Ո՞ՒՐ ԿՀԱՆԳՐՎԱՆԻ ԵԿԱՏԵՐԻՆԱՆ Հայաստանի Ազգային պատկերասրահից Եկատերինա Մեծի քանդակի հանձնումը Մոսկվային լուրջ սկանդալ է խոստանում: Օրերս միանգամից մի քանի լրատվական գործակալություններ տեղեկատվություն տարածեցին ականավոր ռուս քանդակագործ Ալեքսանդր Օպեկուշինի (Մոսկվայում տեղադրված Պուշկինի արձանի հեղինակը) կերտած Եկատերինա Մեծի մարմարյա արձանի՝ Մոսկվային հանձնելու հայկական կողմի մտադրության մասին։ Հիշեցնենք, որ այն այժմ պատկանում է Հայաստանի Ազգային պատկերասրահին։ «Ռոսբալթ» լրատվական գործակալությունն էլ տեղեկացրել է, որ «Մոսկվայի հարցմանն ի պատասխան, Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է, որ հայկական կողմը պատրաստ է հանձնել արձանը եւ ընդամենը քննարկվում են որոշ կազմակերպչական հարցեր՝ կապված արձանի Ռուսաստան տեղափոխելու հետ»։ Այս լուրը շոկի մեջ էր գցել Ազգային պատկերասրահի տնօրինությանը։ Տնօրեն Փարավոն Միրզոյանը, որը հրաժարվեց ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ տալ, եւս քանդակի հանձնման մասին տեղեկացել էր մամուլից։ Հետաքրքիր է, որ նման նվիրատվություն կատարել հնարավոր չէ Թանգարանների միջազգային խորհրդի մասնագիտական էթիկայի կանոնագրքի համաձայն։ Այդ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Ցանկացած տիպի օտարման ժամանակ, լինի նվիրատվություն, փոխանակություն, վաճառք կամ դուրսգրում, պահանջվում է ֆոնդերի հանձնաժողովի եւ բարձրակարգ անկախ փորձագետների գնահատական-եզրակացությունը»։ Նույն փաստաթղթում նաեւ նշված է, որ «եթե անգամ ունեցվածքի օտարման իրավական հիմքեր կան, թանգարանը չի կարող ազատորեն օտարել այն նմուշները, որոնք ստացվել են այլ աղբյուրների ֆինանսավորման շնորհիվ (հասարակական կամ անհատական գումարային ներդրումներ) կամ, եթե դրանք հանդիսանում են կոնկրետ անհատների նվիրատվություն։ Դրանց օտարման համար անպայման պետք է լինի նվիրատուի կամ այն կազմակերպության համաձայնությունը, որի շնորհիվ ձեռք է բերվել ցուցանմուշը»։ Եկատերինայի արձանի պարագայում նման բան չկա, որովհետեւ քանդակը հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովի նվերն է Ազգային պատկերասրահին, այն 1952 թվականից այդպես էլ գրանցված է թանգարանի գույքամատյանում։ Ա. Օպեկուշինի այս աշխատանքը հետաքրքիր ճակատագիր է ունեցել։ Մինչ հեղափոխությունը Եկատերինայի արձանը զարդարում էր Մոսկվայի քաղաքային դուման: Կոմունիստական իշխանությունները արձանը ապամոնտաժել էին եւ հանձնել Ս. Մերկուրովին իբրեւ հումք՝ կիսանդրիների (հավանաբար կոմկուսի առաջնորդների) պատրաստման համար։ Քանդակագործը, սակայն, չի կարողացել ձեռք բարձրացնել այս գլուխգործոցի վրա եւ 1952-ին Եկատերինային բերել է Երեւան։ Ի դեպ, Ս. Մերկուրովը ծնունդով գյումրեցի է, Հայաստանում նա մի քանի քանդակի, այդ թվում նաեւ Երեւանի Լենինի հրապարակի համանուն արձանի հեղինակն է։ Հայաստանի Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանը հիշում է, որ 50-ականները Հայաստանի համար ծանր տարիներ էին. «Պատկերասրահի աշխատակիցները ջանք չեն խնայել արձանը պահպանելու համար։ Նրանք արքայական մեծությանը ծածկել են ավազով ու թաքցրել հրշեջ պահակակետի տակ։ Միայն 1976-ին են կայսրուհուն գաղտնարանից ազատ արձակել եւ կանգնեցրել պատկերասրահի բակում, որովհետեւ ներսում հնարավոր չէր տեղադրել՝ ծավալի պատճառով (արձանը կշռում է մոտ 3 տոննա)։ Բացի այդ, ռուսական արվեստի բաժինը գտնվում է 7-րդ հարկում։ Միայն անցյալ տարի է հաջողվել Եկատերինա Մեծին տեղադրել թանգարանի ճեմասրահում եւ թվում էր, թե բազմաչարչար քանդակը վերջապես գտել է իր վերջնական հանգրվանը»։ Փորձեցինք պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից։ Մամլո պատասխանատու Անահիտ Եսայանը փոխանցեց քաղաքապետի հետեւյալ խոսքերը. «Երբ Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովը հունվարի կեսերին Երեւանում էր, արձանը ՌԴ մայրաքաղաք վերադարձնելու խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահին։ Ռ. Քոչարյանն էլ իր հերթին հանդիպմանը ներկա քաղաքապետ Ռ. Նազարյանին է հանձնարարել զբաղվել այս խնդրով։ Քաղաքապետարանն էլ գործին ընթացք է տվել եւ Մոսկվայի մասնագետներին հրավիրել է Երեւան՝ արձանի տեղափոխման հարցերը լուծելու համար»։ Ա. Եսայանը պնդում է, որ այս ամենին տեղյակ է նաեւ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Արդյունքում ստեղծվել է խճճված մի պատմություն. քաղաքական գործիչները միանձնյա որոշում են ազգային հարստության հարցերը եւ սա միակ դեպքը չէ։ Տարիներ առաջ էլ Հայաստանը Գերմանիային հանձնեց 1945թ. Հայաստան բերված հազվագյուտ նմուշները։ Մասնագետների կարծիքով, այս գործարքն էլ բավարար իրավական հիմնավորվածություն չուներ։ Մինչդեռ, երբ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարը փորձեց նման մի քայլ անել՝ խոստանալով նույն Գերմանիային հանձնել Բոլդինյան հավաքածուն, նրան շատ կտրուկ ձեւով կանխեցին։ Իսկ ի՞նչ կլինի մեզ մոտ՝ Հայաստանում։ ԿԱՐԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը արձանի հանձնման վերաբերյալ պարզաբանեց. «Մինչեւ չլինի կառավարության որոշում, մենք արձանը որեւէ մեկին չենք կարող տրամադրել։ Առայժմ նման որոշում ինձ հայտնի չէ։ Բացի այդ, ես՝ իբրեւ Ազգային պատկերասրահի տնօրեն, ենթարկվում եմ միայն թանգարանային օրենքներին՝ առաջնորդվում Թանգարանների միջազգայի խորհրդի մասնագիտական վարքագծի կանոնակարգով»։ Մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը եւս արձանի հանձնման մասին տեղեկացել էր մամուլից. «Ես ոչնչից տեղյակ չեմ։ Հարցրեք քաղաքապետարանից, որովհետեւ մամուլում նշված է, թե քաղաքապետարանը տվել է իր համաձայնությունը։ Աշխարհում ընդունված է, որ պետությունները կարող են մշակութային արժեքներ փոխանակել կամ հանձնել։ Դա միջազգային կոնվենցիաների խնդիր է եւ բարեխիղճ տիրապետողը (տվյալ դեպքում՝ պետությունը) իր ցանկությամբ կարող է հանձնել կամ չհանձնել թանգարանային նմուշը։ Ռուսաստանի օրենքով, եթե արձանը 20 տարի մնացել է որեւէ երկրում, ուրեմն արդեն տվյալ երկրի սեփականությունը կարող է համարվել։ Իսկ միջազգային կոնվենցիայով այդ ժամկետը 75 տարի է։ Եկատերինայի արձանի դեպքում 75 տարին դեռ չի լրացել»։ Նրա հավաստմամբ, նախարար Ռոլանդ Շառոյանն էլ տեղյակ չէր խնդրին։ Ըստ Կ. Արիստակեսյանի, կառավարությունը լիազորել է մշակույթի նախարարությանը՝ մշակութային արժեքներով զբաղվելու իրավասությամբ (փոխանակում, նվիրատվություն, ամրացում եւ այլն)։ Զարմանալի է, թե ի՞նչ կապ ունի քաղաքապետարանը Ազգային պատկերասրահի հետ։