Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթ դեպի Ս. Էջմիածին

Հունիս 03,2003 00:00

Քայլերթ դեպի Ս. Էջմիածին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Տաճարի հիմնադրման 1700-ամյակի կապակցությամբ 2003թ.172ն հռչակել է ուխտի տարի: Մայր Աթոռ ուխտի են գալիս Հայ Առաքելական եկեղեցու բոլոր թեմերը: Հունիսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի շուրջ տասը հազար հավատացյալներ Մայր Տաճարում մասնակցեցին ուխտի պատարագի: Սուրբ Հռիփսիմյանց վանքից ուխտավորները թմբկահարների ուղեկցությամբ քայլերթով հասան Մայր Տաճար, որտեղ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը մատուցեց սուրբ պատարագ: «Այս պահին ամեն մեկս ուխտի մեր սպասումն ունենք։ Աստված ի կատար անի ուխտը ամենքիս, իրականացնի բոլորիս երազները, համակի բարի մղումներով։ Ապրենք նոր ձգտումներով, որպեսզի Աստծո լուսեղ տաճարի մեջ յուղասպառ կանթեղ չդառնանք, որպեսզի մեր հոգին չդառնա հին բույն, որտեղ ոչ մի թռչուն գարուն չի բերում։ Ուրեմն այս ուխտով թող գարնանա մեր կյանքը, թող բորբոքվի մեր հոգու կանթեղը աստվածային սիրով առլեցուն»,- նշեց սրբազանն իր քարոզում: Հունիսի 1-ի օրվա առթիվ Նավասարդ սրբազանը օրհնություն հղեց երեխաներին: Քայլերթին մասնակցեցին ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ, համայնքապետերը, Ազգային Ակադեմիայի նախագահության անդամները, բուհերի ռեկտորներ, մտավորականներ, ուսանողներ եւ այլ հավատացյալներ: Վեհափառ Հայրապետի հանդիսապետած սրբազան արարողությանը ներկա էին բարձրաստիճան հոգեւորականներ, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամներ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին՝ պատվիրակության հետ: Ս. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետը Վեհարանում ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի ուխտավորներին: Թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանին Վեհափառ Հայրապետը շնորհեց մարմարյա հուշանվեր՝ Մայր Տաճարի փորագրությամբ: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել