Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անտեսված են աշխատակիցների շահերը

Մայիս 29,2003 00:00

Անտեսված են աշխատակիցների շահերը Բաց նամակ հանրապետության ղեկավարությանը Վերջին 5-6 տարիներին հայկական ավիացիայի համակարգում երկու կարեւոր ծառայություններ անջատելով ու միացնելով՝ մեկ «Զվարթնոց» օդանավակայանին, մեկ «Հայկական ավիաուղիներին», վերջնականապես լուծարեցին, հաշվի չառնելով այդ ծառայություններում աշխատողների շահերն ու իրավունքները։ Այդ ծառայությունների աշխատողների նկատմամբ պետք է կիրառվի այն կարգը, ինչը կիրառվեց անցյալ տարի «Զվարթնոց» օդանավակայանից կրճատված աշխատողների նկատմամբ։ Եթե նոր սեփականատերը չհամաձայնի, դա պետք է իրականացվի պետբյուջեի հաշվին, քանի որ այդ մարդիկ իրենց կամքով չեն տեղափոխվել «Զվարթնոցից» ՀԱՈՒ։ Մեզ՝ կրճատվածներիս մեծ մասին անհայտ է, թե ինչ օրենքով են մեզ ազատել, ի՞նչ է նշանակում «օդային չվերթեր» հանձնելը կամ վաճառելը։ Ի՞նչ է նշանակում՝ մարդուն 60 տարեկան հասակում զրկել աշխատանքից եւ փոխարենը ոչինչ չառաջարկել, այն էլ այն դեպքում, երբ պետությունը պարտքեր ունի այդ քաղաքացուն։ Այս տարի ստեղծվելիք 40000 աշխատատեղից մի հազարը ինչո՞ւ չեք առաջարկում (տարին կես է եղել) մեզ՝ կրճատվածներիս։ Մինչեւ հիմա վճարված չի անգամ վերջնահաշվարկը։ Մի չինովնիկ հեռուստատեսությամբ հայտարարեց, թե աշխատողները կարող են դիմել դատարան։ Ի՞նչ է, դատարանը 1600 աշխատատե՞ղ է հատկացնելու, թե՞ դատելու է կառավարությանը։ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՈՒ-ի նախկին աշխատակից Կրճատումներով տպագրում ենք նաեւ ՀԱՈՒ-ի արհմիութենական կոմիտեի ընդհանուր ժողովի որոշումը. «2003թ. մայիսի 17-ին տեղի ունեցավ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ եւ Թռիչքային ծառայության արհմիությունների կողմից կազմակերպված ավիաաշխատողների ընդհանուր ժողով, որին մասնակցում էր «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության 826 աշխատակից։ Ժողովում քննարկվեց ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի թիվ 331-Ա որոշումը՝ «Լիազորություններ վերապահելու մասին»։ Հարցը քննարկելուց հետո որոշում ընդունվեց դիմել ՀՀ կառավարությանը եւ «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության հիմնադիր հանդիսացող ՀՀ կառավարությանն առընթեր ՔԱԳՎ-ին. 1. Վերանայել վերը նշված որոշումը եւ հաստատել «ՀԱՈՒ» ՓԲԸ կարգավիճակը, ելնելով «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներից։ 2. Պահպանել «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության իրավունքներն ու պարտականությունները՝ համաձայն «ՀԱՈՒ» ՓԲԸ կանոնադրության, քանի որ կանոնադրության պահանջները պարտադիր են ընկերության բաժնետերերի եւ ընկերության բոլոր մարմինների համար։ 3. «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության իրավունքները եւ պարտականությունները թողնել անփոփոխ, որպես «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության իրավահաջորդ։ 4. Պահուստային հիմնադրամը օգտագործել ընկերության կորուստները ծածկելու, ընկերության պարտատոմսերը մարելու, ընկերության բաժնետոմսերը ետ գնելու համար։ 5. Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի թիվ 20 հոդվածի՝ «ՀԱՈՒ» ՓԲ ընկերության մասնավորեցման դեպքում՝ նրան պատկանող գույքի օգտագործման իրավունքն ու պարտականությունները թողնել անփոփոխ։ 6. «ՀԱՈՒ» ՓԲԸ մասնավորեցման դեպքում, ընկերության բաժնետոմսերի 60%-ը տրամադրել «ՀԱՈՒ» ՓԲԸ կոլեկտիվին։ 7. Սահմանափակել աշխատողների մասսայական աշխատանքից ազատման գործընթացը, փոխհատուցել աշխատանքից ազատվածներին պատճառած վնասը, վճարելով վերջին 1 տարվա միջին աշխատավարձի չափով գումար (վճարման ժամկետը սահմանել ՀՀ օրենսդրությամբ)։ 8. Անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ կարճ ժամկետում փակելու ավիաաշխատողների 8-10 ամսվա գոյացած աշխատավարձերի պարտքերը։ Ակնկալվում է բարձրացված հարցերի դրական լուծում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել