ԷՄՄԻՅԱՆՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ Է ԱՐԴԵՆ 16 ՏԱՐԻ Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում երեկ անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, հեռացատկի Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի երբեմնի լավագույն մարզիկներից մեկի սահմանած այս պատվավոր մրցանակի համար գյումրեցի Էմմիյանի ներկայությամբ պայքարելու էին ժամանել Դանիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Հունգարիայի եւ Կատարի 10 հեռացատկորդներ։ Էմմիյանի սահմանած գավաթը խաղարկվում էր երկրորդ անգամ եւ, հուրախություն բոլորիս, այն արդեն դարձել է ավանդական ու տարեցտարի մասնակցել ցանկացողների վարկանիշը բարձրանում է։ Ասվածի վառ վկայությունն է երեկ հեռացատկի հատվածում ծավալված դիտարժան պայքարը։ Ցավոք, գրանցված արդյունքները, անկեղծ ասած, չեն կարող դասվել ներկայիս բարձրերի շարքին, սակայն մասնագետների պնդմամբ ու վկայությամբ, դրան խանգարեցին նաեւ վերջին երկու օրում Ծաղկաձորի եղանակային անբարենպաստ, անձրեւային պայմանները, որոնց պատճառով հեռացատկորդները ցույց տվեցին իրենց իրական հնարավորություններից 20-25 սմ ցածր արդյունքներ։ Պայքարի մեջ ներգրավված մարզիկներից վեց մրցափորձում լավագույն արդյունքը ցույց տվեց եւ գլխավոր մրցանակին տիրացավ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Իլարիանին՝ 778 սմ-ով, երկրորդ տեղը գրավեց ռուսաստանցի, Էմմիյանի գավաթի անցած տարվա խաղարկության հաղթող Եվգենի Տրետրովը՝ 775 սմ, երրորդը Գենադի Պուզիկովն էր (Բելառուս)՝ 773 սմ։ Հայաստանի հեռացատկորդներից լավագույնը Մերուժան Սարգսյանն էր, որը 760 սմ արդյունքով բավարարվեց վեցերորդ տեղով։ Ատլանտայի օլիմպիական խաղերում հինգերորդ տեղ գրաված Արմեն Մարտիրոսյանը, որն, ի դեպ, վերջերս է վերադարձել մեծ սպորտ, 744 սմ արդյունքով ճանաչվեց ութերորդը։ Մրցումների ավարտին Ռոբերտ Էմմիյանն ասաց. «Նախ, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ սահմանած մրցանակների բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, որոնց շնորհիվ իրականացավ այս գեղեցիկ մարզական տոնը։ Սա ինձ շատ է ոգեւորել, եւ հիմա նպատակ եմ դրել՝ հաջորդ տարի բարձրացնել գավաթային այս մրցաշարի վարկանիշը, հրավիրել աշխարհի անվանի հեռացատկորդներին։ Հուսով եմ՝ դա կհաջողվի։ Ինչ վերաբերում է այսօրվա մրցումներին, շատ կցանկանայի, որպեսզի մասնակիցներն իմ հայրենիքում, հենց Ծաղկաձորում, որտեղ 16 տարի առաջ ես սահմանեցի Հին աշխարհամասի լավագույն արդյունքը, այս անգամ գերազանցեին։ Ու երազանքս է, որպեսզի դա անեն հայ հեռացատկորդները։ Ափսոս, այս անգամ էլ դա ոչ ոքի չհաջողվեց։ Բայց ոչինչ, հուսանք, որ Էմմիյանի ռեկորդը գահընկեց կլինի հաջորդ անգամ»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ