«EUROVISION»-Ը ԱՆՀԱՄ ԿՈՆՖԵՏ ԷՐ» Մայիսի 25-ին Ռիգայում բացվեց «Eurovision» հեղինակավոր մրցույթը։ Եվ մինչ այն հեռարձակող «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարում երաժշտաշխարհի որոշ ներկայացուցիչներ ու պաշտպանության նախարարը հաշվում էին, թե քանի միլիոն կհոսի Հայաստան, եթե «Eurovision»-ը մեր երկրում անցկացվի (հայ երգչի կամ երգչուհու հաղթելու դեպքում, իհարկե), Ռիգան «նվաճեց» թրքուհի Սեթրաբ Էրները։ Ի հեճուկս հայ «հաշվարարների», միլիոնավոր դոլարները մտնելու են Թուրքիա, որովհետեւ հաջորդ «Eurovision»-ը այնտեղ է լինելու։ «Այ քեզ հայի բախտ»,- այս առիթով ափսոսաց Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արթուր Գրիգորյանը, որի կարծիքով, մրցույթը նման էր գեղեցիկ փաթեթավորված անհամ կոնֆետի։ Ըստ Ա. Գրիգորյանի, «Eurovision»-ով հետաքրքրվող 160 մլն մարդու հրամցվեց ընդամենը «շատ գեղեցիկ դահլիճ, շքեղ լուսային շոու, որի մեջ բան չկար, ավելորդ է նույնիսկ լավ երգի մասին խոսելը. թերեւս ամենահաջողը հույն աղջկա կատարումն էր, բայց արի ու տես, որ նման երգերն այսօր պետք չեն»։ Երգի թատրոնի տնօրենը համոզված է, որ այժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում լավ երգի ու հատկապես համեստ երգչուհու (ոչ ոտքերով երգող) դեֆիցիտ կա։ Նա նաեւ ավելորդ չհամարեց նշել, որ մեր երգային արվեստը վատը չէ, պարզապես պետք է գտնել այն լավ եւ ճիշտ ներկայացնելու օպտիմալ տարբերակը։ «Արմենիայի» տաղավարում մրցույթի մասին հնչած աննախադեպ լավատեսական-զգացմունքային խոսակցությունները Ա. Գրիգորյանը բացատրեց զուտ պահի տակ ծնված ոգեւորությամբ, որը անցողիկ է։ Այսօր, երբ բոլորը սթափ են. «Խառնվել ենք իրար, չգիտենք ում պետք է պատրաստենք հաջորդ «Eurovision»-ին մասնակցելու համար։ Ճիշտ է, մեր երգիչները լավ տվյալներ ունեն, բայց, օրինակ, Հայկոյին ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել այն կոնտեքստում, որն ընդունվում է»։ Ըստ նրա, պահանջվող թեկնածուին միայն երկար փնտրտուքից հետո կարելի է գտնել։ Նա վստահ է, որ վերջապես «գտնվածը» կկարողանա իսկապես երեւալ հեղինակավոր մրցույթում. «Պետք է մտածել շատ արտասովոր մի բան, որը լինի երեւույթ։ Ճիշտ չէ մրցույթում ներկայանալ այնպես, ինչպես անում են եվրոպացիները։ Այդ դեպքում հաստատ 40-րդ տեղը կգրավենք»։ Ի դեպ, «Eurovision»-ը ունի սահմանափակումներ եւ որոշակի ստանդարտներ։ Թեկուզ այն, որ կատարումը պետք է զերծ լինի էթնիկ տարրերից, իսկ բեմում 6-ից ավելի արտիստներ չպետք է երեւան։ Ա. Գրիգորյանը դեմ է նաեւ դուդուկի՝ «Eurovision» «տանելուն». «Դուդուկը դարձել է պոռնիկ, կորցրել է իր ճիշտ տեղը։ Նրանով դժվար է արդեն զարմացնելը, որովհետեւ ինչ-որ ռուս աղջիկներ այսօր կարող են ախմախ երգի տակ դուդուկ հնչեցնել»։ Իսկ ընդհանրապես, նա դեմ է վուլգարությանը, որը հաճախ «ներմուծվում» է դրսից՝ ուրիշներին կապկելու արդյունքում. «Վուլգարությունը որոշ առումով ռուս ազգին սազում է, ինչպես, օրինակ, տրամվայ քշելն է ռուս կնոջը սազում։ Հայի վուլգարը խայտառակություն է։ Հայկական հեռուստատեսությամբ երբեմն այնպիսի բաներ են ցուցադրում, որ ինձ համար «անտիսանիտարիա» է ու չեմ ցանկանա 15-ամյա աղջիկս դիտի։ Տաղանդավոր երգիչներ էլ ունենք, որ գումար չունեն տեսահոլովակ նկարելու, ճանաչվելու։ Նրանց կողքին ոմանք հզոր հովանավորներ ունեն ու օրական 7 հոլովակ են նկարում։ Աշխատելու ենք շնորհալիների միջից ընտրել մարդու, որ կարողանա Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ