Լրահոս
Օրվա լրահոսը

35 ձայնը դարձավ 1138

Մայիս 29,2003 00:00

35 ձայնը դարձավ 1138 ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին երեկ նամակով դիմել է ԿԸՀ-ին՝ Արմավիրի թիվ 29 ընտրատարածքում արձանագրված ընտրախախտումների առնչությամբ: Նամակում մասնավորապես նշվում է, թե դեռ ընտրություններից առաջ էին առաքելությանը զգուշացրել, որ թիվ 29 ընտրատարածքում սպասվում են «լուրջ խախտումներ, ներառյալ՝ բռնության հնարավոր դեպքեր տեղամասային հանձնաժողովների անդամների դեմ»: Ռոբերտ Բերրին նշում է, թե իրենք էլ էին նկատել, որ նախագահի ընտրության ժամանակ այդ ընտրատարածքում խախտումների ցուցանիշները բարձր են եղել՝ արձանագրվել է ե՛ւ քվեատուփերի լցոնումներ, ե՛ւ «կարուսել»: Արդեն ԱԺ ընտրության ընթացքում միջազգային դիտորդները նկատել են. «Թիվ 800 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն անընդհատ դուրս էր գալիս տեղամասից եւ մտնում թիվ 30-ում ՀՀԿ մեծամասնական թեկնածուի՝ Նահապետ Գեւորգյանի նախընտրական շտաբ»: Նամակում թվարկված են բազմաթիվ խախտումներ՝ «ահավոր ձեւով» է ընթացել քվեների հաշվարկը: Բացի այդ՝ «800, 801 եւ 801/1 տեղամասերի վստահված անձինք հայտնել են, որ գողացվել են քվեաթերթիկների փաթեթներ»: Արտառոց փաստերից մեկը հետեւյալն է. «Թիվ 800 տեղամասում դիտորդական առաքելության անդամները հաշվարկել էին, որ քվեարկել է 542 հոգի, որոնցից 35-ը ձայն է տվել ՀՀԿ-ին: Իսկ ՏԸՀ հայտարարած հաշվարկը հետեւյալն էր՝ 1464 ձայն, որից 1138-ը՝ ՀՀԿ ցուցակի օգտին»: Ռոբերտ Բերրին մեկ այլ արտառոց փաստ էլ է նշում, թե երբ ժամը 20:15-ին դիտորդները հեռացել էին թիվ 801 տեղամասից՝ հանձնաժողովի անդամն ասել էր նրանց, թե քվեարկել է 130 մարդ, սակայն այդ տեղամասի նախնական հաշվարկը ԿԸՀ-ն ներկայացրեց իբրեւ 1194 ձայն: 801/1 տեղամասում նույն պատկերն է եղել՝ մինչեւ քվեարկության ավարտն օգտագործվել է միայն մեկ քվեատուփ եւ այն էլ լցվել է կիսով չափ, բայց այդ տեղամասի հայտարարված արդյունքն է՝ 1330 ձայն: Այսինքն՝ այս երկու տեղամասերում էլ լցոնվել են՝ յուրաքանչյուրում 1000-ից ավելի քվեաթերթիկներ: Նամակում նշված է, որ այս բոլոր տեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվել են դիտորդներին տրամադրել մասնակցության թիվը. «Թիվ 800 ՏԸՀ-ում նախագահը հրաժարվեց տրամադրել արձանագրության պատճենը. հաշվարկն ավարտվել էր 22:45-ին: Այդ ժամանակ նախագահը դուրս վազեց տեղամասից՝ քվեարկության նյութերի պարկերը ձեռքին, թռավ առանց համարանիշների մեքենայի մեջ եւ արագ հեռացավ»: Միջազգային դիտորդները փորձել են հետեւել այդ մեքենային, սակայն կանգնեցվել են 2 այլ մեքենաների կողմից, իսկ ոստիկանները որեւէ կերպ չեն միջամտել այս ամենին. «Ընտրատարածքում դիտորդների դեմ շարունակվող անհանգստությունների արդյունքում՝ առաքելության անդամները ստիպված էին ոստիկանության ուղեկցություն խնդրել Երեւան վերադառնալու համար»: Հավելենք, թե վերահաշվարկի 3 պահանջները մինչ այժմ չեն կատարվել եւ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավարը նշել է. «Ոչ մի վստահություն չի կարող լինել 29 ԸԸՀ-ի արդյունքների հանդեպ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել