Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉՓՈԽՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 04,2003 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՉՓՈԽՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների տեսակետներն այդ հարցում տեղ-տեղ համընկնում են ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ՝ սահմանադրական հանրաքվեն դրական ավարտ չունեցավ, որովհետեւ չծավալվեց իսկապես լավ քարոզչություն. «անհրաժեշտ էր, որ քաղաքական ուժերը ծավալեին քարոզչություն եւ հասարակությանը ներկայացնեին, թե ինչ խնդիրներ են արծարծված եւ ինչպես պիտի դրանք լուծվեն։ Հետաքրքիր դիտարկում կարելի է անել՝ քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում կողմ քվեարկեցին հանրաքվեին, սահմանադրական փոփոխություններին, բավականին պասիվ էին քարոզչության ժամանակ, անգամ կային քաղաքական ուժեր, որոնք հետո հայտարարեցին, որ չեն էլ պաշտպանում այդ փոփոխությունները։ Ես կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը, թերեւս, առավելագույնն արեց հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների ընդունման համար, ավելին՝ քան այլ կուսակցություններ արեցին։ Բայց, բնականաբար, անհրաժեշտ էր, որ դա արվեր շատ ավելի կազմակերպված եւ շատ ավելի ակտիվ, որ ի վերջո մարդիկ հասկանային, թե ինչի՞ համար են իրենք քվեարկելու, ի՞նչ է տալու դա երկրին եւ իրենց։ Իսկ որ փոփոխությունների փաթեթում էական եւ օգտակար շատ բան կար, կարծում եմ, սա ակնհայտ է, ուղղակի այդ նախագիծը դարձավ խորհրդարանական ընտրությունների քաղաքական պայքարի զոհ»։ Պրն Թորոսյանը հաստատեց, որ սահմանադրական փոփոխությունները կրկին կբերվեն խորհրդարան, նոր քննարկումներ կլինեն եւ կլինի նոր հանրաքվե. «ըստ էության, այժմ զրոյական վիճակում ենք գտնվում, ե՞րբ կլինի, ինչպե՞ս, թերեւս, պարզ կլինի այս «ներքին» ընտրությունների ավարտից հետո, որովհետեւ, ի վերջո, բացի դրանից՝ կան չափազանց լուրջ խնդիրներ խորհրդարանի առջեւ ծառացած՝ ե՛ւ պարտավորությունների հետ կապված, ե՛ւ ներքին հարցերին վերաբերող։ Աշնանը, թերեւս, հնարավոր կլինի կողմնորոշվել։ Բայց, մեկ բան ակնհայտ է՝ դժվար թե մեկ տարուց ավելի շուտ նոր հանրաքվե լինի»։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի առաջնորդ Ալբերտ Բազեյանի գնահատմամբ՝ սահմանադրական հանրաքվեն չանցավ, որովհետեւ առաջարկվող փոփոխությունները լիարժեք ներկայացված չէին, հասարակությունը տեղյակ չէր, թե ինչպիսի փոփոխություններ են իրականացվելու, քաղաքական ուժերի գնահատականները եւս հուսադրող չէին. «Արդարություն» դաշինքը դեմ էր այդ փոփոխություններին մի քանի պատճառներով, նախ՝ մենք գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները չեն լուծում մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները։ Բացի այդ, կային իրավաբանական որոշ խրթին ձեւակերպումներ, անգամ կային շատ վտանգավոր հոդվածներ։ Մենք մեր քարոզարշավի ընթացքում, բնականաբար, քարոզել ենք, որպեսզի հասարակությունը դեմ քվեարկի այդ փոփոխություններին։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Սահմանադրությունը բազմիցս խախտած Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի երկրի Հիմնական օրենքը փոխելու։ Իհարկե, բարեփոխումներ անհրաժեշտ են, բայց ո՛չ այսպիսի մեթոդներով եւ ո՛չ այսպիսի ձեւով»։ Իշխանամետ քաղաքական ուժերի պահվածքին անդրադառնալով, պրն Բազեյանը նկատեց, որ նրանք հիմնականում իրենց ամբողջ ներուժն օգտագործեցին սեփական խնդիրները լուծելու եւ իրենց քվեն ապահովելու համար. «կային ուժեր, որ տատանողական վիճակի մեջ էին՝ ճիշտ է, մենք կողմ չենք այսպիսի փոփոխություններին, բայց, այնուամենայնիվ, սա մեկ քայլ առաջընթաց ենք համարում։ Կային ուժեր, որոնք վերակողմնորոշվեցին, հակասական դիրքորոշում էին արտահայտում։ «ՕԵ»-ի մի ներկայացուցիչ հայտարարում էր, որ իրենք կողմ են այդ փոփոխություններին, մյուսը հայտարարում էր, որ դեմ են»։ Ալբերտ Բազեյանի գնահատմամբ, եթե անցկացվեր արդար քվեարկություն, ոչ միայն սահմանադրական փոփոխությունները չէին անցնելու, այլեւ իշխանական կուսակցությունները չէին ստանալու այն տոկոսները, որոնք հռչակվեցին։ «Հանրապետության» առաջնորդը կրկնեց, որ սահմանադրական բարեփոխումներ պետք են մեր երկրին, բայց դրանք պետք է իրականացվեն քաղաքական համաձայնության եւ քաղաքացիական համերաշխության պայմաններում. «եւ շատ ցանկալի կլինի, որ դրանք իրականացվեն քաղաքական ուժերի փոխադարձ համաձայնությամբ եւ ոչ թե այդ փոփոխությունները ծառայեցվեն այս կամ այն իշխանավորի առջեւ ծառացած իրավիճակային խնդիրների լուծման նպատակին։ Ակնհայտ է, որ որոշ փոփոխություններ իրականացվում էին զուտ Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ։ Մարդն իրականացրել է քայլեր, որոնք լիազորված չէ իրականացնել գործող Սահմանադրությամբ, այսինքն՝ խախտել է Սահմանադրությունը, եւ այսօր որոշակի փոփոխություններ էին արվում, որպեսզի նույն քայլերն իրագործի արդեն Սահմանադրությամբ լիազորված»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել