Մենք ենք, մեր կոնյակը Երեւանի Կոնյակի գործարան այցելելն արժե 3500 դրամ։ Այս գնի մեջ մտնում է էքսկուրսիան գործարանում եւ կոնյակով հյուրասիրվելը։ Կոնյակի գործարանում շրջելիս տեղեկանում ես, որ կոնյակի սպիրտը պատրաստվում է խաղողի ոչ բոլոր տեսակներից։ Եթե տարիներ առաջ գործարանն ընկնում էր գյուղերը խաղող գնելու, ապա այսօր պայմանագրեր է կնքել, որոնց համաձայն գյուղացիներն իրենց խաղողը վաճառում են գործարանին։ Կոնյակի սպիրտը, որ սկզբում անգույն ու թափանցիկ է, լցնում են հատուկ կաղնե տակառների մեջ, որտեղ այն ստանում է իր յուրահատուկ համն ու գույնը։ Նախկինում տակառները բերվում էին Ռուսաստանից, այժմ Հայաստանն ինքն է պատրաստում նման տակառներ։ Տարբեր տարիների հնեցման դրված սպիրտը իրար խառնելու դեպքում ստացվում են կոնյակի որոշակի տեսակներ։ Գործարանում կա մի տակառ, որ բացվելու է միայն ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո։ Նրա վրա իրենց ստորագրություններն են թողել գործարան այցելած բոլոր պատվավոր հյուրերը՝ Շառլ Ազնավուրը, Լյուդմիլա Պուտինան, Բորիս Ելցինը եւ այլք։ Բոլորին էլ հայտնի է, որ որքան երկար մնա սպիրտը տակառում, այնքան կբարձրանա նրա որակը՝ համապատասխանաբար, նաեւ գինը։ Սրանով պայմանավորված էլ ավելանում են կոնյակի աստղերը։ Ուզում ենք հուսալ, որ այս տակառում եղած կոնյակի աստղերը շատ չեն ավելանա։ Կոնյակի գործարանում կա Շառլ Ազնավուրի անունը կրող ծառուղի, որի երկու կողմերում շարված են համեմատաբար նոր տակառներ՝ գործարանի պատվավոր հյուրերի անուններով։ Ծառուղու վերջում դրված է նաեւ երկու տակառ, որոնցում պահպանվում է Հայաստանի ամենահին (1902թ.) կոնյակը։ Այն մնացել է դեռեւս Շուստովի ժամանակից։ Շուստովի ընտանիքը, որ քաջատեղյակ էր գովազդի բոլոր նրբություններին, գործարան աշխատանքի էր ընդունում երիտասարդների՝ լավ ընտանիքներից։ Երիտասարդները գործուղվում էին Եվրոպա եւ Ամերիկա։ Նրանք Շուստովի հրահանգով այցելում էին ամենաճոխ ռեստորանները ու պարտադիր շուստովյան կոնյակ պատվիրում։ Երբ մատուցողը պատասխանում էր, որ նման կոնյակի մասին չի լսել, երիտասարդները զարմացած ու զայրացած փակում էին հաշիվը՝ դժգոհ հեռանալով ռեստորանից։ Շուստովն առաջինն է «հայտնաբերել», որ կարելի է այս կամ այն ամսագրի շապիկը գնել՝ գովազդային նպատակներով։ Կոնյակի գործարանում գեղեցիկ ավանդույթներ կան. պատվավոր հյուրերին կանգնեցնում են կշեռքի մի նժարի վրա, մյուս նժարին դրվում է այնքան կոնյակ, որքան կշռում է հյուրը։ Կոնյակի ամենամեծ քանակությունը իր հետ տարել է Բորիս Ելցինը՝ 130 լիտր, իսկ Գենադի Սելեզնյովի կշռվելու արարողության ժամանակ նրա թիկնապահը խորամանկության է դիմել՝ ոտքով աննկատ սեղմել է կշեռքը՝ քաշ ավելացնելու համար։ Գործարանի թանգարանում կան հայկական կոնյակի նոր տեսակներ, լուսանկարներ, հայկական կոնյակի շահած մրցանակները, շքանշանները եւ այլն։ Իսկ կինոսրահում կարելի է դիտել 12 րոպեանոց ֆիլմ՝ հայկական կոնյակի պատմության մասին։ Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ