Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենացածր ցուցանիշը՝ Գեղարքունիքում

Հունիս 04,2003 00:00

Ամենացածր ցուցանիշը՝ Գեղարքունիքում Երեկ հանրապետության մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնեցին վերջին քննությունը՝ մաթեմատիկա առարկայից: Հիշեցնենք, որ առաջին՝ հայոց լեզվի քննությանը ներկայացել էր մեդալի 204 հավակնորդ, որից 130-ը նախնական տվյալներով ստացել էր անցողիկ՝ 19-20 միավոր: Բողոքարկման արդյունքում, սակայն, դրանց թիվը հասել է 138-ի: (Ընդհանրապես ներկայացվել է բողոքարկման 54 դիմում, սակայն դրանցից բավարարվել է միայն 9-ը): Երեկ մաթեմատիկայի քննությանը ներկա էր ընդհանուր թվով 154 շրջանավարտ. հեռավոր շրջաններից եկած շրջանավարտներին, ովքեր առաջին քննությունից անցողիկ միավորներ չէին ստացել եւ չէին կարող հասնել հարազատ դպրոցը, թույլատրվել էր մաթեմատիկան հանձնել մայրաքաղաքում՝ 138 պոտենցիալ մեդալակիրների հետ: Ընդհանուր առմամբ, այս տարի, նախորդ տարիների համեմատությամբ, մեդալի հավակնորդ շրջանավարտների թիվը պակասել է, եւ դրան զուգահեռ, բարձրացել է նրանց որակական մակարդակը: Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանի, դա պայմանավորված է նրանով, որ մարզային կրթական մարմիններն այլեւս պատասխանատու վերաբերմունք ունեն այս գործի կազմակերպման նկատմամբ եւ կենտրոնացված քննությունների են ներկայացրել բացառապես բարձր ինտելեկտուալ մակարդակ ունեցող աշակերտներ, ինչը հաստատվեց նաեւ հայոց լեզվի քննության արդյունքներով: Նշենք, որ, ի տարբերություն անցյալ տարվա, երբ հայոց լեզվի ցուցանիշներում առկա էին անգամ 8, 9 միավորներ, այս անգամ ամենացածր ցուցանիշը 10 միավորն էր, որ ստացել է 1 հոգի՝ Ավանի ոչ պետական վարժարանից: 11 միավոր եւս ստացել է 1 հավակնորդ՝ Տաշիրի թիվ 1 դպրոցից, սակայն Լոռու մարզում նաեւ բարձր ցուցանիշներն են շատ. 12 հոգի 19-20 միավորներ են ստացել: Նույն պատկերն է նաեւ Շիրակի եւ Կոտայքի հավակնորդների շրջանում: Սյունիքը վաստակել է 50, իսկ Վայոց ձորը՝ 70 տոկոս անցողիկ միավոր: Ամենացածր ցուցանիշ ունի Գեղարքունիքի մարզը. մեդալի 4 հավակնորդներից բոլորը ոչ անցողիկ՝ 15-18 միավորներ են ստացել: Հարկ է նշել, որ Գեղարքունիքի մարզն ընդհանրապես հանրապետությունում ամենացածր կրթական մակարդակն ունի, եւ դա մեծապես կախված է մարզպետից, ում հետ կրթական ոլորտի պատասխանատուները մշտապես խնդիրներ են ունենում: Մասնավորապես, օպտիմալացման հարցում մարզպետն առաջնորդվում է բարեկամ-տնօրենների շահերով: Առաջին քննության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում: Հանրակրթական դպրոցների 53 եւ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցների 28 հավակնորդներից անցողիկ միավորներ են ստացել 61-ը: Վերադառնալով մաթեմատիկայի քննությանը՝ նշենք, որ հարցաթերթիկներում զետեղված բոլոր խնդիրները վերցված են դասագրքերից, եւ այդ նույն տարբերակներով միեւնույն ժամին քննություն էին հանձնում մնացած շրջանավարտները: Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ, մաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանը նշեց, որ անցյալ տարվա համեմատությամբ՝ թեստերում ոչ մի փոփոխություն չկա, նույնն են մնացել նաեւ չափանիշները: Ըստ հանձնաժողովի նախագահի, աշակերտները հիմնականում դժվարանում են հանրահաշվական եւ տարածաչափական խնդիրներից: Իսկ խնդիրներում հանդիպող լուծման բազմաձեւությունների առնչությամբ հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք սահմանափակումներ չեն դնում, եւ աշակերտը կարող է ազատ լինել իր ընտրած լուծման եղանակների, անգամ անսովոր եղանակների հարցում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել