«ՍՈՒԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳ ՄԱՍԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ Է» Երեկ դպրոցների շրջանավարտները հանձնեցին հայոց լեզվի քննությունը: Նույնն արեցին նաեւ մեդալակիրները 2002-2003 ուստարվա 49 հազար շրջանավարտներից մեդալի համար քննություն հանձնելու նախնական դիմում է ներկայացրել 447-ը: Դիմումների հիմքերը (8-րդ դասարանի հատուկ նմուշի՝ գերազանցության վկայականի, 9-10-րդ դասարաններում բացառապես տարեկան «5» գնահատականի առկայություն) ստուգելուց հետո, սակայն, դրանց թիվը իջել է 329-ի: Հետագայում թիվը նորից նվազեց. շրջանավարտները ուշացումով գիտակցել էին «պահի լրջությունը»: Մայիսի 31-ի դրությամբ մեդալի հավակնում էր արդեն 267 հոգի, իսկ կիրակի՝ հունիսի մեկին, մեդալակիրների՝ կենտրոնացված համակարգով անցկացվող առաջին քննությանը ներկայացել էին 204-ը, անցյալ տարվա 368-ի դիմաց: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, նշելով, որ 204-ը «նորմալ չափանիշ է մեր հանրապետության համար՝ կապված նաեւ շրջանավարտների թվի հետ», թվի նման նվազեցման պատճառը համարում է այն, որ մեդալի հավակնորդների դաշտը որոշ չափով հավասարեցվել է սովորական դիմորդների դաշտին: Այսինքն՝ բացի իրենց 2 քննությունից, նրանք պետք է հանձնեն նաեւ բուհի առաջարկած երրորդը՝ իրենց ընտրած մասնագիտությանը համապատասխան: «Սա աստիճանական այն քայլն է, որով, ի վերջո, պետք է գնանք արտոնությունների վերացմանը: Երեւի ճիշտ չէ, երբ արտոնության սիստեմը կա, ավելի լավ է՝ նույն հաշմանդամ երեխաների համար պետությունը գումար դնի եւ փոխհատուցի, քան, ասենք, կատեգորիաները բերեն արտոնությունների ձեւի»: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի էր նախարարը դեմ մեդալակիրների համար նախատեսվող արտոնություններին, սակայն դպրոցի ուսուցիչները խնդրի շուրջ համակարծիք չեն գտնվել եւ բաժանվել են 2 մասի: Արտոնությունների կողմնակիցներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են այսպես. «քանի որ դպրոցն արդեն թուլացած է, նման արտոնության վերացումը կարող է ավելի թուլացնել այն»: Եվս մի մտահոգիչ հանգամանք՝ արդեն բուհերի համար. մեդալակիրների բացարձակ մեծամասնությունը ոչ թե ցրված մասնագիտությունների գծով էր բուհեր դիմում, այլ հիմնականում՝ տնտեսագիտության եւ իրավագիտության գծով, ինչը լարվածություն էր առաջացնում պետպատվերի համար՝ լրիվ փակելով մյուս դիմորդների՝ պետպատվերից օգտվելու հնարավորությունը: Այս հանգամանքներից ելնելով էլ կրթության ոլորտի պատասխանատուներն այս տարի գնացին միջանկյալ տարբերակով: «Մենք մշակել ենք բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունը, որտեղ ընդհանրապես հրաժարվում ենք արտոնություններից: Վերջիվերջո, մենք ծրագիր ունենք՝ մինչեւ 2005 թ. ընդհանրապես ընդունելության քննությունների համակարգը փոխել եւ անցնել այն սիստեմին, երբ երեխան մեկ քննությամբ՝ ավարտական եւ ընդունելության, կորոշի իր խնդիրը: Ճիշտ չէ, երբ աբիտուրիենտին 1-2 ամսվա ընթացքում 2 սթրեսային իրավիճակի առջեւ ենք կանգնեցնում»,- կարծում է ԿԳ նախարարը: Ինչ վերաբերում է կոնկրետ հայոց լեզվի քննությանը, ինչպես անցյալ, այս տարի եւս հարցաթերթիկները կազմվել են 2002 թ. շտեմարանից: Սակայն անցյալ տարվա համեմատությամբ, այս անգամ հարցաթերթիկներում մասնակի փոփոխություններ նկատվել են: Ըստ հայոց լեզվի առարկայական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ դոցենտ Լեւոն Հայրապետյանի, «տարբերությունները թեթեւակի են. անցյալ տարի տարբերակներում ունեինք երկրորդական նախադասության՝ դերբայական դարձվածի շարադասությանը վերաբերող վարժություններ: Դրանք այս տարի փոխարինվել են ժողովածուում զետեղված այլ հանձնարարություններով: Այս տարի ակնկալում ենք շրջանավարտների ավելի լավ արդյունքներ, քանի որ այս շտեմարանն արդեն մի քանի տարի է՝ գործածության մեջ է, եւ հանրությունը դրան լավ ծանոթ է»: Այս տարի եւս կա շարադրություն՝ ի տարբերություն բուհական ընդունելության տեստերի: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվանից այս կետը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց՝ կապված ստուգման ընթացքում հանձնաժողովի դրսեւորած սուբյեկտիվիզմի հետ: «Սուբյեկտիվության երանգ մասամբ հնարավոր է, որ լինի, բայց մենք աշխատում ենք դա հասցնել նվազագույնի, եւ մեկ հոգու կարծիքով չենք սահմանափակվելու»,- հավաստիացնում է Լ. Հայրապետյանը: Դա կերեւա հետագայում՝ բողոքարկումների արդյունքում: Հանձնաժողովի նախագահի կարծիքով, շարադրության կետը դպրոցական քննության մակարդակով լիովին արդարացված է, որովհետեւ «շրջանավարտը, որ 10 տարի սովորել է դպրոցում, երեւի պետք է կարողանա գոնե մեկ էջի սահմաններում գրագետ արտահայտվել: Շարադրությունների թեմաները շատ հասու են շրջանավարտներին, նաեւ՝ այդ թեմաներով իրենք դպրոցում գրել են՝ «Իմ ուսուցիչը», «Ծաղիկների աշխարհում», «Հայոց աշխարհ», «Հրաժեշտ դպրոցին»: Ի դեպ, այս թեմաներն էլ շտեմարաններից են վերցված, որեւէ այլ թեմայի նորամուծություն չկա: Իսկ սխալ են համարվում միայն ոչ հայերեն նախադասությունները կամ ակնհայտ ուղղագրական, կետադրական, ոճական սխալները: Ոչ մի կամայականություն շարադրության հարցում չի լինի»,- վստահեցնում է Լ. Հայրապետյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ մեդալի 204 թեկնածուներից 130-ը ստացել են 19 եւ 20 միավորներ: 19-ը եւս համարվում է անցողիկ միավոր: ԼՂՀ-ի երկու շրջանավարտներն էլ վաստակել են 20 միավոր: Իսկ ժամը 18-ի դրությամբ բողոքարկվում էր արդեն 30 աշխատանք: