Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Սիմոնյանը «տանիք» էր փնտրում

Հունիս 03,2003 00:00

Արտուշ Սիմոնյանը «տանիք» էր փնտրում Եթե «ՀԱՈՒ»-ում ամեն ինչ այդքան վատ էր, ապա ինչո՞ւ են նրա ղեկավարները ԱԺ պատգամավոր դառնում «Հայկական ավիաուղիների» ֆինանսական անմխիթար վիճակի մասին խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանամետ մամուլում անդրադարձ էր եղել, եւ հղում կատարելով «ոստիկանության արձանագրերին»՝ նշել էր բոլոր այն գործակալական ընկերությունների անվանումները («Էլիտար» ՍՊԸ, «Ռոնեյ թրավըլ» ՍՊԸ, «Տրանզիտ-Տուր» ՍՊԸ, «Նոյ-արք» ՍՊԸ եւ «ԱՄՍ» ՍՊԸ), որոնք «Հայկական ավիաուղիներից» ստացած տոմսերի վաճառքից գոյացած գումարը «ՀԱՈՒ» դրամարկղ չեն մուտքագրել, կամ ստացել են, ու այն յուրացրել է «ՀԱՈՒ» ղեկավարությունը: Հիշյալ հրապարակման մեջ անանուն մի քննիչ հայտարարել էր, թե «Հայկական ավիաուղիներում» ստեղծված իրավիճակը «խոսում է «ՀԱՈՒ» անգլուխ ղեկավարության մասին, ինչն էլ պետական կարեւոր կառույցի կազմալուծման պատճառ դարձավ»: Սակայն չէր նշվել կարեւորը, որ «ՀԱՈՒ» տնօրենի տեղակալը՝ Արտուշ Սիմոնյանը, մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, ու իր թեկնածությունն է առաջադրել թիվ 5 ընտրատարածքում: «ՀԱՈՒ» նման գործելաոճը սկսվել է դեռեւս 2000 թվականից, սակայն մինչ օրս այդ մասին որեւէ հայտարարություն չի եղել: Մինչդեռ, ըստ օրենքի, յուրաքանչյուր գործակալական ընկերություն, որը տոմսեր է ձեռք բերում «Հայկական ավիաուղիներից», պարտավոր էր «ՀԱՈՒ»-ին յուրաքանչյուր տասնօրյակը մեկ հաշվետվություն ներկայացնել սպառված տոմսերի քանակի ու գոյացած վճարների վերաբերյալ (նաեւ 5 օր վերջնաժամկետ է սահմանված, որի ընթացքում գործակալությունները պետք է անպայմանորեն «Հայկական ավիաընկերությանը» վերջնական հաշվետվություն ներկայացնեն): Մինչ ԱԺ ընտրությունները քաղաքային դատախազությունն այդ գործերի նկատմամբ քրեական գործ է հարուցել, ու քննում են համապատասխան վարույթում. ըստ նույն մամուլի հրապարակման՝ դատախազությունը փորձում է պարզել՝ ստացած տոմսերի վաճառքից գոյացած գումարը «ՀԱՈՒ» դրամարկղ չեն մուտքագրե՞լ, թե՞ այդ տոմսերի արժեքը յուրացրել է «ՀԱՈՒ» ղեկավարությունը, որի պատճառով այժմ այն կազմալուծվել է, քանի որ նման վերաբերմունքի արդյունքում «ՀԱՈՒ»-ն կրել է 1 միլիոն 180 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Սակայն անդրադառնանք «ՀԱՈՒ» ղեկավարությանն ու մասնավորապես «ՀԱՈՒ» տնօրենի տեղակալ Արտուշ Սիմոնյանին, որը նախկին «Օրինաց երկրացի» է: Նրա թեկնածությունն ընտրություններում պաշտպանում էին «Օրինաց երկիրը», ԱԺՄ-ն, «Ազգային միաբանությունն» ու Կոմկուսը՝ ակտիվ քարոզելով նրա բոլոր բարեմասնություններն ու, բնականաբար, շրջանցելով նրա ղեկավարության տարիներին «ՀԱՈՒ»-ի նկատմամբ հարուցված քրեական գործերը: Այս ամենից հետո իսկապես կարելի է հասկանալ ԱԺ մուտք գործելու՝ Ա. Սիմոնյանի համառ ջանքերը: Չէ՞ որ նա այդպիսով կարող է անձեռնմխելի դառնալ ու ինչ-ինչ խնդիրներ կարգավորել այդ «տանիքի» տակ: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել