Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿՎՈՒՄ ԵՆ

Մայիս 30,2003 00:00

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՈՂՈՔԱՐԿՎՈՒՄ ԵՆ Սմբատ Այվազյանի հաղթանակը հաստատվել է Ետընտրական կրքերը չեն հանդարտվում Նոր-Նորքի թիվ 3 ընտրատարածքում, որտեղ 25 ընտրատեղամասերից 23-ում քվեարկության արդյունքները վերահաշվարկելու պահանջ է ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ղուկաս Ուլիխանյանը: Այս ընտրատարածքում 25-ից 8 ընտրատեղամասերում ընտրություններ, որպես այդպիսիք, չեն եղել, որովհետեւ քվեարկության կեսից հանձնաժողովներն ընտրությունները «բոյկոտել են»: Այդ առնչությամբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Ֆրունզիկ Վարդանյանն է հատուկ կարծիք ներկայացրել՝ մատնանշելով տեղ գտած օրինախախտումները: Ղ.Ուլիխանյանը, նաեւ այդ փաստը նկատի ունենալով եւ վկայակոչելով Ֆ.Վարդանյանի հատուկ կարծիքը, պահանջում է թիվ 3-ում ընտրություններն անվավեր ճանաչել՝ առայժմ ապարդյուն: Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հաղթանակը վիճարկել էր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը: Բացվել էին վերջինիս մատնանշած մի քանի ընտրատեղամասեր, ձայները վերահաշվարկվել էին ու պարզվել էր, որ խախտումներ, կեղծիքներ չէին եղել: «Սա իմ հաղթանակը չէր: Սա այս ընտրատարածքի ժողովրդի հաղթանակն էր: Գոնե մեր ընտրատարածքում, կարծում եմ, մարդիկ սկսեցին վստահել իրենց ուժերին ու հավատալ, որ իրենց կատարած ընտրությանը հնարավոր է տեր կանգնել»,- նկատեց Ս.Այվազյանը՝ հավելելով, որ այստեղ պայքարը իշխանության դեմ էր, որովհետեւ վարչական ողջ լծակներն աշխատում էին իր դեմ: Ս.Այվազյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ոչ բուն ընտրությունների ընթացքի, ոչ ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված բողոքներ այս ընտրատարածքում պետք է որ նույնիսկ չլինեին, որովհետեւ առիթը չկար: Տեղամասերում ձայների վերահաշվարկի արդեն կեսից բողոքարկող կողմն ինքն էլ, թերեւս, համոզվել էր, որ ընտրատարածքի որեւէ տեղամասում խախտումներ լինել չէին էլ կարող: «Այլ խնդիր է, թե մրցակցի թիմակիցներն ու նախընտրական շտաբի ներկայացուցիչները իրենց թեկնածուին ինչ թվեր ու ինչպիսի իրավիճակ էին ներկայացրել»,- նկատեց Ս.Այվազյանը: Վերջինս վստահեցրեց, որ եթե հանձնաժողովներում սկսեին վերահաշվարկել անվավեր քվեաթերթիկները, իր ստացաձ ձայները դեռ մեծ չափով կավելանային. «Պարզապես իմ վստահված անձինք դրա վրա մեծ ուշադրություն չեն դարձրել, որովհետեւ տիրապետում էին իրավիճակին եւ ակնհայտորեն գիտեին, որ մեր կողմից խախտումներ հաստատապես չեն եղել»: Ի դեպ, Ս.Այվազյանի ասելով, իր մրցակից Սամվել Ավետիսյանն էլ երեկ շնորհավորել էր իրեն: Սպասվում է, որ այսօր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի ու որոշում կկայացնի Ս.Այվազյանի ընտրությունը ճանաչելու վերաբերյալ: Գյումրիի թիվ 48 ընտրատարածքում էլ ընտրական կրքերը չեն հանդարտվում: Այստեղ մայիսի 25-ի ընտրությունների արդյունքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Աշոտ Աղաբաբյանը՝ «Բուռնաշը»: Վերջինս ստացել է քվեարկած քաղաքացիներից 8084-ի վստահության քվեն: Մյուս երկու հիմնական թեկնածուներ Ռոբերտ Զաքարյանի («Չուլոչնու Ռո») եւ Աշոտ Զաքարյանի օգտին քվեարկել էին համապատասխանաբար 5544 եւ 1441 ընտրող: Դեռ ընտրությունների օրը Աշոտ եւ Ռոբերտ Զաքարյանները հանդես էին եկել հայտարարությամբ՝ արձանագրելով այդ ընտրատարածքում տեղի ունեցած օրինախախտումները: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Ռ.Զաքարյանը բողոք էր ներկայացրել թիվ 48 ընտրատարածքային հանձնաժողովին՝ պահանջելով ստուգել քվեարկության արդյունքները: ԸԸՀ-ն թեկնածուի պահանջը մերժել էր: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռ.Զաքարյանը մտադիր է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին՝ Ա.Զաքարյանին, որին պաշտպանում էր «Արդարություն» դաշինքը, ապա՝ վերջինս երեկ իր ձեռքի տակ եղած ընտրախախտումների, մասնավորապես՝ կրկնակի քվեարկության փաստերի մասին արձանագրությունները, խոստացածի համաձայն, տրամադրել է դատախազությանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել