Լրահոս
Օրվա լրահոսը

Համամասնականիարդյունքները կասկածելի են

Հունիս 03,2003 00:00

Համամասնականիարդյունքները կասկածելի են Կեղծելու հնարավորությունն ավելացավ վեց անգամ Մայիսի 25-ի ընտրություններից երեք օր անց Լոռու մարզային պաշտոնաթերթը տեղեկացրել է, որ Լոռու մարզում Հանրապետական կուսակցությունը հավաքել է 31047, «Օրինաց երկիրը»՝ 21606, «Արդարություն» դաշինքը՝ 16148, ՀՅԴ-ն՝ 11370, ՄԱԿ-ը՝ 9874, «Ազգային միաբանությունը»՝ 7439 ձայն: Դրա համար նախ անհրաժեշտ է ներկայացնել մարզի 6 ընտրատարածքների արդյունքները. եթե դրանք հայտնի չեն /կամ՝ գաղտնի են պահվում/, ինչպե՞ս է ամբողջական պատկերը հայտնի: Չէ՞ որ մարզային ընտրական հանձնաժողովները լուծարվել են՝ տեղը զիջելով ընտրատարածքային հանձնաժողովներին: Միգուցե ԿԸՀ-ն հատուկ որոշու՞մ է ուղարկել՝ «ԿԸՀ-ից հատուկ Լոռու մարզի համար» նշումով: Փորձեցինք առավել մանրամասն տեղեկություններ ստանալ ՀԺԿ Վանաձորի գրասենյակից /որը միաժամանակ «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբն է/։ Այնտեղից էլ մայիսի 30-ին հայտնեցին, որ ընտրատարածքների ամբողջական տվյալները դեռ հայտնի չեն, բացի թիվ 36-ից: Այդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Վանաձորի մի հատվածը, եւ որտեղ մեծամասնական ընտրակարգով հաղթել է Վիկտոր Դալլաքյանը, «Արդարություն» դաշինքը 1-ին տեղում է /3830 ձայն/, «Օրինաց երկիրը»՝ 2-րդ /2590 ձայն/, «Հանրապետականը»՝ 2429 ձայնով 3-րդ տեղում, որից հետո գալիս են՝ «Ազգային միաբանությունը»՝ 1652 ձայն, ՀՅԴ-ն՝ 1363, ՄԱԿ-ը՝ 1337: ՀԺԿ Վանաձորի տարածքային կազմակերպության քարտուղար Ֆրունզե Թադեւոսյանը դժգոհեց Լոռու մարզի թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդիկ Հարոյանից՝ վերջինիս մեղադրելով տեղամասերի արդյունքները հայտնելը ձգձգելու մեջ: Կարծում ենք, մարզի կտրվածքով հաշվարկները շատ ավելի արագ ու պարզ մեխանիզմով կկատարվեին, եթե մարզային հանձնաժողովները չլուծարվեին՝ տեղը զիջելով ընտրատարածքային մի քանի հանձնաժողովների: Եթե մարզերը դեռ չեն մասնատվել շրջանների, ի՞նչ իմաստ ուներ դեռ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին մարզային հանձնաժողովները, որոնք արդեն կայացած կառույցներ էին, լուծարելը: Տվյալ դեպքում, եթե հաշվի առնենք, որ Լոռու մարզային մեկ հանձնաժողովը լուծարվելուց հետո ստեղծվել են վեց ընտրատարածքային հանձնաժողովներ (մեկը՝ Ալավերդիում, մեկը՝ Տաշիրում, մնացածը՝ Վանաձորում), ապա դժվար չէ պատկերացնել, որ բյուրոկրատական քաշքշուկը արդյունքներ հաշվարկելիս, ինչպես նաեւ՝ ավելորդ թղթաբանությունը եւ բյուջետային կամ արտաբյուջետային ծախսերը առնվազն վեց անգամ ավելացած կլինեն եւ, թերեւս, նույնքան անգամ էլ ավելացած՝ կեղծելու հնարավորությունները: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել