ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱՅԱԿԱՆ ԷՐ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Ալբերտ Բազեյանն («Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում 6-րդը) առայժմ միակ պատգամավորն է, որը հրաժարվում է իր պատգամավորության մանդատից՝ հօգուտ դաշինքի ցուցակում 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Էմմա Խուդաբաշյանի։ Երեկ մեզ հետ զրույցում պրն Բազեյանն առավել հստակեցրեց իրավիճակը. «Ես հրապարակավ արտահայտել եմ իմ ցանկությունը՝ հրաժարվել պատգամավորական մանդատից։ Իմ այս ցանկությունը բացասաբար ընկալվեց դաշինքի անդամ մեր քաղաքական գործընկերների կողմից։ Ես էլ եմ գտնում, որ իմ հայտարարությունը զգայական էր տվյալ պահի համար։ Այնուամենայնիվ, անարդարացի է, որ Էմմա Խուդաբաշյանը, Գեղամ Հարությունյանը, Սմբատ Եղիազարյանը, Արամայիս Բարսեղյանը եւ մնացած բոլորը (գոնե մինչեւ 30 համարը զբաղեցնողները) զրկվել են ԱԺ պատգամավոր դառնալու իրավունքից։ Արդար ընտրությունների դեպքում նրանք եւ նրանցից հետո շատերը կլինեին ԱԺ-ում»։ Պրն Բազեյանն ասաց նաեւ՝ իր ցանկությունն է, որ ամբողջ դաշինքը վայր դնի պատգամավորական մանդատները, բայց եւ միաժամանակ հավաստեց, որ նման իրավիճակում գնահատականները կարող են տարբեր լինել. «Ես չեմ կարող պնդել, թե «Հանրապետություն» կուսակցությունն ասում է վերին ճշմարտություններ, մենք պարտավոր ենք դաշինքի միասնականությունը պահպանել։ Հիմնական քաղաքական հարցերի վերաբերյալ դաշինքում որեւէ տարաձայնություն չկա։ Մենք միակարծիք ենք, որ երկրում անհրաժեշտ է վերականգնել սահմանադրական կարգը, ձեւավորել օրինական իշխանություն։ Քաղաքական քայլերի առումով կարող են լինել տարբեր մոտեցումներ, եւ մենք չենք կարող հաշվի չնստել դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի հետ»։ Մ. Ե.