Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ

Հունիս 04,2003 00:00

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ Երեկվա դրությամբ արդեն պատրաստ են թիվ 3, 16, 18, 20, 31, 33, 44 եւ այլ ընտրատարածքներին վերաբերող բողոքները, որոնք առաջիկա օրերին կհանձնվեն ՀՀ Սահմանադրական դատարանին: Հիշյալ ընտրատարածքներից մայիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու են համապատասխանաբար Ղուկաս Ուլիխանյանը, Շավարշ Քոչարյանը, Սուրեն Աբրահամյանը, Մյասնիկ Մալխասյանը, Խորեն Սարգսյանը, Ենոք Ավետիսյանն ու Արմեն Դանիելյանը: Ի դեպ, պարզ թվաբանությունը հուշում է, որ ավելի դյուրին է թվարկել այն ընտրատարածքները, որտեղ տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ բողոքարկման խնդիր չկա, քան հակառակն անել: Իսկ դրանք մասնավորապես՝ 7, 8, 10, 14, 15, 19, 21, 24, 27, 28, 36, 38, 39, 40, 42 ընտրատարածքներն են, որտեղ բողոքարկումներ չկան: Երեւանում գործում է միասնական կենտրոն, որտեղ կուտակվում են ՍԴ-ին դիմելիք ՀՀ գրեթե բոլոր ընտրատարածքներից եկող բողոքները: Այստեղ, ի դեպ, կարծիք հայտնեցին, թե ՀՀ-ում նորմալ ընտրություններ կազմակերպելը Ռոբերտ Քոչարյանի սուրբ պարտականություններից մեկն էր, ինչը նա այդպես էլ չցանկացավ կամ չկարողացավ անել: Բնական է, որ բացի ընդդիմությունից, ՀՅԴ-ն էլ որոշակի շահեր ունի եւ աջակցելու է առանձին ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների բողոքարկումներին: Այսպես. թիվ 12-ում նա պաշտպանում է Վերսանդիկ Հակոբյանի, 30-ում՝ Արծվիկ Մինասյանի, 38-ում՝ Մարտուն Մաթեւոսյանի, 50-ում՝ Կարապետ Ներսիսյանի, 56-ում՝ Հակոբ Մաթիլյանի բողոքարկումը: Բողոքարկման ենթակա ընտրատարածքներում տեղի ունեցած օրինախախտումները՝ իրենց բնույթով կամ ընտրախախտումների տեխնոլոգիայով, ըստ էության, չեն տարբերվել ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումներից՝ սկսած թեկնածուների վստահված անձանց ու շտաբի պետերին, ակտիվիստներին ընտրատարածքից դուրս քշելու կամ ձերբակալելու տխուր ավանդույթից, վերջացրած ընտրակաշառքներ բաժանելով, քվեաթերթիկների հավելյալ տպաքանակ թողարկելով եւ այլն: Դրանց մենք դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ հավելենք, որ ընտրակեղծիքների ու օրինախախտումների ձեռագրերը նույնն են եղել՝ ընդհանուր բնույթ են կրել ողջ հանրապետության մասշտաբով, սակայն առանձին համայնքներում կամ մարզերում տեղայնացվել են: Օրինակ՝ Նոր Նորքի թիվ 2 եւ 3 ընտրատարածքներում ընտրակեղծիքների ձեռագիրը նույնն է եղել, Էրեբունիի 2 ընտրատարածքներում՝ այլ: Նշենք, որ ՍԴ ներկայացվելիք բողոքներ ի մեծ մասն, ի դեպ, գրանցված է նաեւ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելության նախնական եզրակացությունում: Այսպես, Նոր Նորքի թիվ 3 ընտրատարածքում, «քվեարկության օրը կնիքների ծրարը բացելուց հետո մի քանի տեղամասերում արձանագրվել են կնիքների թաց՝ թարմ օգտագործված լինելու փաստեր: Թիվ 0066/03 տեղամասին հատկացված քվեաթերթիկների քանակը պակաս է եղել տեղամասի ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թվից: Քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թիվ 0050, 0052, 0055, 0059, 0060, 0065, 0068, 0070 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեն ամփոփվել, ինչի մասին հանձնաժողովի նախագահը հատուկ կարծիք է ներկայացրել: Թիվ 0046, 0047, 0051, 0054, 0056, 0057, 0062, 0063, 0064 ընտրատեղամասերից ընտրական փաստաթղթերով պարկերը բերվել են բաց վիճակում՝ զմռսված չեն եղել: Կա համապատասխան արձանագրություն»: Թիվ 33 ընտրատարածքի տեղամասերից մեկում այնքան են քվեաթերթիկները լցոնել, որ ժ. 18-ից հետո դրանք վերջացել են ու հանրաքվեի քվեաթերթիկներն են տրվել ընտրողներին՝ առաջարկելով իրենց ընտրյալ թեկնածուի անունը գրել այդ քվեաթերթիկի վրա: Նույն ընտրատարածքի մի քանի տեղամասերում էլ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 100 տոկոս: Այդ ընտրատարածքի թիվ 0917 տեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահը գիշերվա ժ. 5-ին հավաքել է հանձնաժողովի անդամներին եւ արձանագրություն կազմել, որ կնիքն իր գրպանում է մնացել, փոխանակ՝ չհրկիզվող պահարանում լիներ, ու կնիքի ծրարը գրպանում պատռվել է: Հանձնաժողովն արձանագրել է, որ կնիքի ծրարը բացվել է: Չգիտես որտեղից մեկ այլ կնիք է հայտնվել, ու հանձնաժողովը սկսել է աշխատել դրանով՝ խախտելով «Ընտրական օրենսգրքի» 49 հոդվածի 10-րդ կետը: «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունն էր նաեւ արձանագրել, որ Եղվարդի 1305/44-ում ՏԸՀ նախագահի հրահանգով հանձնաժողովի անդամներից մեկը հուշել է ընտրողներին, թե որ կուսակցության եւ թեկնածուի օգտին քվեարկեն: Քվեարկությունից հետո էլ բաց քվեաթերթիկները եւս մեկ անգամ դիտարկվել են հանձնաժողովի անդամի կողմից, ինչից հետո միայն գցվել են քվեատուփ: Չհրկիզվող պահարանները տեղամասային կենտրոններում չեն գտնվել Աշտարակի 0428/20, 0497/20, Եղվարդի 1308/44 ընտրատեղամասերում: Կոտայքի մարզի 1308/44-ում դիտորդների համառ պահանջով չհրկիզվող պահարանը տեղամասային կենտրոն բերելուց հետո հայտնաբերվել է, որ նախորդ օրը փաթեթավորված քվեաթերթիկների յուրաքանչյուր տրցակում 10-ական քվեաթերթիկ պակաս է: Ձայների հաշվարկի ժամանակ, սակայն, քվեաթերթիկների պակաս չի արձանագրվել, եւ որոշ քվեաթերթիկներ այլ գույնի կնիքով են կնքված եղել: Աշտարակի թիվ 0492/20-ի մերձակայքում մրցակցող թեկնածու Լյովա Խաչատրյանի անունից դրամով ընտրակաշառք է բաժանվել քվեարկողներին, ինչը նկատվել է եւ արձանագրվել դիտորդների ու վստահված անձանց կողմից: Ոստիկանությանը ահազանգելուց հետո՝ կաշառատուներին բերման են ենթարկել ոստիկանատուն: Սրանք մատնանշված եւ բողոքարկվող ընտրատարածքներում տեղի ունեցած օրինախախտումների չնչին մասն են: Առաջիկայում բոլոր խախտումները կներկայացվեն ՍԴ-ին ու նաեւ Եվրոպական դատարան, եթե ՍԴ-ն դրանց համարժեք գնահատական չտա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել