ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻՑ Երեկ աշխարհում առաջին անգամ նշվեց ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության, ոչ թե Միացյալ աշխատավորական կուսակցության) խաղաղապահների միջազգային օրը։ Հայաստանում այն նշվեց ՄԱԿ-ի գրասենյակում, միջոցառման կազմակերպիչը հանրային տեղեկատվության վարչությունն էր։ Ողջույնի խոսքում, ՄԱԿ-ի համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լլոյդ Դեյկինը նշեց, որ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ գումարտակը իր պատմության մեջ առաջին անգամ կիրականացնի խաղաղապահ առաքելություն՝ Կոսովոյի երկրամասում։ 2003-ի ամռանը գումարտակը կմասնակցի նաեւ Հայաստանում կայանալիք «Համատեղ լավագույն ջանք» զորավարժությանը։ «Խաղաղապահներն իրենց առաքելությունը սկսել են 55 տարի առաջ։ Առաքելություն, որն աննախադեպ էր. դիմագրավել ու չեզոքացնել վատը մարդու մեջ՝ փոխարինելով այն լավագույն հատկություններով։ Այսօր ՄԱԿ-ի մոտ 37 հազար խաղաղապահ զինվոր է ներգրավված 4 առաքելություններում։ Նրանք ներկայացնում են 89 երկրներ։ Այդ կես դարի ընթացքում զոհվել է ավելի քան 1800 խաղաղապահ զինվոր»,- նշված է օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ուղերձում։ Միջոցառմանը ներկա ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Միքայել Մելքոնյանը նկատեց, որ «Հայաստանի համար խաղաղության արժեքն այլ նշանակություն ունի։ Որպես անկախությունն արյունով ձեռք բերած արժեք, որը բազմահազար անմեղ կյանքեր արժեցավ»։ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Գյումրիի Բայրոնի անվան դպրոցում իրականացնում է «Խաղաղության ուսուցում եւ հակամարտությունների հաղթահարում Գյումրիի դպրոցներում» ծրագիրը։ Ինչպես պատմեցին դպրոցի աշակերտները՝ «Տեսական գիտելիքների շնորհիվ մենք լուծեցինք նաեւ «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը» պատմություններում տեղ գտած կոնֆլիկտները»։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ