ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՀԱՑԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Արդեն քանի օր է, Հայաստանում հացը թանկացել է, սակայն «Առավոտի» հարցումները ցույց տվեցին, որ այդ առնչությամբ պետական կամ կառավարական մակարդակով որեւէ քննարկում մինչ այժմ չի եղել։ Ըստ երեւույթին, մեր պաշտոնյաները սխալ են պատկերացնում «ազատական գներ» հասկացության էությունը։ Օրինակ, գյուղատնտեսության նախարարության լրատվական բաժնի պետն ընդամենը լսելով «ալյուրի գների բարձրացում» արտահայտությունը, այդպես էլ պատասխանեց. «Հացի գների ազատականացումը 1995 թվականին է կատարվել»։ Նման քննարկում չի եղել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կամ այլ գերատեսչությունում եւս։ Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ շատ նախարարներ հիմա իրենց ամբողջ ներուժն ու ժամանակը ծախսում են ձեւավորվելիք կառավարության կազմում իրենց մնալ-չմնալու հարցը ճշտելու վրա, այնպիսի կարեւոր արտադրանքի, ինչպիսին հացն է, գնի բարձրացման հարցը պետք է որ ուշադրության առարկա դառնար։ Ճիշտ է, հացի գինը շուկան է որոշում, բայց երբ ողջ հանրապետության տարածքում թանկացել է դրա հումքը՝ ալյուրը, ցորենը, ապա պետական մասշտաբով խնդիրներ են ծագում։ Նախ, հացը մեր բնակչության հիմնական սնունդն է։ Իսկ ալյուրի թանկացմամբ պայմանավորված, բնականաբար, կթանկանա նաեւ մակարոնեղենը, թխվածքեղենը։ Սա իր հերթին հանգեցնելու է առաջին անհրաժեշտության սննդատեսակների եւ ապրանքատեսակների գների բարձրացման։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ մեկ պարկ ալյուրի գինը թանկացել է առանձին տվյալներով, 2-5 հազար դրամով։ Իսկ բնակչության հիմնական մասի եկամուտը տարիներ շարունակ մնում է նույնը, չնայած դրամի սղաճին (կամ տարադրամի թանկացմանը)։ Այս պարագայում ակնհայտ է, որ հացի թանկացումը խնդիր է դառնում ոչ միայն բնակչության, այլեւ պետության համար։ Գոնե կարելի էր ստուգել պահուստավորված հացահատիկի քանակը, գուցե սա պարզ սպեկուլյացիա է եւ հարկ կար ալյուրի լրացուցիչ քանակ ներկրելով կարգավորել հարցը։ Փորձեցինք ինքներս պարզել դրա պատճառները։ Հայտնի է, որ ցորենի տեղական արտադրանքով Հայաստանը բավարարում է իր կարիքների շուրջ 20%-ը։ Իսկ գյուղնախարարության տվյալներով, անցած տարի այդ թիվը ռեկորդային էր՝ մոտ 27%։ Մնացածը ներկրում ենք հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ նույնպես ցորենի եւ ալյուրի գներն աճել են։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, դա պայմանավորված է անցած տարվա աննախադեպ բարձր բերքատվությամբ, որը գյուղացիների գլխին չարիք դարձավ։ Որոշ աղբյուրների համաձայն, գյուղացիներն այս տարի անհամեմատ քիչ ցորեն ցանեցին, քանի որ անցած տարվանը շատ էժան էին վաճառել։ Հետեւաբար քիչ բերք է սպասվում, չնայած, դեֆիցիտ, իհարկե, չի լինի, բայց մեծ պահանջարկը հանգեցնում է գների աճի։ Այլ աղբյուրների հաղորդմամբ, ՌԴ կառավարությունն ինքն է արհեստականորեն բարձրացնում ցորենի գինը, գյուղացիներին խրախուսելու եւ հիմնական եկամտից չզրկելու համար։ Իսկ միջազգային շուկայում (համենայնդեպս, Չիկագոյի բորսայում, որն էլ այդ ոլորտում հիմնական եղանակ ստեղծողն է), ըստ գյուղատնտեսության նախարարության, ցորենի գների աճ չի արձանագրվել։ Այս եւ Մաքսային պետական կոմիտեի տվյալները չեն համապատասխանում իրար։ Ըստ վերջինիս, ցորենի միջազգային գինն աճել է։ Երեկ մեզ որեւէ ցորեն ներկրողից (Լեւոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, Մարտուն Մաթեւոսյան) չհաջողվեց պարզաբանում ստանալ։ Սակայն Մաքսային պետական կոմիտեին ներկրող ընկերությունները երեւույթը բացատրել են հետեւյալ կերպ. «Ցորենի հին պաշարներ կան դեռեւս, սպառվելուց հետո կներկրվեն նոր խմբաքանակներ, որոնք կվաճառվեն նորմալ գներով»։ Ակնհայտ է, որ «նորմալ գնով» վաճառելը գրեթե բացառվում է, որովհետեւ, ըստ ռուսաստանյան պաշտոնական տեղեկատվության, մեր հիմնական «գործընկեր» Ռուսաստանում ցորենի գինը 30-35%-ով կբարձրանա։ Իսկ դրա անդրադարձը մեր շուկայի վրա անխուսափելի է։ Իսկ առայժմ գները բարձրացվել են արհեստականորեն։ Մաքսային պետական կոմիտեից հայտնեցին, որ մաքսային օրենսդրության կամ վարչարարական որեւէ փոփոխություն չի եղել, որը կհանգեցներ նման երեւույթի։ Իսկ կոմիտեից ստացած տվյալները ալյուրի ներկրման ուշագրավ շարժ են ցույց տալիս։ Ըստ այդմ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ընդհանրապես ալյուր չի ներկրվել Հայաստան։ Նախորդ տարվա նույն ամիսներին ներկրվել է ավելի քան 10 հազար տոննա։ Այս տարվա հաջորդ երկու ամիսներին ներկրվել է մոտ 3 անգամ պակաս, քան անցած տարվա նույն ամիսներին։ Սպառման ծավալները, կարծես թե, չեն պակասել։ Ցորենի ներկրման ծավալները 4 ամսվա արդյունքներով էական տարբերություն չեն արձանագրել։ Այս տարի կտրուկ պակասել է նաեւ ցորեն եւ ալյուր ներկրող ընկերությունների քանակը։ Մեր տեղեկություններով, «ազատական գները» մինչեւ տարեվերջ խոստանում են նաեւ ձեթի եւ շաքարավազի գների բարձրացում, որի պատճառներն առայժմ հայտնի չեն։ Սրանք էլ են շուկայի գների վրա ազդեցություն ունեցող ապրանքատեսակներ։ Ակնհայտ է դառնում, որ պետությունը եթե շուկայում այս ապրանքատեսակների գները կայուն պահելու համար քայլեր չի ձեռնարկում, գոնե պետք է բնակչության գնողունակությունը բարձրացնի եկամուտը մեծացնելու միջոցով, որպեսզի այս ամենը բնակչության հիմնական մասի համար չվերածվի հացի խնդրի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ