ԹՈՒԼԱՑԵԼ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ Իսկ հաճույք են ստանում «նժդեհականները» Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը վերջերս հայտարարեց, որ այդ պետությունը շարժվելու է «իննովացիոն ինդուստրիալ տնտեսության» զարգացման ուղղությամբ։ Նպատակին լիարժեք հասնելու համար նշվել է 2015 թվականը։ Սա նշանակում է, որ Ղազախստանի տնտեսությունը /այնուհետեւ՝ հասարակությունը/ զարգանալու է գիտության, նոր եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված զանազան ճյուղերի գերակայությամբ։ Ընդ որում, շեշտը դրվելու է ոչ միայն գիտական նվաճումների ներկրման, այլեւ համաշխարհային չափանիշներով գիտական արտադրանքի սեփական կազմակերպման եւ արտահանման վրա։ Համանման մոդելով է զարգանում Միացյալ Նահանգները, որտեղ կուտակված է գիտական նորամուծությունների մեջ աշխարհում իրականացվող երկարաժամկետ ինվեստիցիաների գրեթե կեսը, պետությունն ապահովագրում է այս ներդրումների ռիսկայնությունը /ԱՄՆ-ի բյուջեի կեսը ձեւավորվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտից ստացվող հարկերից/։ Նման ճանապարհով են զարգանում արեւմտաեվրոպական երկրները եւ Ճապոնիան։ Թաիլանդը, Հարավային Կորեան, Մալազիան հիմնականում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ներկրման եւ հաջող կիրառման մոդելով։ Կոնգոն, Զաիրը, Ռուսաստանի Դաշնությունը, Վենեսուելան հանդիսանում են հումքային տնտեսության վրա հիմնված երկրներ, ինչը աշխարհում բնական ռեսուրսներով հարուստ այս երկրները հանգեցրել է աղքատության։ Պատմական գործընթացների դինամիկան աշխարհում ցույց է տալիս, որ 21-րդ դարում կենսունակ են /եւ առավել պաշտպանված/ այն պետությունները, որոնց զարգացման վեկտորը 19-րդ եւ 20-րդ դարերին հարիր հումքային տնտեսությունից եւ տանկերով ու «Կալաշնիկով» ավտոմատներով զինված բազմահազարանոց բանակից անցել է կամ անցնում է գիտության վրա հիմնված տնտեսության եւ հասարակության կայացման վրա, որի ռազմավարական եւ ամենաառաջնային խնդիրը օպտիմալ կրթական համակարգն է /Իրաքյան 450 հազարանոց բանակին հաղթելու համար Միացյալ Նահանգները 162 զոհ տվեց/։ Համեմատության համար նշենք, որ զարգացող պետություններում գիտությանը պետբյուջեից հատկացվում է 4-6, իսկ կրթությանը՝ 3-5 տոկոսը, բավական մեծ տոկոս են կազմում մասնավոր /երկարաժամկետ/ ներդրումները։ Հայաստանում կրթությանը եւ գիտությանը համատեղ պետբյուջեից հատկացվող գումարը մոտավորապես հավասար է Կենտրոնական բանկին /որպես աշխատավարձ եւ կազմակերպչական ծախսեր/ հատկացվող գումարին, իսկ մասնավոր ինվեստիցիաներ գրեթե չկան, չկա կայացած եւ հեղինակավոր ապահովագրման որեւէ ինստիտուտ։ Նման քաղաքականությունը կարելի էր երկար ընդդիմախոսել, բայց եւ հասկանալ, եթե մեր տնտեսության զարգացման փիլիսոփայությունն ունենար որեւէ այլընտրանքային տրամաբանություն։ Անկեղծ ասած, դժվար է ասել, թե ինչի շուրջ էին «բանավիճում» անցած երկու /նախագահական եւ խորհրդարանական/ ընտրություններին հայրենական քաղաքական ուժերը, սակայն բոլոր հրապարակ հանված խնդիրները /միջին խավ, պետության սոցիալիզացիա, մենաշնորհներ, աշխատավարձերի բարձրացում եւ այլն/ բացառապես հետեւանքների ոլորտից են։ Նախագահ Քոչարյանը հռչակեց իր ծրագիրը /որակը այլ խնդիր է/, եւ հայտարարեց, որ երկիրը զարգանալու է այդ շրջանակներում, նույն ժամանակ հայրենական կառավարությունն իրականացնում էր «նժդեհա172տարոնական, լիբերալ-պահպանոդական» սեփական ծրագրերը /«Միասնություն» դաշինքի ծրագիրը կորա՞վ/, իսկ նույն կառավարությունում գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը բազմիցս հայտարարում էր, որ այս ոլորտում իրացնում է Դաշնակցության ծրագրերը։ Զավեշտը՝ զավեշտ, բայց ակնհայտ է, որ պետության զարգացման որեւէ մոդել մենք ոչ միայն չունենք, այլեւ այս խնդիրը մեր քաղաքական էլիտայի /իշխանություն թե ընդդիմություն/ օրակարգից բացակայում է։ Ճիշտ էր նկատել տնտեսագետ Է. Աղաջանովը, որ Հայաստանում պետության զարգացման մոդելների վերաբերյալ որեւէ պոլեմիկա չկա, իսկ կուսակցությունների տնտեսական ծրագրերի վրա գավառական փոշի է նստած։ Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Հիմնական դերակատարում ունեցող /ՀՀԿ, Արդարություն, ՕԵ, ՀՅԴ, ԱՄ/ ուժերի տնտեսական ծրագրերը կեսդարյա հնության «հերթապահ ճշմարտությունների» եւ դեկլարացիաների ժողովածու են, ուր ազդարարվում են այնպիսի նպատակներ ու արդյունքների նվաճումներ, որոնք աղերսներ չունեն համաշխարհային զարգացման ժամանակակից միտումների հետ։ Եվ մինչ աշխարհում ստեղծվում են գիտական եւ տեխնոլոգիական կապերի դոմինանտությամբ ինտեգրացիոն նոր համակարգեր, մենք շարունակելու ենք ինտելեկտուալ-մշակութային օնանիզմով զբաղվել՝ համազգային իղձերի, յաթաղանով թուրքերի, ռուսի սհաթի, հորինաց ու նժդեհական տդեքի հակաճգնաժամային արդարության տեսլականներով։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ