Բա որ նույնը անեն մե՞ր հանդեպ Մինչ 2001թ. մեր երկրի՝ Եվրախորհրդի անդամ դառնալը, Հայաստանը ստորագրել (11.05.01) ու վավերացրել էր (25.01.02) ե՛ւ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան՝ պարտավորվելով կատարել դրա պահանջները՝ ասորերեն, հունարեն, ռուսերեն, քրդերեն եւ եզդիերեն լեզուների մասով, ե՛ւ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության հիմնարար համաձայնագիրը (ստ. 25.07.97, վավ. 20.07.98): Ըստ վերջինիս, «ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձ իրավունք ունի ազատորեն եւ առանց խոչընդոտի օգտագործել իր փոքրամասնության լեզուն՝ ե՛ւ ընտանիքում, ե՛ւ հասարակության մեջ»: Խարտիան ստորագրող կողմերը պետք է ընդունեն, որ փոքրամասնությանը պատկանող ցանկացած անձ իրավունք ունի սովորել իր փոքրամասնության լեզուն: Համաձայն խարտիայի, անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել՝ ազգային կամ փոքրամասնության լեզվով պատմության եւ մշակույթի դասավանդումը երաշխավորելու համար, եւ այդ նպատակով ապահովել դասատուների հիմնարար վերապատրաստումը կամ որակավորման բարձրացումը. «Կողմերը պարտավորվում են հավասար հնարավորություններ ապահովել մանկավարժական ուսուցման ու դասագրքերի մատչելիության հարցերում, խրախուսել շփումները տարբեր համայնքների աշակերտների եւ դասատուների միջեւ»: Սակայն մանկավարժական անձնակազմի եւ դասագրքերի պակասը Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար իրենց ազգային լեզվով կրթություն ստանալու ամենալուրջ խոչընդոտներն են: Մինչդեռ՝ «որպեսզի կատարվի կրթության հավասար մատչելիության կետի պահանջը, պետությունը պետք է ակտիվորեն օժանդակի ազգային փոքրամասնությունների լեզուներով կրթությանը»: Սակայն մեր պետությունը դեռեւս շատ հեռու է այս հարցերում նրանց օժանդակելուց: Եվ պետք է նշել, որ հատկապես մեր օժանդակության կարիքն զգում են այն փոքրամասնությունները, ովքեր իրենց երկրից օգնություն չեն կարող ակնկալել: Խոսքը ասորիների, եզդիների, քրդերի մասին է: Այս առումով բարվոք վիճակում է միայն ռուսական համայնքը, որ ապահովված է թե դասագրքերով, թե անհրաժեշտ մասնագետներով: Չմոռանանք նաեւ մեր օրենքներում առկա ձեւականության պահը: Թեպետ հայկական օրենսդրությունը ճանաչում է ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքը՝ սովորել իրենց մայրենի լեզուն: Իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ «հայերենը ՀՀ տարածքում կրթության եւ ուսուցման լեզուն է, սակայն, միեւնույն ժամանակ, վերապահում է հնարավորություն, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համայնքներում կրթությունն ու ուսուցումը կազմակերպվի այդ փոքրամասնությունների մայրենի լեզուներով՝ որպես պետական ծրագրի բաղկացուցիչ եւ պետության օժանդակությամբ՝ պահպանելով հայոց լեզվի պարտադիր ուսուցումը»: Սակայն այս դրույթը անհասկանալի է դառնում հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում որոշել ազգային փոքրամասնությանը պատկանող աշակերտների նվազագույն թիվը, որպեսզի հնարավոր լինի վերը նշված կրթության ապահովումը: Ուրեմն, նախեւառաջ պետք է ձեռնարկվեն այն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի իրականացվի նրանց իրավունքները: Բացի այդ, «Լեզվի մասին» օրենքը չի ապահովում փոքրամասնությունների լեզուների բավարար պաշտպանություն: Օրենքը չի պարունակում իշխանությունների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործման վերաբերյալ մանրամասնություններ: Այսպես՝ ըստ այս օրենքի 4-րդ հոդվածի, «ՀՀ տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունները պարտավոր են իրենց փաստաթղթերը, բլանկները եւ կնիքները պատրաստել հայերեն լեզվով՝ միաժամանակ ապահովելով դրանց թարգմանությունն իրենց ազգային լեզվով»: «Սակայն պետական ծառայությունների ապահովումը փոքրամասնությունների լեզուներով պետության պարտավորությունն է, այլ ոչ թե այդ փոքրամասնությունների կազմակերպություններինը,- ասվում է ԿԳՆ եզրակացության մեջ,- այս առումով, փոքրամասնությունների մասին օրենքի անհրաժեշտությունն ակնհայտ է»: Ընդհանրապես՝ ազգային փոքրամասնությունների հանդեպ ցանկացած վերաբերմունք դրսեւորելիս մեր պետությունը չպետք է մոռանա, որ հայերս ամբողջ աշխարհով մեկ ցրված ազգ ենք, եւ նույնը կարող են այլ ազգերը անել մեր հանդեպ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ