չունեն: «Իրականում դրանք, եթե ոչ նույնը, ապա, գոնե, մոտ պետք է լինեին, որովհետեւ Սահմանադրության փոփոխություններին դեմ քարոզողները եղել են միայն ՀՀՇ-ն եւ նրան հարող ուժերը»: Իսկ թե ՀՀՇ-ի ստացած 0,76 տոկոսն ինչպես են բացատրում հենց ՀՀՇ-ում, երեկ այդ կուսակցությունում մեզ չասացին՝ խորհուրդ տալով սպասել այսօր տեղի ունենալիք ասուլիսին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել