Կեղծիքներ՝ հոգուտ Վլադիմիր Բադալյանի Մեծամասնական ընտրակարգով թիվ 16 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Շավարշ Քոչարյանը դիմել է ԿԸՀ՝ սույն ընտրատարածքում, սույն ընտրակարգով ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Ի հաստատումն դիմումի, պարոն Քոչարյանը ԿԸՀ է ներկայացրել 21 կետից կազմված ընտրախախտումների, այսպես կոչված, ցուցակ։ Վերջինում ընդգրկված են նախ եւ ետընտրական, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում կոնկրետ տեղամասերում վստահված անձանց կողմից արձանագրված խախտումները։ Ի դեպ, պրն Քոչարյանը թիվ 0347, 0351 եւ 0367 տեղամասերի վերաբերյալ հայտարարություններ է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին։ Հայտարարություններում մասնավորապես նշված է, որ «թիվ 16 ԸԸՀ-ի նախագահ Աշոտ Գեւորգյանը հրաժարվել է ընթացք տալ կեղծիքների մասին հանձնաժողովի անդամների հայտարարությանը, ինչպես նաեւ հնարավորություն չի տվել հաշվարկելու կեղծված ստորագրությամբ քվեաթերթիկների քանակը»։ Թիվ 0347/16 տեղամասի հանձնաժողովի անդամ Անահիտ Վարդանյանի դիմումի համաձայն, հանձնաժողովի արձանագրությունների անհամապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին ստուգելիս պարզվել է, որ թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական կարգով մոտ 200-ական քվեաթերթիկ է լցոնվել։ Այստեղ եւս կեղծվել են Անահիտ Վարդանյանի եւ Վլադիմիր Պետրոսյանի ստորագրությունները։ Կեղծիքները եղել են հօգուտ Վլադիմիր Բադալյանի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի։ Կեղծված ստորագրությունների քանակը 400-ից ավելի է։ Մեր տեղեկություններով, 0347 տեղամասի հանձնաժողովի նախագահին երեկ արդեն կանչել էին դատախազություն։ Պատասխանելով «Արդարություն» դաշինքի վստահված անձ Մարիաննա Ոսկանյանի դիմում-բողոքին, ԿԸՀ նախագահը գերազանցել է ինքն իրեն։ Վստահված անձը բողոքում է, որ 16 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ա. Գեւորգյանը՝ «սկսած մայիսի 27-ից, իմ բոլոր պահանջները՝ տրամադրել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական ամփոփիչ արձանագրությունների բացված ձեւերը (ըստ տեղամասերի), առայսօր մերժվել են»։ Ա. Գեւորգյանը հրաժարվել է նաեւ տրամադրել «մայիսի 24-ի դրությամբ տեղամասերում ստորագրված քվեաթերթիկների քանակի մասին տվյալները»։ Մ. Ոսկանյանը տեղեկացրել է, որ «ԸԸՀ-ն պատվիրել եւ տպարանից ստացել է օրենքով սահմանված քանակը գերազանցող՝ մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկներ»։ Ա. Գեւորգյանի բանավոր հայտարարության համաձայն, դրանք 747 հատ են եղել։ Սակայն «առաջացած ավելցուկի եւ դրա մարման մասին որեւէ արձանագրություն ինձ չի տրամադրվել, ավելին, առայսօր հրաժարվում են ցույց տալ այդ ավելացած քվեաթերթիկները»։ Իսկ տեղամասային հանձնաժողովների ստուգումների ընթացքը չի արձանագրվել ԸԸՀ-ի գործավարության մատյանում։ Ի պատասխան, Արտակ Սահրադյանը նշել է, որ «Դուք օրենքով սահմանված կարգով պետք է դիմեիք ԸԸՀ»։ Հետո էլ մեծահոգաբար ուղղություն է տվել՝ «Ձեզ հետաքրքրող տեղամասերում ընտրությունների արդյունքները կարող եք ուսումնասիրել ԿԸՀ ինտերնետային էջում»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ