Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին խավը մնաց առանց ձեւավորողի

Հունիս 04,2003 00:00

Միջին խավը մնաց առանց ձեւավորողի ՀԺԱՄ-ի համամասնական ցուցակում երկրորդը՝ Հարություն Փամբուկյանն ասում է, թե իրենց չհաջողվեց տեր կանգնել ընտրողների ձայներին: Ընդամենը կես տոկոս ձայներ էին ՀԺԱՄ-ին բաժանում այն բաղձալի պատնեշից, որը հաղթահարելուց հետո այս կուսակցությունը խորհրդարանում կունենար սեփական խմբակցությունը: Մինչ ԿԸՀ-ն կազդարարեր ընտրության վերջնական արդյունքները՝ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանն արդեն իսկ «Արմինֆոյին» հայտնել էր, թե «համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքները ցույց են տալիս, որ ՀԺԱՄ-ը կկարողանա հաղթահարել 5 տոկոսի արգելագիծը»: Նաեւ ասել էր, թե կուսակցության կողմից ընտրությունների արդյունքների բողոքարկման հետեւանքով (թեեւ այլք պնդում էին, թե դա երկու օր շարունակ ԿԸՀ նախագահի սենյակում Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանի անցկացրած ժամանակի հետեւանքն էր) պարզվել է, որ ՀԺԱՄ-ի օգտին քվեարկված քվեաթերթիկների մեծամասնությունը հաշվարկվել է այլ կուսակցությունների օգտին: Սեյրան Ավագյանը հրաժարվել էր ճշգրտել, թե հատկապես ո՛ր կուսակցությունների օգտին են հաշվարկվել քվեաթերթիկները: Սակայն ԿԸՀ-ն մայիսի 31-ին ազդարարեց, թե ՀԺԱՄ-ը ստացել է ընտրողների քվեների միայն 4,55%-ը: Հիշեցնենք, որ մայիսի 26-ի նախնական տվյալներով այդ ցուցանիշը 4,5% էր: Խորհրդարանում հայտնվեց միայն մեծամասնական թիվ 8 ընտրատարածքում պատգամավոր ընտրված անկուսակցական Հարություն Փամբուկյանը, որը ՀԺԱՄ-ի համամասնական ցուցակում երկրորդն է: Մեր հարցին, թե մտադի՞ր է առաջիկա 4 տարիներին խորհրդարանում միայնակ ներկայացնել ՀԺԱՄ-ին եւ կենսագործել միջին խավ ձեւավորելու նրա մանիֆեստը, պատասխանեց. «Չեմ կարծում, թե միայնակ եմ անելու դա, քանի որ կուսակցությունների մեծամասնությունն արծարծում էր այդ թեման: Եվ ավելի քան համոզված եմ, որ այդ գաղափարը հոգեհարազատ է ոչ միայն ինձ, այլ նաեւ ընտրված մի շարք պատգամավորների»: Մեր հարցին, թե ինչի՞ հետեւանքն էր, որ ՀԺԱՄ-ը չհաղթահարեց խորհրդարան անցնելու արգելագիծը՝ ներիշխանական մեկշաբաթյա բանակցություննե՞րն անհաջող ընթացան (ասում են, թե ԱԺ-ում հայտնված ուժերն էին կտրուկ ընդդիմացել, որ իրենց քվեներից եւս կես տոկոս պակասեցվի ՀԺԱՄ-ի համար), թե՞, ինչպես պնդում են կուսակցության ներկայացուցիչները՝ իրենք ուղղակի չկարողացան տեր կանգնել սեփական քվեներին՝ Հարություն Փամբուկյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ երկրորդ տարբերակն է»: Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե ՀԺԱՄ-ի ձայներից որքա՞նն են հաշվարկվել այլ կուսակցությունների օգտին՝ ասաց. «Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Եվ ներողություն եմ խնդրում այն ընտրողներից, որոնք իրենց ձայնը տվել էին ՀԺԱՄ-ին, բայց մենք չկարողացանք պահպանել տրված վստահության քվեն»: Չցանկացավ այլ գնահատականներ տալ կամ պատասխանել ՀԺԱՄ պարտության պատճառների մասին մեր մյուս հարցերին: Ի դեպ, երեկ մամուլում լուր էր հրապարակվել, թե «հավաստի տեղեկություններով»՝ ՀԺԱՄ-ն ընտրությունների վերջնական արդյունքից բավականաչափ դժգոհ է, եւ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանը փորձում է իր դժգոհությունն արտահայտել մամուլի միջոցով, սակայն նրան խոչընդոտում է Հարություն Փամ- բուկյանը. «Սակայն խոչընդոտում է ոչ թե կոշտ մեթոդներով, այլ ֆինանսական: Մեր աղբյուրից տեղեկանում ենք, որ Փամբուկյանը Սեյրան Ավագյանին խոստացել է բավականին մեծ գումար կամ ավտոմեքենա՝ միայն թե նա չխարխլի ներքաղաքական կայունությունը»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այս հրապարակումը՝ Հարություն Փամբուկյանն ասաց. «Պարզապես աբսուրդ է: Ուղղակի խորհուրդ կտայի քիչ հավատալ նմանատիպ հավաստի աղբյուրներին»: Նշենք սակայն, որ թեեւ Սեյրան Ավագյանը մեզ դեռ երկուշաբթի էր հայտնել, որ նյութեր է նախապատրաստում եւ մամուլի ասուլիս է հրավիրելու այդ օրը կամ ամենաուշը՝ երեքշաբթի, նա շարունակում է լռել: Գուցե այնուամենայնիվ չի՞ ցանկանում խարխլել ներքաղաքական կայունությունը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել