Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ

Մայիս 30,2003 00:00

ՄԱՐԴԻԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ «Թիվ 20 ընտրատարածքում «Արդարություն» դաշինքի օգտին քվեարկված 350 քվեաթերթիկ դրվել են իշխանամետ կուսակցությունների քվեաթերթիկների վրա։ 12/0274 տեղամասում 96 քվեաթերթիկ հայտնվել է «Օրինաց երկրի» փաթեթում, որից 13-ը «Արդարություն» դաշինքինն է, մնացածը՝ 5 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցություններինը։ 12/0265 տեղամասում «Արդարության» քվեները հաշվառման ժամանակ եղել են 301, արձանագրվել է 96 թիվը, մնացած ձայները գրվել են ՄԱԿ-ի հաշվին։ Թիվ 17-ում բացված երկու տեղամասերում «Արդարության» ձայներն ավելացել են 165-ով, թիվ 18-ի բացված մեկ տեղամասում 110 քվեաթերթիկ դրվել է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի փաթեթներում։ Թիվ 54 ընտրատարածքում բացված մեկ տեղամասում «Արդարության» 63 քվեաթերթիկ դրված է եղել ՀՌԱԿ-ի փաթեթի մեջ»,- այս տեղեկությունները հաղորդելով՝ «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը նկատեց, որ արդար ընտրության դեպքում «Արդարությունը» կարող էր մեծամասնություն լինել ԱԺ-ում։ Ինչպես եւ նախագահականի ժամանակ՝ կոպտորեն խախտվում է «ԸՕ»-ի 62 հոդվածը՝ վստահված անձի պահանջով տեղամասը պետք է անմիջապես բացվի։ Ստ. Զաքարյանի վկայությամբ՝ բազմաթիվ տեղամասեր համառորեն չեն բացվում, իբրեւ օրինակ պրն Զաքարյանը ներկայացրեց թիվ 6-ի 0122 ընտրատեղամասը, որի հարեւան տեղամասում ՀՀԿ-ն ընդամենը 25 քվե է ստացել, իսկ նշվածում՝ 853. «պարզ է, թե ինչ է կատարվել այնտեղ, պարզ է, թե ինչու այդ տեղամասը չի բացվում»։ Ստեփան Զաքարյանը նշեց, որ հաշվարկի ընթացքում ընտրության մասնակիցների թիվը մեկուկես-երկու անգամ ավելացվել է բոլոր տեղամասերում, ինչը գրանցել են նաեւ միջազգային դիտորդները։ Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ՝ վստահված անձանցից շատերը վախենում են բողոք-դիմումները ներկայացնել. «Բողոքները բերում են, մեզնից իրենց կյանքի ապահովության համար երաշխիք են ուզում, որը, ցավոք, մենք չենք կարող տալ, որովհետեւ շատ տեղերում իրավապահ մարմիններն են մասնակից այս ամենին։ Ու երբ մարդիկ իմանում են, որ իրենց անվտանգությունը չենք կարող երաշխավորել, բողոքները վերցնում են եւ ետ են գնում»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել