«ՕԵ» ԽԱՂԵՐԸ Երեկ Արմավիրի մարզի թիվ 29 ընտրատարածքում «Օրինաց երկրի» թեկնածու Մեխակ Մխիթարյանը Սահմանադրական դատարանից ետ է վերցրել իր դիմումը, որ ներկայացրել էր նախորդ օրը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում Մեխակ Մխիթարյանի հաղթանակն անվավեր էր ճանաչվել, եւ հունիսի 14-ին նշանակվել էր վերաքվեարկություն: Թիվ 29 ընտրատարածքն արժանացել էր միջազգային դիտորդական առաքելության հատուկ վերաբերմունքին, քանզի հենց այստեղ էր, որ շվեյցարացի խորհրդարանականը եւ այլ դիտորդներ փորձել էին հետապնդել քվեարկության պարկերը փախցնող տեղամասի հանձնաժողովի նախագահին եւ կանգնեցվել 2 այլ հետապնդող մեքենաների կողմից: Այստեղ էր, որ դիտորդները ստիպված էին ոստիկանության ուղեկցություն խնդրել Երեւան վերադառնալու համար եւ այլն: Ո՞րն է պատճառը, որ թեեւ Մեխակ Մխիթարյանը նախապես մտադիր էր բողոքարկել նոր ընտրություններ անցկացնելու որոշումը՝ հետո հրաժարվեց իր հայցից: Ի՞նչ են այս ընթացքում համոզել ու խոստացել «Օրինաց երկրին» կամ նրա ներկայացուցչին: Ի դեպ՝ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել օրեր առաջ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունների առնչությամբ: Մայիսի 26-ին՝ նախնական ամփոփիչ արձանագրությունը ստորագրելիս ԿԸՀ-ում «Օրինաց երկրի» ներկայացուցիչ Արտաշես Ավոյանը նշեց, թե ներկայացնելու է հատուկ կարծիք, սակայն այդպես էլ չներկայացրեց։ Մայիսի 31-ին, երբ օրակարգում էր արդեն վերջնական ամփոփիչ արձանագրությունը՝ Արտաշես Ավոյանը հայտարարեց, թե «Օրինաց երկրի» շուրջ 80 հազար քվեներ «պակասեցվել կամ հավասարեցվել են 0-ի»: Այնուամենայնիվ, նա դարձյալ վավերացրեց որոշումը եւ, իհարկե, դարձյալ խոստացավ, թե ներկայացնելու է հատուկ կարծիք: Գուցե ներկայացնի՞ այս անգամ: Ա. Ի.