Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ էժանացան»

Հունիս 04,2003 00:00

«Տղամարդիկ էժանացան» «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքի համանախագահ Ժաննա Մանուկյանի հավաստմամբ, ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենք շուտով հանդես են գալու շատ «խիստ ու կարծր» հայտարարությամբ: «Այն թույլ չի լինելու, որովհետեւ ընտրություններն անցան շատ վատ»,- վստահեցնում էր նա: Ժ. Մանուկյանը համոզված է, որ եթե ընտրություններն անցկացվեին «մի քիչ բարոյական բարձունքի վրա», իրենք ոչ թե 1, 98 տոկոս ձայն կստանային, այլ շատ ավելի: «Շրջաններում մենք գնացել ու մեր գնահատականը ստացել էինք»,- նշեց Ժ. Մանուկյանը՝ ավելացնելով, թե իրենց ձայները յուրացրել են ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն: «Մենք ոչ բոլոր տեղերում վստահված անձինք ունեինք, բայց հանձնաժողովներում եղած մյուս կանայք, կանանց կողմով մեզ շատ ինֆորմացիաներ են հասնում, ասում են, որ մեր ձայները հաշվելու ժամանակ դնում էին ուրիշների վրա: Մեծամասնականով ավելի շատ գումարային խաղեր էին գնում, ու այն աստիճանի, որ չէինք կարողանում դրանց դեմն առնել»,- ասաց նա: Ժ. Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս անգամ Միխայիլ Բաղդասարովի աջակցությունը չվնասե՞ց դաշինքին, քանի որ նրան հանրությունը ճանաչում է որպես օլիգարխ: «Ճիշտն ասած, որպես կանանց կուսակցություն՝ մենք էինք դիմել նրան ու ասել, որ ուզում ենք մասնակցել ընտրություններին, եթե կարող եք՝ աջակցեք: Ասել էր՝ կմտածեմ: Մտածում էի, որ բարեգործ կլինի, ու կանայք կանցնեն: Ինքն իր պահանջները դրեց: Մենք նրան մեր ամեն մի քայլի մասին պիտի հաշվետվություն տայինք՝ ինչքան բենզին ծախսեցինք, ինչ արեցինք: Այդ կարգուկանոնը կար, այնպես չէր, որ շռայլեինք ու գցեինք մի կողմ: Ինքը ամեն ինչի համար հաշվետվություն էր ուզում: Իսկ դա ինձ խանգարում էր, որովհետեւ այն պահն էր, որ ոչ մի բանի վրա ուշադրություն չպիտի դարձնեինք: Մենք պայքարում էինք հաղթանակի համար, իսկ դրա համար ոչինչ չպիտի խնայես: Եթե հաղթանակի հասնելու համար պետք լինի՝ պիտի օդով էլ գնաս, ոտքով էլ, ավտոբուսով էլ: Բայց եթե Միխայիլ Բաղդասարովը մեզ ձեռք չմեկներ, մենք հնարավորություն չէինք ունենա լիարժեք մասնակցել ընտրություններին: Ոչ մի կուսակցություն չի կարող ասել, թե ինքը կարող էր դա անել, եթե կողքից իրեն չօգնեն: Բայց խնդիրը կայանում է նրանում, որ երբ քեզ աջակցում են, դու չես կարողանում լիարժեքորեն առաջնորդվել քո գործունեության մեջ: Շատ բաներ կար, որ ես կարող էի անել, բայց չեղավ: Մենք քաղաքական գործիչներ էինք, իսկ ինքը՝ բարեգործ, որը ցանկանում էր թույլ սեռին օգնած լինել: Նժարներից մեկում ֆինանսական, բարոյական աջակցությունն էր, մյուսում՝ քաղաքականությունն ու քաղաքական գործիչը: Դրանք պետք է համաձայնեցվեին: Չեմ խռովել, ընդհակառակը՝ ինձ լավ եմ զգում, որ չեմ գնալու ԱԺ ու դրսից լիքը գործ եմ անելու: Քաղաքական խաղ էր, բայց տղամարդիկ ինչ-որ շատ էժանացան, չկարողացան իրենց մեջ ուժ գտնել: Մենք էլի մնացինք մենք, իրենք՝ իրենք: Ուղղակի հիմա ես գտնում եմ, որ երկրի նախագահն էլ պիտի կին լինի»,- հայտարարեց Ժ. Մանուկյանը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել