ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՉԻ ՓՈԽՎԻ Այդպես է կարծում նախարար Հովիկ Աբրահամյանը եւ չի բացառում, որ ԱԺ նախագահ կդառնա Արթուր Բաղդասարյանը: – Խորհրդարանական ընտրությունների գնահատականները խիստ հակասական են։ Ըստ որոշ քաղաքական ուժերի, դրանք նախագահականի շարունակությունն էին եւ ոչ ամենեւին արդար ու թափանցիկ։ – Ես ի պաշտոնե անմիջական կապ ունեմ համայնքների ու մարզպետարանների հետ եւ հստակ կարող եմ հավաստել, որ ընտրությունները ոչ թե մեկ քայլ, ինչպես պնդում են եվրադիտորդները, այլ մի քանի քայլ առաջ էին։ Նորմալ եմ համարում նաեւ այն, որ երկրի նախագահին սատարող ուժերն այս ընտրությունների ընթացքում մրցում էին։ Նրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ մի քանի ձայն ավելի ստանալ ԱԺ-ում։ Այսքանն՝ ի պաշտոնե։ Իսկ որպես Հանրապետական կուսակցության անդամ, շատ ճիշտ եմ գնահատում մեր կուսակցության պահվածքը։ Մենք փորձեցինք ներկայացնել մեր 3 տարվա աշխատանքը, կոնկրետ ծրագրերով եւ կոնկրետ ասելիքով։ Ոչ մեկին չփնովեցինք, չքարկոծեցինք եւ, ինչպես տեսնում եք, չսխալվեցինք։ Հանրապետականի ձեռք բերած արդյունքները մեզ գոհացնում են։ Մենք ոչ մի խախտում թույլ չենք տվել, եւ եթե որեւէ մեկը փորձի մեղադրել մեզ խախտումների մեջ՝ ուրեմն արդար չէ։ Հանրապետականն ամեն ինչ արել է ազնիվ եւ արդար ընտրություններ ապահովելու համար, շատ լավ հասկանալով, որ յուրաքանչյուր խախտման փորձ վերագրվելու է իշխանությանը։ Մյուս քաղաքական ուժերի համար շատ հեշտ էր։ Իրենք պատասխանատվություն չունեին կառավարությունում, եւ ոմանց հաջողվեց կառավարության վրա ցեխ շպրտելով ձայներ հավաքել։ Մենք սա ազնիվ չենք համարում։ ՀՀԿ-ն իրականացրել է իր նպատակը եւ, վերջնական արդյունքում, ԱԺ-ում կունենա մոտ 30% համամասնություն։ Ինչը մեծամասնականով եւ համակիրներով կկազմի մոտ 73 տեղ։ – Այնուամենայնիվ, ընդունեք, որ չափազանց տգեղ էր, երբ նախագահին եւ կառավարությանը մի քանի ամիս առաջ գովերգող եւ փառաբանող քաղաքական ուժերը խորհրդարանականի ժամանակ կտրուկ շրջադարձ կատարեցին եւ սկսեցին քարկոծել նախագահին եւ նույն կառավարությանը։ – Այդ մասին ես բազմիցս զգուշացրել եմ հարցազրույցներում եւ հանդիպումների ընթացքում եւ կոչ եմ արել ձեր նկատի ունեցած քաղաքական ուժերին, որ չգնան նման քայլերի։ Սակայն իրենց եւս կարելի էր հասկանալ։ Վարչական լծակներ չունեցողների համար լծակ էր դարձել կառավարությանը փնովելը։ Գաղտնիք չէ, որ ցանկացած գործող իշխանությունից ժողովուրդը բոլոր ժամանակներում դժգոհ է լինում եւ ընտրազանգվածի ինչ-որ հատվածի միշտ էլ հաճելի է իշխանության հասցեին վատ խոսքեր լսելը։ Այդ քաղաքական ուժերը, մեղմ ասած, խաբում էին ժողովրդին, երբ հայտարարում էին, թե կգան ու աշխատավարձն ու կենսաթոշակը 4 անգամ կբարձրացնեն։ – ՀՀԿ-ն կարծես թե պահպանելու է իր ունեցած լծակները գործադիր իշխանությունում, իսկ մամուլում արդեն հրապարակումներ եղան, որ ԱԺ նախագահ դառնալու է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը հավաստի։ – Մեզ համար շատ կարեւոր է, որ Հանրապետականը պահպանում է վարչապետի պաշտոնը։ Շարունակելու են պաշտոնավարել նաեւ հանրապետական նախարարները։ Սակայն փոփոխությունները եւս չեն բացառվում, եւ այն նախարարները, ովքեր լավ չեն աշխատում, կազատվեն աշխատանքից, անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում։ Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնին։ Արդեն հայտնի է, որ պատգամավորների թվով երկրորդ տեղում «Օրինաց երկիրն» է, ուրեմն չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնը տրվի այս կուսակցությանը։ – Արդյոք սա չի՞ հաստատում այն լուրերը, թե Սերժ Սարգսյանն անմիջական կապ ունի «Օրինաց երկրի» հետ, մանավանդ, կարծիքներ կային, որ հենց Սերժ Սարգսյանն է դառնալու ԱԺ նախագահ։ Արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի նշանակումով չենք ունենա պաշտպանության նախարարի կողմից ղեկավարվող ԱԺ նախագահ։ – Նման բան չի կարող լինել։ Բարոյական եմ համարում, որ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժն առաջարկի ԱԺ նախագահի թեկնածուին։ Իսկ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար լինելուց բացի, նաեւ Անվտանգության խորհրդի նախագահն է, որը որոշ իմաստով շատ ավելի բարձր կարգավիճակ է։ – ՀՀԿ-ՀՅԴ հակասություններն առկա էին ոչ միայն քարոզարշավի եւ ընտրության օրը, այլ նաեւ այսօր։ Կարծիքներ կան, որ Հանրապետականն ամեն ինչ արեց, որպեսզի խանգարի Դաշնակցությանը՝ առավել ձայներ հավաքելու գործում։ – Նման բան չկա, մենք մեր քարոզարշավն ենք իրականացրել եւ ոչ թե նպատակադրվել ենք խանգարել որեւէ մեկին։ Ոչ մի հանդիպման ժամանակ հանրապետականները չեն փնովել Դաշնակցությանը։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ որեւէ խոչընդոտ Հանրապետականը չի դրել որեւէ կուսակցության եւ որեւէ թեկնածուի առաջ։ – ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հարցազրույցներից մեկում ասաց, թե Դաշնակցությունը միակ ուժն էր, որին հաջողվեց կանխել որոշների (նկատի ունենալով ՀՀԿ-ին)՝ ընտրախախտումներով մեծ տոկոսներ ձեռք բերելու ցանկությունը։ – Ես նման կարծիք չեմ լսել, եւ դա իրականությանը չի համապատասխանում։ Մեղմ ասած, պարոն Մանուկյանը ճիշտ չի ասում։ Նորից եմ կրկնում՝ որեւէ քաղաքական ուժ չի կարող ասել, թե Հանրապետականը խոչընդոտել է որեւէ մեկին։ – Քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն հայտարարում էր, որ առաջընթացը կլինի քիչ-քիչ եւ կամաց-կամաց։ Ընտրողների մեջ սա վատ տպավորություն էր թողնում։ Շատերը դժգոհում էին, թե ինչու ձեր ջիպերը միանգամից ու շատ են լինում, իսկ ժողովրդի վիճակը՝ կամաց-կամաց ու քիչ-քիչ։ – Ես շատ բնական եմ համարում ու բարոյական, որ հանրապետության վարչապետը ջիպով շրջի։ Որեւէ հանրապետական նախարար ջիպ չունի։ Միայն ֆինանսների նախարարն ունի, որը ՀԲ-ի նվերն է։ Ինչ վերաբերում է «կամաց-կամացին»։ Մենք ներկայացրել էինք իրատեսական ծրագիր, այնտեղ շատ հստակ գրված է, որ մանկավարժի աշխատավարձը բարձրանալու է 20%-ով։ Ավելի լավ է ժողովրդին ասել՝ 20, հետո բարձրացնել 50 %-ով, քան հակառակը։ – Ձեր պաշտոնը, ըստ էության, փոխվարչապետի կարգավիճակ է ենթադրում եւ, ըստ որոշ լուրերի, ձեր լիազորությունների շրջանակը շատ ավելի է ընդլայնվելու, ընդհուպ մինչեւ Անվտանգության խորհրդի անդամ։ – Այդ հարցը որոշում են հանրապետության նախագահն ու վարչապետը, ապագան ցույց կտա, չշտապենք։ – Շատերն են ձեզ համարում գորշ կարդինալ եւ գտնում են, որ դուք ավելի շատ ստվերում եք գործում։ Ձեր գերլիազորությունները ոչ բոլոր հանրապետականներին են դուր գալիս։ – Իրոք, շատ լծակների եմ տիրապետում ի պաշտոնե եւ բոլոր խնդիրները ճշտում եմ վարչապետի հետ։ Ձեր ասած գորշ կարդինալի գնահատականը չեմ կիսում, բայց, իրոք, ի պաշտոնե ես պարտավոր եմ շատ իմանալ եւ շատ աշխատել։ Պարզապես չեմ սիրում այդ մասին խոսել։ Ինչ վերաբերում է դուր գալ-չգալուն։ Այդ մասին ես մամուլից իմացա։ Ոչինչ ավելին չեմ ուզում ասել, քան այն, ինչ ասել է փիլիսոփա Սենեկան. «Նախանձ մարդիկ միշտ վշտացած են, որովհետեւ նրանց տանջում է ոչ թե իրենց անհաջողությունը, այլ ուրիշի հաջողությունը»։ Ես Հանրապետականի շարքերն եմ անցել Վազգեն Սարգսյանի առաջարկով, համամասնական ցուցակում 4-րդն եմ եւ պարտավոր էի ողջ ուժերս ներդնել, որպեսզի մեր կուսակցությունը հաջողության հասներ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ