Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Մայիս 30,2003 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է Դեմիրճյանը կարող է չգնա՞լ ԱԺ Խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի արդյունքում Քոչարյանն ըստ էության վերածվեց պատանդի՝ թե արտաքին, թե ներքին ուժերի ձեռքին: Երբ նախագահական ընտրությունների աղաղակող ընտրակեղծիքներն էին կատարվում «Թռչում էր ջինի խցանը, որն այլեւս ետ չես բերի»: Ամեն մի բակային, կլանային եւ կուսակցական հեղինակություն, որ նախագահական ընտրություններում հանուն «կյանքի չափանիշ երկրի եւ ժողովրդի» կեղծել էր հօգուտ Քոչարյանի, այժմ էլ նույն արդարացմամբ կեղծեց հօգուտ իրեն: Այլ կերպ չէր էլ լինի: Եթե վերջիններս ջրել էին Քոչարյանի ծառը, իրենց հասու բարոյականության կամ մտքի այդ ո՞ր թռիչքով պետք է հրաժարվեին սեփական ծառը ջրելուց: Արդյունքում մի խառնամբոխ խուժեց խորհրդարան՝ բաղկացած մասնիկներից, որոնց ինքնագործունեության չափավորումը երբեք չի կարող լինել քաղաքական հարթությունում: Արտաքին աշխարհն իր հերթին արձանագրեց, որ Քոչարյանի հեղինակությունը չի բավարարում սեփական երկրում անգամ սահմանադրություն փոփոխելու: Ընդսմին՝ մի սահմանադրություն, որի ընդունելի, նույնիսկ ընդունված լինելը տարիներ շարունակ վիճարկվել է: Վստահության այս ճգնաժամը նշանակում է, որ Քոչարյանը երբեք չի կարողանա սեփական ժողովրդի հավանությունը ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: Եթե հասարակությունը սահմանադրության նման իներտ հարցում կարող է Քոչարյանին հակադրվել, ո՞ւր մնաց՝ փոխզիջումներ պահանջող դիվանագիտական, ռազմական ու կենսական խնդրում: Եթե Քոչարյանի առջեւ կանգնում են քաղաքական խնդիրներ, ապա Դեմիրճյանի առջեւ, կարծես թե, իրավական: Քաղաքական դաշտում Դեմիրճյանը կատարել է բոլոր հնարավոր քայլերը՝ գուցե բարի կամքի գերլարման գնով՝ ընտրություններ չբոյկոտելուց մինչեւ օրինականության շրջանակներում պայքարելու հաստատակամությունը: Իշխանությունների արձագանքը անփոփոխ եղել է կամայականությունն ու ապօրինությունը, արժանի, թերեւս, միայն կամուրջներ այրող պատասխան վերջնաքայլի: Դա կարող է լինել Ստեփան Դեմիրճյանի կողմից խորհրդարանական մանդատից հրաժարվելը: Նախագահի թեկնածուն, ով երկրում թե արտերկրում համարվել է ընտրված նախագահ, առնվազն հոգեբանական դժվարություն կունենա համակերպվելու պատգամավորական գործունեության: Դեմիրճյանը գլխավորեց «Արդարության» համամասնական ցուցակը՝ ընտրողին տեսանելի դարձնելու համար, թե որ քաղաքական գործչին են տրվում իրենց քվեները: Հասարակությունը վստահեց, եւ դաշինքը ներկա կլինի խորհրդարանում: Սակայն Դեմիրճյանն անձամբ եթե չէր գնացել նախկին խորհրդարան, հազիվ թե սպասելի է, որ գնա այս խորհրդարան: Պրագմատիզմի տեսակետից էլ, Դեմիրճյանն ավելի էական խնդիր ունի՝ Եվրոդատարան ներկայացվող՝ ՀՀ նախագահական ընտրություններում «Ազատ ընտրության իրավունքի» ոտնահարման մասին հայցին այժմ հարկ կլինի կցել նաեւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բողոք՝ հիմնավորելու համար գնահատականը, որ Հայաստանում «Ազատ ընտրության իրավունքը» ոտնահարվում է տոտալ կերպով: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգի ԿԸՀ հրապարակած արդյունքները նույնպես հարկ է վիճարկել ազգային դատական ատյանում, այն է՝ ՀՀ ՍԴ-ում: Իմիջիայլոց, ՀՀ ՍԴ-ին էլ համամասնական ընտրությունները անվավեր ճանաչել է պարտադրում ընդամենը ընտրողների մասնակցության թվի մեջ մի քանի հազարի սխալանքը, ուր մնաց տասնյակ հազար:: Չէ՞ որ հետագա բոլոր տոկոսներն ածանցվել ու ստացվել են այդ բազիսային թվից: Դե, իսկ եթե ԿԸՀ նախագահի տեղակալն է շուրջ 60.000 մասնակցի հայտնությունը անհասկանալի համարել, առնվազն այդքան ձայնի սխալանքն ապացուցելը պետք է որ բարդություն չներկայացնի: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել