Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքը թանկանում է

Հունիս 03,2003 00:00

Անշարժ գույքը թանկանում է Գույքահարկի մասին օրենքի ընդունումից հետո կառավարությունը ձեռնամուխ է եղել դրա կիրարկումն ապահովող նորմատիվ ակտերի ընդունմանը։ Կառավարության երեկվա նիստում սահմանվել են անավարտ շինությունների «ավարտվածության աստիճանները»՝ մինչեւ 50%, մինչեւ 80% եւ ավելի։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այսպիսի շինությունների գրանցման հարցում դժվարություններ ուներ, քանի դեռ չանջատեց գույքի առաջացումը գույքի շահագործումից, որի պարագայում սեփականատիրոջը ձեռնտու է դառնում շինությունը գրանցելը եւ վկայական ստանալը։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ներկայացմամբ, Հայաստանում այսօր կա շուրջ 80 հազար անավարտ շինություն, որի մոտ կեսը՝ Երեւանում։ Պարոն Վարդանյանի տպավորությամբ՝ անավարտ կառույցների ավարտին հասցնելու գործում մեծ նշանակություն ունեցավ այդ շինությունների վրա սեփականատիրոջ անունը փակցնելու՝ Երեւանի քաղաքապետի նախաձեռնությունը, որն սկսեց հանրապետության նախագահի առաջարկով։ Առայժմ չեն հաշվել, բայց պարոն Վարդանյանի կարծիքով, նման շինություններից գանձվելիք գույքահարկը «բավականին թիվ կկազմի», այնուամենայնիվ, «ֆինանսականը երկրորդական է, կարեւորը, որ ամեն մարդ իր գույքի համար վճարի»։ Մինչ այդ, հանրապետությունում ընթանում են անշարժ գույքի առաջին պետական գրանցումները՝ «հանրապետության 6 համայնքներում 80%-ով ավարտվում է այդ գործընթացը», որն իրականացվում է դրամաշնորհների հաշվին, սեփականատիրոջ համար անվճար։ Առայժմ շուրջ 1 մլն սեփականության վկայական է բաժանված, 750 հազարը՝ անվճար (որպես առաջին գրանցում)։ Անվճար վկայականների տրամադրումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2005թ.։ Կոմիտեի նախագահի դիտարկումներով, ընտրությունները էական ազդեցություն չունեցան անշարժ գույքի շուկայի վրա, չնայած «պակասեց գործարքների թիվը, արժեքը չնվազեց։ Նվազեց սակայն գների աճի տոկոսը։ Եթե մինչ ընտրությունները անշարժ գույքի գներն աճում էին 2-3 տոկոսով, ապա փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ընդամենը 0,5- 1,3%-ով»։ Ի դեպ, գների աճ է նկատվում ոչ միայն Կենտրոնում եւ Արաբկիրում, այլ նաեւ ծայրամասերում, Նոր Նորքի զանգվածներում, Դավիթաշենում։ Մ. Վարդանյանի վերլուծությամբ, սկսում է որպես բիզնես ձեւավորվել նաեւ վարձակալությունը։ Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել