Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ՍԿՍԵ՞ՆՔ «ՑԵՂՎԵԼ»

Մայիս 30,2003 00:00

ԱՐԴԵՆ ՍԿՍԵ՞ՆՔ «ՑԵՂՎԵԼ» Խորհրդարանական ընտրարշավի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ իր բնագավառում իրականացնում է իր կուսակցության /այսինքն՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության/ ծրագիրը: Դա ինձ վախեցնում է: Որպես ՀՀ քաղաքացի՝ ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ իմ դպրոցական տղան դաստիարակվի «Ստամբուլը արյան ծով դարձնելու» ոգով: Բայց եթե Լեւոնին փոխարինի, ասենք, հանրապետական նախարարը, ապա ես նույնքան դեմ կլինեմ, որ երեխաները 21-րդ դարում պարտադրված լինեն դավանել ինչ-որ անտիկվար «ցեղակրոնություն»: Ավելի հետաքրիքիր կլինի, իհարկե, եթե կրթության նախարար դառնա «Օրինաց երկրի» ներկայացուցիչը: Այդ դեպքում երեխաները առաջին իսկ դասարանից ապրելու են տատիկներին ավանդները վերադարձնելու անիրական երազանքով: Այդպիսի զավեշտի կարող է բերել կուսակցական գաղափարախոսության ներմուծումը կրթական համակարգ: 20-ական թվականներին անվստահելի մտավորականների մասին բոլշեւիկներն ասում էին. «Նրանք բողկի նման են՝ կեղեւը կարմիր է, միջուկը՝ սպիտակ»: Մեր այսօրվա պետական եւ քաղաքական այրերի մասին կարելի է հակառակն ասել՝ ինչ-որ մի անհայտ բանջարեղենի նման նրանք դրսից սպիտակ են, բայց ներքուստ կարմիր: Այսինքն՝ նրանք վստահ են, որ եթե ընկած կոմունիստական գաղափարախոսական կուռքերի փոխարեն դնեն այլ՝ «ազդային» կուռքեր, ամեն ինչ տեղը կընկնի, եւ մեր կրթությունը՝ մասնավորապես եւ հասարակությունն՝ ընդհանրապես կունենան հստակ կողմնորոշիչներ: Հետեւաբար, խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության «ջախջախիչ հաղթանակից» հետո մենք բոլոր շանսերն ունենք ընկնելու նժդեհականության գիրկը: /Ազգի իրական նվիրյալ եւ հերոս Գարեգին Նժդեհն այստեղ, իհարկե, որեւէ մեղք չունի/: Միայն թե պետք է որոշել՝ Նժդեհը Լենինի՞ տեղն է զբաղեցնելու, թե՞ Մարքսի: Եթե Նժդեհը մերօրյա տեղական Մարքսն է, ապա Լենինը, անշուշտ, Անդրանիկ Մարգարյանն է: Երբ կա «գաղափարախոսություն», պետք է լինեն նաեւ նրա քրմերը՝ մարդիկ, որոնք բոլորից լավ գիտեն, թե ինչ է պետք հասարակությանը, եւ ուղղություն են ցույց տալիս մարդկանց, դարձի են բերում մոլորյալներին: Բայց գլխավոր քրմապետից բացի՝ պետք է լինի նաեւ գաղափարախոսության պատասխանատու /«Սուսլով»/: Այդ պաշտոնին առաջարկում եմ հանրապետական պատգամավոր Կոմբիկորմի Վլադին: Վստահ եմ, որ նա առանց «ցեղվելու» ոչ մի գրամ կոմբիկորմ չի վաճառում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել