Լրահոս
Օրվա լրահոսը

Չարդախլուն անտեսվեց

Հունիս 04,2003 00:00

Չարդախլուն անտեսվեց Մայիսի 24-ին մայրաքաղաքում մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը, բացի պաշտոնական այրերից, լրագրողներից եւ հասարակության ներկայացուցիչներից, ներկա էին նաեւ մեծ զորավարի հայրենակից չարդախլեցիները։ Հպարտության եւ ոգեւորության զգացումից զատ, նրանց համակեց նաեւ հիասթափություն, երբ ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը (քաղաքապետ Ռոբերտ Նազարյան, արվեստագետ Հենրիկ Իգիթյան, «Մարշալ Բաղրամյան» հայրենակցական-հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆիկ Կարապետյան) իբրեւ ծննդավայր չհիշատակեց Բաղրամյանի հայրենի երկրամասի՝ Չարդախլուի անունը։ Փոխարենն ասվեց, որ նա ծնվել է Արցախի մի փոքրիկ գյուղում, որը հայտնի է նաեւ մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր։ Որտեղից իմանային ելույթ ունեցողները, որ իրենց պատկերացրած Արցախի հետ որեւէ վարչատարածքային պատկանելություն չունի այդ «փոքրիկ» գյուղը, դա պատմական Արցախ-Ուտիքի հատվածն է։ Միջոցառման ժամանակ նշվեց նաեւ, որ եթե մեծ զորավարը այսօր կենդանի լիներ, երջանիկ կլիներ՝ տեսնելով ազատագրված Արցախը։ Անվիճելի է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքների ազատագրման փաստացի իրողությունը հայ ժողովրդի 20-րդ դարում ունեցած ամենամեծ նվաճումներից ու հաղթանակներից է։ Բայց չմոռանանք, որ մինչեւ ինքնապաշտպանական կռիվների նման զարգացումն ու ազատագրված տարածքների իրողությունը, 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, խորհրդային զորքերի անմիջական աջակցությամբ, հայաթափ եղավ թշնամու համար երբեւէ անմատչելի, դարեր ի վեր անառիկ Չարդախլուն, որն առայսօր ազատագրված չէ։ Կարծում եմ, պետականորեն կազմակերպված հիշյալ միջոցառումը հարմար առիթ էր մի ավելորդ անգամ հնչեցնելու այդ գյուղի անունը։ Նույնիսկ արդի հայ պատմագիտության մեջ միտում կա ազգային-ազատագրական շարժման նորօրյա փուլի սկիզբ համարել ոչ թե 1988-ը, այլ 1987թ. Չարդախլուի հանրահայտ դեպքերը, երբ մի քանի ամիս շարունակվող բռնություններից հետո միլիցիայի կազմակերպված ուժերը, շուրջ 200 զինված ադրբեջանցիներ, հարձակում գործեցին հայկական գյուղի վրա։ Միայն «Սելսկայա ժիզն» մոսկովյան թերթում, այն էլ շատ ուշացումով, հաջողվեց նկարագրել, թե ինչ է կատարվել այնտեղ։ Այդպես միայնակ ու անտեսված հայաթափ եղավ այդ հզոր հայ գյուղը, որին հաջորդեց շրջակա տասնյակ գյուղերի դատարկումը՝ մոտ 16 հազար 500 քկմ տարածք: Չարդախլուում էր գտնվում նաեւ Հովհաննես Բաղրամյանի տուն-թանգարանը, որի շքամուտքի պատվանդանը ներկայումս զարդարում է թուրք աշուղի գլուխը։ Բռնագաղթի օրերին հնարավոր չեղավ փրկել զորավարի թանգարանի ունեցվածքը։ ՆԱԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել