Ազնիվ դիտորդների աչքերով Երեւանի ամենաաղմկահարույց ընտրատարածքներից մեկը թիվ 18-ն էր, ուր պատգամավորության թեկնածու էին առաջադրվել Սուրեն Աբրահամյանը եւ Գեւորգ Հակոբյանը՝ նույն ինքը՝ Կոմբիկորմի Վլադը: Ընտրությունների օրը, ժ. 19.30-ին «Հաստոցանորմալ» կոչվող գործարանի շենքում տեղակայված թիվ 0403 ընտրամաս էր այցելել ԱՊՀ դիտորդական պատվիրակությունը, որի կազմում էին Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Վլադիմիր Սպիվակը, Ալեքսանդր Օշիցկին եւ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, մեզ բոլորիս քաջ հայտնի Ալեքսանդր Բոժկոն: Վերջինիս հայերեն լավ իմացությունը հետաքրքիր մանրամասներ բացեց այստեղ տեղի ունեցածի վերաբերյալ: Պարոն Բոժկոն նախ ասաց, որ մուտքի մոտ կանգնածները ուղղակի ստիպում էին ներս մտնողներին՝ «թիվ երկուսի կողքը «պտիչկա» դնել» եւ ավելացնում. «Տես, էնտեղ Վլադ գրված չի»: Սակայն ամենազարմանալին քվեարկությունից հետո տեղի ունեցավ, երբ Հակոբյան Գեւորգի վստահված անձի պահանջով ընտրատուփերը եւ մարման ենթակա քվեաթերթիկները բարձրացվել են երրորդ հարկ՝ գործարանի տնօրենի (նույն Վլադի վստահված անձի եւ ազգականի) առանձնասենյակ: Դիտորդները եւս բարձրացան առանձնասենյակ, որը փաստորեն ընտրամաս չէր, սակայն «Ընտրական օրենսգրքում» նշված չէ, որ քվեարկության արդյունքների ամփոփումը պետք է տեղի ունենա նույն տեղում, ինչ եւ քվեարկությունը: ԱՊՀ դիտորդները սա օրենքի բացթողում համարեցին, վստահեցնելով, որ միայն դա թույլ է տալիս ընտրությունները անվավեր ճանաչել: Ուկրաինացի դիտորդները 3 ժամ մնացին տնօրենի առանձնասենյակում, քանի որ տեղեկություն ունեին՝ հօգուտ Հակոբյանի քվեաթերթիկներ լցոնելու մասին եւ ուզում էին սեփական աչքերով տեսնել «գործընթացը»: Հանձնաժողովի նախագահը ակնհայտորեն ձգձգում էր աշխատանքը, մի քանի անգամ վերահաշվարկելով մաքուր մնացած քվեաթերթիկները: Երեք ժամ անց, համոզվելով, որ դիտորդները չեն գնալու եւ լցոնման գործընթացը տապալվել է, հանձնաժողովը արձանագրեց, որ համամասնական, մեծամասնական ընտրությունների եւ հանրաքվեի համար ստացած 1800-ական քվեաթերթիկներից 1327-ականը մարման են ենթակա: Ստորագրությունները հաշվելուց հետո պարզվեց, որ թիվ 0403 ընտրամասում ընտրությունների է մասնակցել ընդամենը 473 ընտրող: Միայն համոզվելուց հետո, որ մարման ենթակա բոլոր քվեաթերթիկները պատռված են, դրված փաթեթների մեջ եւ կնքված, դիտորդները դուրս են եկել շենքից: Ըստ Սուրեն Աբրահամյանի շտաբից ստացած տեղեկատվության, սա միակ ընտրամասն էր, ուր զանգվածային լցոնման փաստ չի արձանագրվել, թեեւ վստահված անձանց վկայությամբ հընթացս «աշխատանք» կատարվել է՝ բաց քվեարկություն, նույն անձանց կրկնակի, եռակի քվեարկություն, կարուսել եւ այլն: Քանի որ 18 ընտրատարածքի մյուս ընտրամասերում ընտրողների մասնակցությունը չի տարբերվել թիվ 0403 ընտրամասից, կարելի է միանգամայն պատկերացնել, թե ինչպես է ԱԺ պատգամավոր դառնում Հանրապետական կուսակցության անդամ Գեւորգ (Վլադ) Հակոբյանը: Մի պատգամավոր, որի գործունեությունը ԱԺ աշխատանքի նախորդ 4 տարիներին աննկատ անցավ, ոչ միայն իր «ընտրողների», այլեւ ԱԺ աշխատանքներին հետեւողների համար: Բայց սա թերեւս հանրապետականներին, որոնք իրենց քարոզարշավի ժամանակ շռայլորեն պատկերել եւ վկայակոչել են Վազգեն Սարգսյանին, այդքան էլ չի հուզում: Ա. Բ.