Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՌԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ

Հունիս 03,2003 00:00

ԼԵՌԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ ՀՅԴ-ն կրկնեց երկրապահների փորձը. շուրջ մեկ շաբաթ շարունակ դաշնակցականները ժողովներ էին գումարում եւ մամուլին ասում, թե այսօր կամ վաղը հայտարարություն են անելու: Երեկ վերջապես հրապարակված հայտարարությունը, պարզվեց՝ «ոչ ձուկ էր, ոչ միս»: Սակայն մինչ այդ հայտարարությունից մեջբերումներ անելը՝ հիշեցնենք ընտրության նախօրեին՝ մայիսի 23-ին, Դաշնակցության քարոզարշավի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերը, որը վստահեցնում էր. «Այս ընտրությանը մենք գնում ենք որոշում կայացրած՝ չթողնել, որ որեւէ խախտում տեղի ունենա: Բայց եւ համոզում ունենք, որ իշխանությունները մեզ հետ են լինելու… Արդար ընտրություններն անհրաժեշտ են երկրի նախագահին՝ մեր քաղաքական վարկը վերականգնելու, մեր ժողովրդի վստահությունը վերականգնելու համար… Մենք անգույն, քաղաքական դիմագիծ չունեցող եւ հարմարվող կուսակցություն չենք, չենք կարող հանդուրժել օրենքի անտեսումը»: Եվ ի՞նչ արեց ՀՅԴ-ն, երբ պարզվեց, որ մայիսի 25-ի ընտրությունները, երեկ իրենց հրապարակած գնահատականի համաձայն՝ «հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ»: Այսինքն՝ ՀՅԴ-ն չէր հաջողել իրականացնել որոշումը խախտումներ թույլ չտալու մասին եւ օրենքներն անտեսվել էին: Հանդուրժեցի՞ն այդ ամենը, թե՞ հարմարվեցին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարությամբ իր դժգոհությունների թիրախից փորձեց հեռու տանել Ռոբերտ Քոչարյանին՝ հնուց հայտնի «բարի ցարի» մասին առասպելի նորօրյա բեմադրությամբ. «Երկրի բարձրագույն իշխանության գործադրած փորձերը բավարար չեղան կանխելու քաղաքական ու ոչ քաղաքական որոշ ուժերի, գործադիր, տարածքային, տեղական կառավարման մարմինների եւ մեծամասնական թեկնածուների մակարդակով կազմակերպված ու իրականացված ընտրակեղծիքները»։ Թե ինչ ջանքեր է գործադրել «երկրի բարձրագույն ղեկավարը» ընտրակեղծիքները կանխելու համար՝ թերեւս միայն Դաշնակցությանն է տեսանելի: Իսկ շարքային մահկանացուները միամտաբար կարծում են, որ որեւէ ընտրակեղծարարի պատասխանատվության չենթարկելը վկայում է, թե նրանք այդ «բարձրագույնի» հովանու ներքո են: Հայտարարության մեջ թվարկված են կիրառված զեղծարարությունները եւ, որպես «բացահայտ խախտումներով, բռնությամբ, ընտրակեղծիքներով» ընթացած՝ առանձնացվում են այն ընտրատարածքները, որտեղ ՀՅԴ-ն պաշտպանյալ ուներ. ասենք, թիվ 12-ի պարագայում՝ Վերսանդ Հակոբյանը, 29-ում՝ Հրանտ Վարդանյանի կուսակցության ներկայացուցիչը՝ Արայիկ Աղաբաբյանը, 30-ում Արծվիկ Մինասյանը եւ այլն։ Ստացվում է, որ որտեղ ՀՅԴ-ն թեկնածու չի ունեցել՝ այնտեղ ընտրություններն անցել են առանց կեղծիքների՞: Երկրում տիրող իրավիճակի համար թիվ 1 պատասխանատուին խնայելով հանդերձ՝ ՀՅԴ ուժը պատել է առաջնության դափնին խլած ՀՀԿ-ին հայտարարության մեջ նշավակելու համար. «Իշխող կուսակցությունը պետության վարչական լծակներն անմնացորդ օգտագործեց իր ձայներն արհեստականորեն ավելացնելու, ինչպես նաեւ՝ իր կողմից հովանավորյալ այլ քաղաքական ուժերին եւ մեծամասնական թեկնածուներին աջակցելու նպատակով… Իշխող կուսակցության քվեներն էապես ավելացան վերահսկելի շուրջ երկու տասնյակ ընտրատարածքներում ընտրություններին չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկություն կազմակերպելով, ինչպես նաեւ զինվորների ու սպայական կազմի հրահանգավորված քվեարկությամբ»: Ի դեպ, այս մասին իր մայիսի 23-ի ելույթում ակնարկել էր նաեւ Հրանտ Մարգարյանը, թե բանակին «անօրինական ցուցում» է տրվել քվեարկելու մի ուժի օգտին։ Երեկ ասուլիսում նաեւ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը դժգոհություն հայտնեց Անդրանիկ Մարգարյանի այն հայտարարության առնչությամբ, թե ՀՀԿ-ն մտադիր չէ որեւէ քաղաքական ուժի զիջել ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները: «Այդ պաշտոնները երկրում դեռեւս չեն սեփականաշնորհվել որեւէ քաղաքական ուժի կողմից»,- ասաց պրն Վարդանյանը: Նաեւ հակափաստարկ ներկայացրեց, թե անցած տարիներին կառավարության իրականացրած ծրագիրը Ռոբերտ Քոչարյանի՛նն է, մինչդեռ «Միասնության» ղեկավարը հայտարարում էր, թե ՀՀԿ ծրագիրն է։ «Ինչ ծրագիր է դա, ոչ ոք չգիտի»,- նշեց Աղվան Վարդանյանը։ Եվ այս ամենն արձանագրելուց հետո, թե ՀՀԿ «ձայների քանակն արհեստականորեն խիստ ուռճացված է», նորընտիր ԱԺ-ն լիարժեք չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը եւ այլն՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ազդարարել ՀՅԴ-ն: Նախ՝ ընտրությունները համարել է կայացած: Եվ ավելին. «Մենք հաջողություն ենք մաղթում մեծամասնություն կազմող ուժին»։ Մի խորհուրդ կա՝ թուլանալու եւ հաճույք ստանալու մասին: Դաշնակցությանը դա հաջողվել է լիովին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, ասուլիսում ազդարարվել է, թե ՀՅԴ-ն ջանքեր կգործադրի մոտ ապագայում կրկին սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել