Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է

Հունիս 03,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵ-ն, եւ «Ազգային միաբանությունը» ընտրությունների վերաբերյալ մի քիչ փնթփնթալուց հետո իրար հետ յոլա կգնան: Մի առիթով կառավարության վերադասավորումները համեմատել էինք կուբիկ-ռուբիկ խաղի հետ, երբ վանդակները իրար կողք չխկչխկացնելով փորձ էր արվում գույների համամասնություն ապահովել։ Այս անգամ որեւէ գույնի մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ ավելի անգույն դասավորություն դժվար է պատկերացնել։ Այս կառավարության չափուձեւն ավելի շատ նմանվում է կոստան-նստան տիկնիկին, (ՉՈվՖՍՈ-ՉրՑՈվՖՍՈ) որին ոնց էլ շուռումուռ ես տալիս, մնում է նույն դիրքում։ Այս պարագայում հանրապետական կուսակցությունն է հայտնվել նման վիճակում, ապահովել է իր ուզած տոկոսները խորհրդարանում. պահպանում է վարչապետի պաշտոնը, մոտ տասը նախարարական պորտֆելներ, մարզպետների, փոխնախարարների, վարչության պետերի, ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների եւ այլ պաշտոններ, եւ չի բացառվում, որ կվերցնի նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը։ Թեպետ հանրապետական նախարարների վիճակն այս պահին խիստ սպասողական է։ Ըստ էության, նրանց խոստում է տրված, որ մնալու են իրենց տեղերում, բայց, հավանաբար, չարժե ջուրը չտեսած բոբիկանալ: Արդեն շրջանառության մեջ են լուրեր, ըստ որոնց մի քանի հանրապետական նախարարների, մեղմ ասած, «քցել են», վստահեցնելով, թե հարկավոր է դիմում գրել պատգամավորական մանդատները վայր դնելու մասին, ու դիմումից հետո կանգնեցրել են կոտրած տաշտակի առաջ։ ԿԸՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, մեր հարցմանն ի պատասխան, երեկ պաշտոնապես հերքեց այն լուրերը, թե իբր հանրապետական նախարարները մանդատները չվերցնելու դիմում են ներկայացրել ԿԸՀ, նաեւ չբացառեց, որ նման դիմումներ դեռ կլինեն։ Որոշ նախարարություններ կրկին կմասնատվեն, օրինակ, կրթության եւ գիտության նախարարությունից կանջատվի գիտությունը եւ կմիացվի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը, պետական գույքի մասնավորեցման նախարարությունը կստանա վարչության կարգավիճակ։ Ուժային նախարարները կշարունակեն պաշտոնավարել, այդ թվում նաեւ՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Եթե, իհարկե, վերջին պահին չվճռի իր ձեռքը վերցնել ԱԺ-ն կամ էլ վարչապետի պաշտոնը։ Դա կարող է լինել չափազանց ծայրահեղ իրավիճակում, երբ չգտնվի բոլոր կողմերի համար ընդունելի ԱԺ նախագահ եւ ստիպված լինեն «ռակիրովկա» կատարել՝ Անդրանիկ Մարգարյանին հանձնել ԱԺ նախագահի պաշտոնը։ Այդ դեպքում վարչապետությունը Սերժ Սարգսյանն իրենից բացի ոչ մեկին չի վստահի։ Սա կարող է ունենալ ե՛ւ դրական (իր ուսերին վերջապես կզգա երկրի համար ողջ պատասխանատվությունը), ե՛ւ բացասական (չմոռանանք, թե ինչ տեղի ունեցավ վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ)։ Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը ճիշտ կանի, եթե մնա պաշտպանության նախարար։ Խորհրդարանական ընտրությունների օրը Ռոբերտ Քոչարյանը խոսեց հնարավոր կոալիցիոն կառավարության մասին։ Ինչը հերթական անգամ ապացուցեց, որ ոչինչ հենց այնպես չի ասվում։ Ընտրությունների արդյունքներն այնպես են նկարված, որ տրամաբանորեն տեղավորվեն Ռոբերտ Քոչարյանի նախօրոք գծված սցենարի մեջ։ Ըստ այդմ հրապարակ նետվեց «Օրինաց երկրին» ԱԺ նախագահի պաշտոնը հանձնելու մասին լուրը, բառացիորեն երկու օր անց՝ տարածվեց, որ քաղաքական ուժերը համաձայն չեն այդ տարբերակին։ Այժմ շրջանառության մեջ է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի տարբերակը, որը, ըստ որոշ աղբյուրների՝ այս պահի դրությամբ ամենաընդունելին է։ Մնում է սպասել, թե այս լուրը երբ կժխտվի կամ կհաստատվի։ Վերադառնալով կոալիցիային։ Այն իրականում լինելու է ՀՀԿ-ի, Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» կոալիցիա, կողքից՝ մի չնչին բաժին կտրվի «Ազգային միաբանությանը» (ի դեպ, սրանով է բացատրվում այս կուսակցության լռությունն ընտրություններից հետո)։ «Օրինաց երկիրն», ըստ էության, շատ ավելի շահում է, եթե չի ստանում ԱԺ նախագահի պաշտոնը, դրա փոխարեն նրան տրվելու են նախարարական երեք պորտֆելներ (առողջապահություն, սոցիալական ապահովություն եւ բնապահպանություն), նաեւ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, որը, ըստ որոշ աղբյուրների՝ «ՕԵ»-ն «կվստահի» Երվանդ Զախարյանին։ «ՕԵ»-ին կտրվի նաեւ մեկ մարզպետի աթոռ եւ վեց փոխնախարարի։ Նմանատիպ վիճակում է նաեւ ՀՅԴ-ն։ Այս ավանդական կուսակցությունն այդպես էլ չհամարձակվեց «վերջնականապես նեղանալ» եւ դառնալ ընդդիմություն, սրանում, մեր կարծիքով, լուրջ դերակատարություն ունեցավ Արտաշես Թումանյանը։ Փոխարենը Դաշնակցությունը կպահպանի իր երկու նախարարական պորտֆելները, կստանա երեք մարզպետական աթոռ, վեց փոխնախարարի, ԱԺ մեկ փոխնախագահի (որն, ըստ ամենայնի, կլինի Վահան Հովհաննիսյանը) եւ ԱԺ մեկ մշտական հանձնաժողովի նախագահի։ Իսկ Ազգային ժողովը կարելի է վերանվանել օլիգարխների եւ թաղի տղերքի ժողով, որում Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովը կգլխավորի, ասենք, Գեւորգ Հակոբյանը (Կոմբիկորմի Վլադ), Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ)։ Այդպիսի՞ բաներ են մեր ժողովրդի գլխով անցել, սրան էլ կդիմանանք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել