«Արդարությունն» առայժմ չի կողմնորոշվել Բոյկոտե՞լ ԱԺ-ն, թե՞ մասնակցել խորհրդարանի աշխատանքին «Արդարություն» դաշինքի ԱԺ համամասնական ցուցակը կազմավորելու ընթացքում եւ դրանից հետո ընդդիմությունը ԱԺ ընտրություններին իր մասնակցելը պայմանավորում էր ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ՍԴ ընդունած որոշմամբ: Նա սպառնում էր այդ ընտրություններն անվավեր չճանաչելու դեպքում՝ ԱԺ ընտրությունների չմասնակցել: Ինչպես հետո պարզ դարձավ, ԱԺ ընտրություններն ու խորհրդարան մտնելը մեծ գայթակղություն էր ընդդիմության համար, որին նա դիմակայել չկարողացավ: Համամասնական ցուցակով 14 մանդատ վաստակած, այդ ընտրությունների օրինականությունը եւս ՍԴ-ում վիճարկելու ցանկություն հայտնած Դաշինքը այսօր էլ շարունակում է քննարկել ԱԺ-ն բոյկոտելու հարցը: Իհարկե, ընդդիմության գործելաոճը նկատի ունենալով, ակնհայտ է, որ դա չլինող բան է: Դաշինքն այդ հարցի շուրջ որոշում ընդունելն էլ կձգձգի մինչեւ վերջին պահը՝ հունիսի 11-ը, ու գուցե (գոնե ՀԺԿ-ի մասով) որոշի, այնուամենայնիվ, մտնել խորհրդարան: Ըստ որոշ տեղեկությունների, նաեւ չի բացառվում, որ ԱԺ մտնելուց հետո «Արդարություն» խմբակցության ղեկավարումը ստանձնի անձամբ Ստեփան Դեմիրճյանը: Ի՞նչ են մտածում դաշինքի մաս կազմող ուժերը՝ ընդհանրապես, ու «Հանրապետություն» կուսակցությունը՝ մասնավորապես, քանի որ վերջինիս նախագահ Ալբերտ Բազեյանն անցած շաբաթ օրը հայտարարեց ԱԺ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես պարզվեց կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցի հետ զրույցից, նույնիսկ Ա.Բազեյանի սույն որոշումն այդ իմաստով միանշանակ չէ: Բանն այն է, որ Ա.Բազեյանը հայտնել է իր կարծիքը, մինչդեռ կուսակցությունը կարող է խնդրին այլ լուծում տալ՝ նույնիսկ հենց պրն Բազեյանի մասով: Ի վերջո, նա նաեւ կուսակցության նախագահ է եւ պարտավոր է հաշվի նստել իր զինակիցների հետ, թեեւ, ըստ Ս.Սուրենյանցի՝ «պրն Բազեյանի ներկայացրած փաստարկները քաղաքական տեսանկյունից առավել քան հիմնավոր են»: Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա՝ մամլո խոսնակի կարծիքով, Դաշինքում կքննարկվեն այս խնդրին առնչվող բոլոր տարբերակները՝ սկսած ԱԺ-ն բոյկոտելուց եւ մանդատներից հրաժարվելուց՝ մինչեւ ԱԺ մանդատները ստանալն ու աշխատանքներին չմասնակցելը, կամ խորհրդարանական ամբիոնն օգտագործելը՝ ընդդիմությանը հուզող հարցերը բարձրացնելու եւ լուծելու նպատակով: «Մյուս կողմից՝ վտանգ կա, որ ԱԺ աշխատանքներին մասնակցելը կարող է ֆորմալիզացնել տեղի ունեցած ԱԺ խայտառակ ընտրությունները»,- նկատեց Ս.Սուրենյանցը: Ըստ նրա, բոյկոտելն էլ մի քայլանոց կոմբինացիա չի կարող լինել. «Այդ դեպքում էլ ընդդիմությունը պետք է մատնանշի այն ռեսուրսը, որով նա կարող է արտախորհրդարանական պայքար տանել»: Իհարկե, «Հանրապետությունն» ավելի հակված է բոյկոտին, թեեւ այստեղ էլ այլ կարծիքներ են քննարկվում: «Բնականաբար, նախագահական ընտրությունների հարցը սպառված չէ, եւ մենք հստակ հասկանում ենք, որ ոչ լեգիտիմ նախագահի առկայությունը խորացնելու է ճգնաժամը երկրում»,- միաժամանակ կարծիք հայտնեց Ս.Սուրենյանցը: Այդուհանդերձ, նրա ասելով, որոշումը պետք է միասնական լինի, եւ դրան պետք է համաձայն լինեն դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները: Ըստ պրն Սուրենյանցի, միանշանակ է, որ «Հանրապետությունը» բացառում է իր անդամների մասնակցությունը իշխանական որեւէ օղակի գործունեությանը, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի մակարդակով: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ապա կուսակցության մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանի մատուցմամբ՝ Դաշինքը դեռ այդ հարցն ըստ էության չի քննարկել: Նա միաժամանակ նկատեց, որ Դաշինքում մոտեցումները կարող են տարբեր լինել, բայց բոլոր դեպքերում՝ որոշումն այդ հարցի առնչությամբ կընդունվի կոնսենսուսով՝ անկախ առանձին կուսակցությունների մասնավոր դիրքորոշումներից: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ