Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Հունիս 03,2003 00:00

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները։ Նախապես ծրագրված խաղացանկում տեղի ունեցած փոփոխությունները կապված էին Ազգային հավաքականի նախապատրաստական հավաքի հետ։ Մայիսի 30-ին Հանրապետական մարզադաշտում չեմպիոն «Փյունիկը» մրցեց Կապանի «Լեռնագործի» հետ։ «Փյունիկի» ֆուտբոլիստները արդեն առաջին խաղակեսում վճռեցին հանդիպման ելքը՝ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Նախ՝ թիմի ավագ Վարդան Մինասյանը խաղի 24-րդ րոպեին բացեց հաշիվը, ապա առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ Իսսա Տռաորեն կրկնապատկեց այն։ «Լեռնագործը» նույնպես կարող էր հաջողության հասնել առաջին 45 րոպեների ընթացքում շնորհիվ Ալեն Մովսիսյանի անհատական վարպետության, բայց կապանցիների հարձակվողը նույնիսկ դարպասապահ Ապուլլա Բետեին խաբս տալուց հետո հարվածեց ոչ դիպուկ՝ գնդակը հետ մղվեց դարպասի հորիզոնական ձողից։ Երկրորդ խաղակեսում նորից տարածքային եւ խաղային առավելությունը «Փյունիկի» կողմն էր։ Հանդիպման 63-րդ րոպեին, գեղեցիկ եռաքայլ կոմբինացիայից հետո Էդգար Մանուչարյանը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 3։0: Խաղավերջում հաշիվը կրճատել կարող էր նույն Ալեն Մովսիսյանը, բայց այս անգամ էլ «Լեռնագործի» հարձակվողի հարվածը բարձր ստացվեց։ Այսպիսով, «Փյունիկը» վաստակեց երեք միավոր, բայց շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում, քանի որ հերթական խաղում հաղթանակ տոնեց նաեւ առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը»։ Շիրակցիները ռեւանշի հասան «Միկայի» նկատմամբ, գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կրած պարտության դիմաց։ Իսկ գյումրեցիները հերթական անգամ աչքի ընկան իրենց կամային բարձր հատկանիշներով։ Առաջին խաղակեսում «Շիրակը» առաջ անցավ հաշվի մեջ՝ Արտյոմ Հակոբյանի 39-րդ րոպեին խփած գոլից հետո։ Երկրորդ կեսում «Միկան» ստացավ թվային առավելություն այն բանից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց «Շիրակի» պաշտպան Արտակ Ադամյանը։ Բայց դա ոչինչ չտվեց հյուրերին։ Ընդհակառակը, շիրակցիները համախմբվելով կարողացան ոչ միայն պահպանել հաղթական հաշիվը, այլ եւս մեկ անգամ հասնել հաջողության։ Խաղի 85-րդ րոպեին Արարատ Հարությունյանը, օգտվելով մրցակցի սխալից, վերջակետ դրեց հանդիպմանը, 2։0՝ հօգուտ «Շիրակի»։ Գավաթի եզրափակիչում անհաջողության մատնվելուց հետո, հաղթանակ տոնեց նաեւ Երեւանի «Բանանցը»։ Աշտարակի մարզադաշտում կայացած խաղում «Բանանցը» 3։1 հաշվով առավելության հասավ «Դինամո-2000» -ի նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց 7-րդ րոպեին։ Արա Հակոբյանի հարվածը 11 մետրանոցից հետ մղեց «Դինամո-2000»-ի դարպասապահ Մանվել Աֆրիկյանը, բայց Հակոբյանը երկրորդ հարվածով գնդակն ուղարկեց դարպասից ներս։ 10 րոպե անց բացառիկ գոլի հեղինակ դարձավ Արամ Հակոբյանը, որը մոտ 30 մետրից շեշտակի հարվածով գնդակը մխրճեց «Դինամո-2000»-ի դարպասի վերին իննյակը։ Դինամոյականները միայն երկրորդ կեսում կարողացան եզակի հակագրոհներից մեկի ժամանակ կրճատել հաշվի տարբերությունը։ Արդյունավետ հարվածի հեղինակը Գարիկ Սուքիասյանն էր։ Բայց, այնուամենայնիվ, «Բանանցը» հաղթեց երկու գնդակի տարբերությամբ։ Խաղավարտից 15 րոպե առաջ Արա Հակոբյանը խփեց իր երկրորդ եւ «Բանանցի» երրորդ գոլը այս խաղում։ Ի դեպ, այս խաղում «Բանանցի» պահեստայինների նստարանից թիմի գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Զանազանյանը, որի վերադարձը մարզչական գործին՝ հաջողություն բերեց թիմին։ Եվ, վերջապես, տուրի «Կոտայք» – «Արաքս» խաղում տանտերերը հաղթանակ տարան շնորհիվ Արթուր Քոչարյանի խփած երկու գոլերի՝ հանդիպման 15-րդ եւ 25-րդ րոպեներին։ ՄՐՑԱԱՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ 6-ՐԴ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ Խ Հ Ո Պ Գ Մ Շիրակ 6 5 0 1 11-3 15 Փյունիկ 6 4 2 0 19-2 14 Կոտայք 6 4 1 1 7-4 13 Բանանց 6 3 1 2 8-4 10 Միկա 6 3 0 3 10-7 9 Լեռնագործ 6 2 0 4 8-11 6 Դին.-2000 6 1 0 5 6-12 3 Արաքս 6 0 0 6 1-26 0 Ռմբարկուներ Արամ Ոսկանյան («Միկա») – 5։ Արթուր Քոչարյան («Կոտայք») -4, Հակոբ Մամուլյան («Լեռնագործ»), Ալեն Մովսիսյան («Լեռնագործ»), Լեւոն Փաչաջյան («Փյունիկ»), Իսսա Տրաոռե («Փյունիկ»), Արա Հակոբյան («Բանանց»), Արամ Հակոբյան («Բանանց»), Արարատ Հարությունյան («Շիրակ») – 3։ ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել