ՍԵՐԳԵՅ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ՝ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆ Նովոսիբիրսկցի հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սերգեյ Թադեւոսյանը մայիսի 29-ի երեկոյան Մոսկվայում նվաճեց WBC-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը 72,57 կգ քաշային կարգում։ Բոլոր մրցավարները Աֆրիկայի չեմպիոն, գանացի Ջեյմս Օբեդի Թոնիի հետ կայացած 12 ռաունդանոց մենամարտում հաղթանակը միաձայն շնորհեցին Սերգեյ Թադեւոսյանին։ Մինչ ռինգ մտնելը Սերգեյը մրցակցի մասին նվազագույն ինֆորմացիա ուներ։ Թերեւս, հայտնի էր, որ Թոնին անցկացրած 15 մենամարտերն էլ գրանցել էր իր օգտին, ընդ որում՝ 14-ը նոկաուտով։ Որ մրցակիցն աջլիկ է, Թադեւոսյանն իմացավ միայն նախորդ օրը, կշռվելու ժամանակ։ Նույն տեղում նա տեսավ նաեւ, որ մրցակիցը բավականին բարձրահասակ է։ Փորձառու հայ բռնցքամարտիկն անմիջապես նկատեց աֆրիկացու թույլ կողմերը ու կազմեց մարտավարման անհրաժեշտ ոճ, որն, ինչպես ցույց տվեց մենամարտի ողջ ընթացքը, ճիշտ էր ընտրված։ «Ես առաջին իսկ րոպեներին որսացի Թոնիի ոճը եւ տեսա իմ հնարավորությունները,- հաղթանակից հետո հայտարարեց Սերգեյը։- Երբ վերջում արդեն պարզ էր, որ պարտվել է, Ջեյմսը հուսահատ ջանքերի դիմեց կորցրածը ետ բերելու համար, բայց արդեն ուշ էր»։ Ճիշտ է, մենամարտում նոկդաուններ էլ չեղան, բայց Թոնին մի քանի անգամ փրկվեց հատակին տապալվելուց, հատկապես 5-րդ, 8-րդ եւ 10-րդ ռաունդներում։ «Ես աշխատում էի պարզունակ ձեւով, բայց արդյունավետ։ Ջեյմսը չի տիրապետում նահանջելիս լավ պաշտպանվելու արվեստին։ Ես էլ հաճախ օգտվում էի դրանից,- այնուհետեւ շարունակել է Թադեւոսյանը։- Ճիշտն ասած, սա իմ «հարազատ» քաշային կարգը չէ, ես հանդես եմ գալիս ավելի բարձր՝ 76,18 կգ քաշային կարգում»։ Աշխարհի 10 լավագույն մրցավարների մեջ մտնող բելգիացի Դանիել վան դե Վիլեն, համեմատելով երեք տարի առաջ տիտղոսի համար Բելգիայում Դիալլոյի հետ վարած Թադեւոսյանի մարտը Մոսկվայում անցկացրածի հետ, նշել է հայ բռնցքամարտիկի առաջընթացը. «Սերգեյն ապացուցեց, որ արժանիորեն է դասվում WBC-ի վարկածով աշխարհի 12 լավագույն մարզիկների շարքը»։ Հիմա Սերգեյ Թադեւոսյանը պետք է պատրաստվի մեկ ամիս հետո միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը պահպանելու մենամարտին, որը կայանալու է Ավստրալիայում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ