ՄԵՆՔ ՄԵԶ ՉԵՆՔ ՏԵՍԵԼ ՀԻՆԳԻՑ ՆԵՐՔԵՎ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը նույնպես կարծում է, որ ԱԺ ընտրությունների արդյունքները կեղծված են Հայաստանի ժուռնալիստների միությունում հրավիրված մամուլի ասուլիսին երեկ Լյուդմիլա Հարությունյանը, Արմեն Դարբինյանը եւ Գագիկ Ասլանյանը ներկայացան բարձր տրամադրությամբ։ Ավելին, հայտարարեցին, որ պարտվողական չէ իրենց տրամադրությունը, քանի որ լինելով հանրապետության բոլոր շրջաններում, ընտրարշավի ժամանակ կարողացան զգալ ժողովրդի, երկրի զարկերակը, «զարկերակ, որը առողջ է»։ Ըստ Արմեն Դարբինյանի, տեղի ունեցավ իշխանության վերարտադրություն եւ գործեց խախտումների նույն ձեռագիրը. փողը, իշխանական լծակները։ Արմեն Դարբինյանը նկատեց նաեւ, որ ընտրախախտումների հիմնական առաջնորդներն են եղել քաղաքական ուժերը, պետությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տեղական հանձնաժողովները։ Ավելին, շեշտեց, որ կիրառվեց մաթեմատիկական մութ արկղի գաղափարի սկզբունքը, երբ արկղից դուրս է գալիս այն արդյունքը, որը նախապես ծրագրավորված է։ Արմեն Դարբինյանը գտնում էր, որ կրկնակի ավելի քվեաթերթիկներ են տպագրվել, որի արդյունքում լցոնումներ տեղի ունեցան։ Նա գտնում էր, որ պետությունը պիտի երաշխավորեր գործընթացը եւ թույլ չպիտի տար, որ գործի դրվեին ավելորդ տպագրված քվեաթերթիկները։ Գագիկ Ասլանյանը շնորհակալություն հայտնեց ընտրողներին եւ ասաց, որ «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի արդյունքները չեն համապատասխանում եղածին։ Գ. Ասլանյանը խոսեց 100-ից ավելի ահազանգերի մասին, իրենց կենտրոնական շտաբ այցելած ընտրողների մասին, որոնք դիմումներ են հղել դաշինքին, հայտնելով, որ քվեարկել են նրա օգտին, սակայն ամփոփագրերից տեղեկացել են, որ գրված է 0։ Լյուդմիլա Հարությունյանի գնահատմամբ, ընտրությունները չարդարացրին ժողովրդի սպասումները վստահության առումով։ Նկատեց, որ «քաղաքական ռիսկերից ամենակարեւորը ժողովրդի զրոյացումն է» եւ չպետք է զրոյացնել ժողովրդի ձայները։ Նա կանխատեսեց, որ քաղաքական ռիսկայնությունը կունենա հետեւանքներ։ «Հաստատ, ռեակցիան կարող է լինել բոլորովին անսպասելի։ Եվ կլինի ոչ քաղաքական դաշտում»,- շեշտեց նա։ Վերլուծելով ընտրախախտումներին ներգրավված քաղաքական ուժերի գործունեությունը, նա ասաց. «Մենք չենք ուզում հանդես գալ իբրեւ անուններ տվող, սակայն եղան ուժեր, որոնք ունեն փող եւ քաղաքականության հետ որեւէ կապ չունեին»։ Նշեց Միավորված աշխատավորական կուսակցությանը (ՄԱԿ)։ Երբ Ա. Դարբինյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես է գնահատում սահմանադրական բարեփոխումների արդյունքները, նախկին վարչապետն ասաց. «Ժողովուրդը մերժեց մի տեքստ, որին ծանոթ չէր»։ Այնուամենայնիվ, փորձ արվեց ասուլիսի ժամանակ դաշինքում ներգրավված նախկին պաշտոնյաներից իմանալ, թե իրենք ինչպես են գործել նախկինում։ Արմեն Դարբինյանն ասաց, որ լինելով վարչապետ, ունենալով լծակներ, նա կարող էր խորհրդարանում ունենալ իրեն աջակից քաղաքական ուժը, սակայն «այն չտիրաժավորվեց իմ օրոք, ինչպես արվեց նախկին վարչապետների եւ քաղաքական մեծամասնությունների օրոք»։ Դաշինքը միանգամայն անքեն շնորհավորեց Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին, իսկ երբ «Առավոտը» փորձեց կատակով հարցնել, թե՝ «մականունավորների՞ն էլ», Լ. Հարությունյանը ուղղեց. «Շնորհավորում ենք նրանց, ովքեր ժողովրդի քվեով են ընտրվել»։ «Առավոտի» հարցին, թե արդյո՞ք փորձ կարվի բացել տալ որեւէ ընտրատեղամաս, նրանք անիմաստ համարեցին, քանի որ դարձյալ պնդում են, որ տեղի է ունեցել քվեաթերթիկների հավելագրում։ Ինչպիսի՞ն էին դաշինքի հաշվարկները իրենց ստացած քվեների եւ իրական «ձայնբերումների» մասին։ ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը պատասխանեց. «Մենք չենք տեսել մեզ 5-ից ներքեւ։ Ավելին, կարծում ենք, որ 8% քվե ենք ունեցել։ Ընտրությունների ժամանակ սոցիոլոգիական հետազոտություններ ենք արել եւ հիմա այս ամենն ունենալով պատրաստ ենք իմանալ ի՞նչ տեղի ունեցավ։ Վերջապես, ԱԺ-ն միակ ատյանը չէ, որին ժողովուրդը ճանաչում է»։ Արմեն Դարբինյանն էլ մի ուշագրավ հայտարարություն արեց՝ կապված մամուլում կատակով արված մի հայտարարության հետ, թե առաջարկում ենք անհայտ լցոնում անողի հուշարձանը պատրաստել։ Նա «ողջունեց» գաղափարը եւ ասաց, որ պատրաստ է 100 հազար դրամ տրամադրել այդ հուշարձանը պատրաստելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ