Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ

Մայիս 30,2003 00:00

ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ Ամենուր դավ որոնող մեր սովոր աչքը նախապես հորինում է իրավիճակներ եւ իրադարձություններ, որոնք գրեթե անշեղորեն գործում են։ Սա պայծառատեսության ուրույն, օպտիկական խաբկանքից էապես զուրկ տարատեսակ է, որ առաջնորդվելով ներզգացողությամբ, հանգում է տրամաբանական կառույցի, որի սկիզբը, ընթացքը եւ հանգումը ծնունդ են առնում միեւնույն կետից, Չարենցը կասեր՝ միեւնույն «ուղեղակենտրոնից»։ Խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ սպրդած տեղեկությունը այն մասին, թե Հայաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հստակ ուրվագծել են ապագա ԱԺ-ում կուսակցությունների ստանալիք տեղերի «քարտեզը», լավ կազմակերպված, «կազմակերպված պետության» տեղեկատվական արտահոսք էր, եւ որքան էլ ջանանք կանխատեսում համարել, չենք կարող, այն պարզ պատճառով, որ գրեթե մեկին մեկ արդարացավ։ Իսկ սովորաբար արդարանում են ծրագրերը եւ ոչ թե կանխատեսումները։ Բնականաբար, նաեւ խորամանկություն չենք կարող համարել, որովհետեւ խորամանկությունը, ի բացառյալ հնարամտության, խաբելու նպատակ է հետապնդում։ Բայց ինչ խաբելու մասին կարող է խոսք լինել, երբ անթաքույց հայտարարվում է՝ էսքան ու էսքան-ոչ ավել, ոչ պակաս։ Մանավանդ՝ ում ականջի համար հայտարարվում է, ոչ միայն չեն ըմբոստանում, այլեւ կորցնում են զգոնությունը, այն աստիճան, որ տեր չեն կանգնում նաեւ իրենց խոստացված տեղերին, կարծես խոստում տվողների ցավը քիչ էր, պետք էր նրանց համար էլ կեղծիքներ անեին։ Նման հրաման արտահոսքից հետո նույնիսկ թաղի «վերջին թուլեն» կհասկանար, որ «դաբրո» ասածը հենց այդպես է լինում՝ իրենց թույլատրվում է կեղծել։ Թե՞ հույսները դրել էին արդար ընտրությունների վրա, որին անգամ չէին հավատում «Արդարության» միամիտ առաջնորդները։ Ընդ որում, «դաբրոյի» այդ պարզ հրահանգը օր կամ օրեր առաջ հասկանալը քիչ էր, այն պետք է հասկանալի լիներ նախագահական ընտրությունների երկու փուլի փորձով կեղծիքներին հմտանալու ժամանակներից։ Այ, Արթուրն ու Գուրգեն Արսենյանը հասկացան-էն էլ ինչպե՜ս։ Մեկը հրեն ԱԺ նախագահի ռեալ թեկնածու է, մյուսին էլ գործ չտան, իր գործին է լինելու։ Այնպես որ, ՀԺԱՄ-ի, ՀՌԱԿ-ի, «Հզոր Հայրենիքի» դժգոհությունը հիմնազուրկ է։ Գուցե թե՝ հավատարմությունը արատ չէ, բայց իր կեղծավոր էությանը հավատարիմ չմնալը կրկնակի արատ է։ Ոչ մի Լյուդովիկոս այնքան վստահաբար չէր պնդում, թե «պետությունը ես եմ», որքան յուրաքանչյուր գործող նախագահի Միրզախանյանը նույնացնում է «պետության հետ»։ Իսկ դա թանկ հաճույք է, մանավանդ կուսակցության համար։ Եվ չմոռանանք նաեւ, որ Ֆրանսիայի շփացած թագավորներից մեկի՝ «պետությունը ես եմ» անպարկեշտ արտահայտության համար չափազանց թանկ վճարեց հենց հարազատ թոռը՝ հասնելով գիլիոտինի։ Իսկ որ Միրզախանյանը եթե ոչ համեստությունից, պարկեշտությունից հաստատ չի մեռնի այն պարզ պատճառով, որ ո՛ր կողմից էլ նայես՝ միեւնույն պարկեշտությունն է։ Անկեղծ ասած, չգիտեմ Ռոբերտ Նազարյանի հայրենիքի, մանավանդ «Հզոր Հայրենիքի» հանդեպ տածած զգացումների մասին, բայց որ Երեւանը սիրում է մարդը, երկու կարծիք լինել չի կարող։ Հավանաբար, հենց կարծիքների բախման բացակայությունն էլ պատճառ եղավ, որ նրա գլխավորած կուսակցությունը չհաղթահարի սահմանված տոկոսների ցանկալի բարձունքը։ Չէ՞ որ զգացմունքը, այն էլ՝ հզոր, կույր է, այն էլ՝ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են կարծիքներին եւ որոնք շատ էական են ընտրություններում։ Ընտրությունների անարդարությունից թեթեւ ղալմաղալ սարքած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշ զիջումներից հետո արագորեն համաձայնելու է ստեղծված կացությանը, մանավանդ սովորել է առանց պատասխանատվություն ստանձնելու նախարարական պորտֆելներ պոկել եւ Անդրանիկ Մարգարյանի ստեղծվելիք կոալիցիոն կառավարությունում գլուխը դինջ իրագործել Գալուստ Սահակյանի ուսումնական ծրագրերը, հատկապես, որ այդ ծրագրերը առանձնապես չեն տարբերվում Վահան Հովհաննիսյանի պատկերացրած Դաշնակցության ծրագրերից։ ՀԺԱՄ-ի ողբերգությունը բոլորինս է. այնքան մոտիկ ցանկալի արդյունքին եւ այդքան աններելի հաշվարկ։ Ինչ արած. արհեստական վիժումներն ավելի շատ են, քան վաղաժամ ծնունդները, իսկ միջին խավի վաղահաս ձեւավորմանը զգալի վնաս հասցրին այս տարվա ձմռան չնախատեսված ցրտերը։ Ինչեւէ. վնասների հատուցումը թողնենք Արեւմուտքի հումանիտար օգնության խղճին։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել