Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՎՈԵՎԸ «ՉՋԵՐՄԱՑԱՎ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Մայիս 28,2003 00:00

ԳԻՎՈԵՎԸ «ՉՋԵՐՄԱՑԱՎ» ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ աշխատանքային օրը սկսեց խախտումներով։ 9։00-ի փոխարեն նիստը սկսվեց 12։30-ին։ Փաստը հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Աշոտ Գեւորգյանն այսպես պարզաբանեց. «Սահմանադրության արձանագրությունները հոգնածության պատճառով չէինք հասցրել պատրաստել, ԿԸՀ դիմեցինք, խնդրեցինք, որ այսօր հանձնենք»։ Ինչեւէ, թիվ 59 մանկապարտեզում տեղակայված 03347/16 տեղամասի արդյունքների ստուգման ժամանակ բողոքում արձանագրված լցոնումը հաստատվեց։ Ընդ որում, լցոնվել էին թե՛ մեծամասնական կարգով, թե՛ համամասնական՝ մոտ 200 քվեաթերթիկ։ «Արդարություն» դաշինքը ներկայացնող ՍԻՄ-ի կողմից հանձնաժողովի անդամ Անահիտ Վարդանյանը նաեւ հատուկ կարծիք էր ներկայացրել այդ առիթով։ Վերջինս պատմեց, որ «Էջմիածնի, Հոկտեմբերյանի գրանցումով էլ էին գալիս քվեարկելու»։ Հայտնաբերվեց նաեւ, որ որոշ արձանագրությունների վրա «Արդարություն» դաշինքի ներկայացուցչի ստորագրությունները կեղծվել են, չէին համապատասխանում արձանագրության թվերը եւ քվեաթերթիկների իրական քանակը։ Հիշեցնեմ. այդ տեղամասում հիմնական թեկնածուներն էին Շավարշ Քոչարյանը, Արարատ Զուրաբյանը, «հաղթանակած» Վլադիմիր Բադալյանը, Ալեքսանդր Գիվոեւը։ Ըստ վերջինիս, արդարությունը ժողովուրդն է, որն այս պայքարում «հավատաց, որ ես ոչ մեկի դաբրոյով չեմ եկել»։ Ամսի 23-ին մի տեղ հավաքվել են «հարգարժան մարդիկ՝ փողոցի, գիտնականներ, մտավորականներ, չինովնիկներ, կառավարությունից դաժե», եւ փորձել են Ալ. Գիվոեւին համոզել, որ «հրաժարվեմ նախագահից՝ կօգնեն ինձ»։ Բայց «ես պետք ա դավաճանեի ինձ։ Ես նախագահի հետ ո՛չ շփվում եմ, ո՛չ բան եմ անում, այդ հնարավորությունները մի քանի անգամ եղել են, ես կարայի խորացնեի այդ ջերմությունը, բայց ժողովուրդն իմ համար ավելի բարձր է»։ Ու պրն Գիվոեւը մտահոգվում է, թե «նա ի՞նչ աստիճանների ա կուրսի, թե ինչ է կատարվում փողոցներով»։ Առհասարակ, պրն Գիվոեւը սկզբից որոշել է «չխառնվել», բայց «ահազանգերն էնքան շատ էին, որ մենք ստիպված եղանք մի 12 մեքենաներ սանիկներ հավաքենք, մի 100 կանայք հավաքվեցին ու տեղից տեղ էինք շրջում։ Ոնց որ ամերիկյան ֆուտբոլի նման լիներ՝ հարձակվեն՝ պիտի պաշտպանվենք»,- եզրակացրեց նա։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել