Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԹԻՎ 18-ՈՒՄ ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է»

Մայիս 30,2003 00:00

«ԹԻՎ 18-ՈՒՄ ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է» Երեկ հայտարարեց գեներալ Սուրեն Աբրահամյանը «Արդարություն» դաշինքի երեկվա ասուլիսում ետընտրական իրենց բողոքները ներկայացրին մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներ Ղուկաս Ուլիխանյանը (թիվ 3 ընտրատարածք), Շավարշ Քոչարյանը (թիվ 16) եւ Սուրեն Աբրահամյանը (թիվ 18)։ Քանի որ բոլորի նշած խախտումները խիստ նման էին իրար, անդրադառնանք միայն մեկին՝ Սուրեն Աբրահամյանի ներկայացրածին։ Պրն Աբրահամյանը նախ ասաց, թե արդեն երկու-երեք ամիս շարունակ «դժոխային փորձություններով գնում եմ դեպի ընտրություններ. երեւի մամուլից գիտեք կիսատ-պռատ՝ հարուցված քրեական գործեր, մարզադաշտ, Ֆեդերացիայի ստուգումներ, մայկա-տրուսիկներ, գնդակներ։ Այդ բոլորին դիմակայեցի։ Դուք երեւի իմացաք, որ ինձ վրա գործ սարքող գլխավոր դերակատարները Հայկ Հարությունյանն ու Գիզիրյանն էին, ցավոք սրտի, ժամանակին էլ նրանք՝ կրունկը կրունկին խփելով, կործանեցին Վանոյին։ Վանո Սիրադեղյանի դժբախտության ամենամեծ պատճառն այն էր, որ այդ կարգի օգնականներ ուներ։ Համակարգ են ստեղծել, որն իրենց էլ է խժռելու, չի ներելու իրենց։ Ինչեւէ, ծեծ-հալածանք՝ միայն նրա համար, որ ինձ շտաբի տարածք են տրամադրել։ Խնդիրը մեկն էր, որ ես թեկնածությունս հանեմ։ Այն նույն Գիզիրյանն էր այդ ամենը կատարում, որը ժամանակին իմ պայմանական հակառակորդին՝ Վլադ (Գեւորգ) Հակոբյանին ծեծեց ու անպատիժ մնաց։ Ես Հակոբյանի հետ որեւէ խնդիր չունեմ, միայն ցավում եմ, որ նա չի կարողանում հասկանալ, որ իրեն որպես գործիք օգտագործում են Աբրահամյանի դեմ։ Աբրահամյանի կոնֆլիկտն օրինական իշխանությունների ձեւավորման պահանջի հետ, իջեցրին Աբրահամյան-Վլադ հարաբերության»։ Պրն Աբրահամյանը հիշեցրեց ժամանակին Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակը (տպագրվել է «Առավոտում»), որում մասնավորապես հետեւյալ դիմումը կար. «Մի խնդրանք ունեմ քեզ՝ մոր կաթ չկերած քո բացարձակ հովանավորությունից օգտվող պագոնավոր ու կրիմինալ էդ տականքներին ասեք՝ ինձ հանգիստ թողնեն։ Վերջը մարդ եք, ես բավականին մեծ ծառայություն ունեմ այս պետության առաջ, ինձ հետ այս ձեւով չի կարելի վարվել»։ ՆԳ նախկին նախարարը վստահեցրեց, որ ինքը պինդ մարդ է. «շատ դժվարություններ եմ տարել, սա էլ եմ տանելու եւ ուզում եմ ներողություն խնդրել այն մարդկանց, որոնց հալածում են ինձ համար»։ Պրն Աբրահամյանն ասաց, որ միլպետը չի ուզում իր հետ հանդիպել որպես պատգամավորության թեկնածու. «շեֆ ջան, կներես, ցավդ տանեմ, չեմ կարող հանդիպել»։ Եվ 56 տարեկան իմ մանկական ընկերոջը, իմ լիազորված անձին, որի տղան ԱԱ մայոր է, գիշերը ժամը 12-ին վարտիք-շապիկով տնից հանում եւ տանում են Վլադի բենզակալոնկա, ատրճանակը հանում են եւ սպառնում՝ գնա, ասա, որ Ջհանգիրիչը չբողոքի։ Եթե ԱԱ մայորի հայրը պաշտպանված չէ եւ հալածվում է Սուրեն Աբրահամյանի լիազորված անձը լինելու համար, բա մյուսնե՞րն ինչ ասեն, ի՞նչ բողոքի մասին է խոսքը»։ Պրն Աբրահամյանն ասաց, որ իրեն արգելում են, որ այս ամենի մասին զեկուցի ԱԱ նախարարին։ Վստահ ենք, մեր թերթը պրն նախարարն ուշադիր է կարդում եւ արդեն իմացավ, որ «սիրեք-չսիրեք, բայց Կառլոս Պետրոսյանը պատվախնդիր սպա է, համենայնդեպս՝ տեր կկանգներ իր աշխատողի հոր նկատմամբ այդ անարգանքին»։ Վերադառնալով թիվ 18-ում ընթացող բողոքարկումներին, պրն Աբրահամյանն ասաց, որ արդեն մի քանի տեղամասերի վերաբերյալ ինքը դիմել է դատախազություն։ Նա պատմեց, որ հանձնաժողովի կոմունիստ անդամին ծեծել են, ԱԺՄ անդամը վախից փախել է. «բոլոր 26 ընտրատեղամասերում կնիքն օգտագործված էր, միայն վեց տեղամասում ենք կարողացել այդ բանն արձանագրել։ Կարուսել, հեծանիվ, մոտոցիկլ, էդ ի՞նչ եք ասում, ինձ մոտ նույնիսկ ընտրակաշառքը չափանիշ չէ։ Իմ մրցակցի հետ հանդիպել եմ, ասել եմ՝ Արեշը իրար դեմ չպիտի հանենք, դու՝ ընտրակաշառք, ես աչք եմ փակում։ Ինձ համար դա խնդիր չի, վատ բան եմ ասում, բայց այդ ամենի համար չեմ բողոքում»։ Ամենախայտառակը տեղի է ունեցել ընտրատեղամասերը փակելուց հետո։ Սուրեն Աբրահամյանը ներկայացրեց նաեւ դատախազությանն ուղղված դիմումներից մեկը։ Ըստ այդմ՝ մեկ քվեատուփում տեղավորվել է 3 հազարից ավելի քվեաթերթիկ, որը գործնականում անհնարին է, նաեւ՝ անհամապատասխանություն կա սահմանադրական հանրաքվեի մասնակիցների եւ ընտրությունների մասնակիցների թվի միջեւ. «թիվ 0409/18 տեղամասային հանձնաժողովի նախագահը, խախտելով «ԸՕ»-ի 60 հոդվածի առաջին կետի պահանջները՝ քվեարկությունների ամփոփման նիստը սկսել է երեք ժամ ուշացումով։ Համատարած 5 տեղամասերում հանձնաժողովների նախագահների մեջ մեկ էլ հանկարծ ցեցն ընկել է՝ փակել են, թե վատ են զգում»։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները սկսել են տեսակավորել քվեաթերթիկները՝ առանց հայտարարելու, թե ո՞ւմ օգտին են քվեարկված, իսկ այդ պահին մի քանի տեղամասային հանձնաժողովներ հոսանքազրկվել են։ Բոլոր խախտումները ներկայացնելուց հետո պրն Աբրահամյանն ասաց, որ այսպես չի կարելի. «մենք նոր մարդկային ձեւ ենք ստեղծում ստրուկի եւ սրիկայի խառնուրդով, այսպես չի կարելի վարվել սեփական ժողովրդի հետ։ Ո՞նց կարելի է այս աստիճանի իշխանական, իրավական նիհիլիզմ ստեղծել մարդկանց մեջ։ Ախր էս ատելությունն ուրիշ պրոցեսներ է բերելու, որի տակից ո՛չ դուք, ո՛չ մենք դուրս չենք գալու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել