Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԻՆ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՉԳԻՏԵՆՔ

Մայիս 29,2003 00:00

ՏՈՆԻՆ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՉԳԻՏԵՆՔ Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Բաղրամյանի անվան մոտոհրաձգային ուսումնական բրիգադ (գործում է 1992-ից)։ Մինչ արարողակարգի սկսվելը գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ներկայացրեց ծրագիրը՝ պետք է բացվեր ճաշարանը եւ վերանորոգված զորանոցը։ Վերանորոգվել էր նաեւ շտաբը։ «Նախագահը գալիս է, որ իր աչքով տեսնի, թե ինչ ենք արել, ինչպես ենք պատրաստվում նորակոչիկներին դիմավորել»,- ասաց Մ. Հարությունյանը։ «Առավոտի»՝ կատակով արված ռեպլիկին, թե զորամասի ասֆալտը նախընտրակա՞ն է, հետեւեց միանգամայն լուրջ պատասխան. «Չէ, պլանով ասֆալտ է»։ Գեներալը նշեց, որ նախկինում կար ջրի պրոբլեմ եւ երեք ջրագծերի անցկացումից հետո այն հաղթահարվել է։ Եկավ նախագահը եւ նրա մասնակցությամբ բացվեց ճաշարանը։ Այդպիսի ճաշարան, ի դեպ, ոչ բոլոր զորամասերն ունեն։ Այն կարող է միաժամանակ սպասարկել 600 հոգու։ Նորակոչիկների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ինչպես հանգստի, այնպես էլ ուսումնական ծրագրերը իրականացնելու համար։ 13 թվակիր սենյակում նորակոչիկը կարող է օգտվել հոգեւոր սպասավորի ծառայությունից։ Շենքի ներսում կար «ձկան արտադրամաս», որը փոքր էր եւ դեռ պարզ չէր, թե ինչպես կիրականացվի արտադրությունը։ Զորանոցում կարգուկանոն էր տիրում, յուրաքանչյուր սենյակում տասական երկհարկ մահճակալ էր դրված։ Փաստորեն, նախագահի այցից հետո զորամասը կգործարկվի։ Այս այցելությունից հետո նախագահին սպասում էին Սարդարապատի հուշահամալիրում։ Զորահանդեսից հետո ծաղկեպսակ դրվեց Սարդարապատի հերոսների հուշահամալիրին։ Ներկա էին արտերկրի դիվանագետներ, Ամենայն հայոց կաթողիկոսը, ՍԴ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, դեռեւս պաշտոնանկ չեղած նախարարներ։ Թե զորամաս այցելելիս, թե այս հանդիսությանը նկատեցինք, որ մեր պաշտոնյաները ուրախանալ չգիտեն։ Դեմքերի սառն արտահայտությունը չփոխվեց նույնիսկ այն ժամանակ, երբ, օրինակ, Սարդարապատի հուշահամալիրում լսվում էին այս տոնին ոչ հարիր երգեր, մասնավորապես՝ «Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել…»։ Չհնչեց միայն «Անապատի արեւը»: Բացվել էին «համամասնական սեղաններ»՝ Արմավիրի տարբեր գյուղերից մրգերով, չալաղաջով, խմիչքով։ Երկար ժամանակ պահանջվեց նախագահից, մինչեւ հասներ համալիրի վերջը։ Կատակով նկատեցինք, որ «28 ընտրատարածքում» ցանկալի կլիներ, որ մեծամասնական լիներ սեղանը։ Մի հատ եւ վերջ։ Եվ ոչ 25-ից ավելի։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը տեսնելով սեղանի ձեւավորված բանանները, կամաց հարցրեց, թե որտեղից։ ՀՀ նախագահը սրամտորեն նկատեց. Ղարաբաղից։ Մնացած մանրամասները դժվար էր գրի առնել թիկնազորի աչալուրջ հայացքի եւ ընդհանուր վազվզոցի պայմաններում։ Զորամասի հետ կապված, Սերժ Սարգսյանն ասաց. «Այն, ինչ ասել էի տարիուկես առաջ, որ այդ զորամասը պիտի դառնա օրինակելի՝ բանակի համար, մենք համարյա հասել ենք դրան։ Մենք պարտավոր էինք այդ անել»։ Զարմանալի տխրությամբ (համամասնական թախիծ) նախագահի եւ նրան առընթեր պաշտոնյաների գործողություններին հետեւում էր ՀՅԴ պատվիրակությունը՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Սարդարապատի տոնը, մեր համեստ դիտարկմամբ, վերաբերում էր կարծես միայն հանրապետության նախագահին, ԼՂՀ նախագահին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Մնացածներն ասես ուշադրությունից դուրս վիճակում լինեին եւ միակ ուրախ դեմքը, որ նկատվեց, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր։ Նախկին քաղբանտարկյալ, վարչապետի կրոնի հարցերով խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը երեկ «Առավոտին» ասաց. «Մայիսի 28-ը բոլոր ժամանակներում, մեր բոլոր տղաների համար շատ կարեւոր օր է եղել։ Դիմումներով, հացադուլներով հանդես ենք եկել ի պաշտպանություն այդ օրվա։ Այսօր զարմանքով պետք է ասեմ, որ մենք հեռավոր կարոտով ենք խոսում 1918-20թթ. տեսիլքի մասին։ Տեսիլքը շատ կարեւոր ու էական է, քան իրականությունը, չմոռանալով, որ մենք ենք վերականգնում այն տեսիլքը եւ այսօրը՝ 12-ամյա անկախ պետականության։ Մենք ունենք 12 տարվա անկախ պետականություն, բայց խոսում ենք այն 2 տարվա երազային անկախության մասին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել