Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Մայիս 28,2003 00:00

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ Այսօր Սարդարապատի հերոսամարտի 85-ամյակն է Հատված «Փրկություն» վեպից Մայիսի 21-ի մայրամուտը նոր էր սկսվել։ Հայոց ճակատագրի նման հալածված ամպերը շտապում էին հավաքվել արեւամոտ լեռնապարի կատարներին։ Այստեղ էր երանելի դրախտադուռը, որտեղից օծված որդան կարմիրով հանդարտ պիտի շարժվեին դեպի Արարատյան դաշտաշխարհ… Հրացոլիչ հորիզոնի հանդիպման, այդ ժամին արագորեն գլորվում էր մի ծածկակառք։ Հասնելով Մայր տաճարի արեւելյան դարպասին, կառապանը անարգել խորացավ դեպի Տրդատադուռ։ Այստեղ նրան սաստեցին երկու երիտասարդ սպասավորներ։ – Ինձ Վեհափառի մոտ տարեք,- պահանջեց Արամ փաշա Մանուկյանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանը ջանաց զգաստանալ, որ նրան ակամա պարտադրեց ներս մտնողի ոչ այնքան աճապարանքը, որքան նրա սխրալի մոտիկ անցյալը։ Սակայն նա մնաց անդրդվելի, մանավանդ որ գուշակեց Արամի ժամանման առիթը։ – Վեհափառ,- խոսեց Մանուկյանը,- մի՞թե ոչ մի ձայն ձեզ չի հասնում դրսից։ Թուրքը հասել է Մոլա-Բայազետ։ Եթե նա այսօր այստեղ չէ, վաղն անշուշտ կհայտնվի այս գավթում եւ ամենուր պղծանք կսփռի։ – Եվ դու ինձ առաջարկում ես հեռանա՞լ։ – Այո, Վեհափառ։ Կաթողիկոսը նրան նայեց սեւեռուն եւ փշալի հոնքերի տակից։ – Տարիներ ի վեր գործընկերներդ ծովից ծով, ծայրից ծայր Հայաստան են բոռացել։ Ի՞նչ պատահեց, որ բոլորին նահանջի ուղի եք մատնացույց անում այսօր։ Եվ դու՝ Արամ, որ քաջամիտ եղար, ժողովուրդն անունդ երախտապարտեց՝ ի շնորհ Վասպուրաց գոյամարտի… – Սրբազան, հեռացեք, խնդրում եմ։ – Եթե հայոց նախարարը կհրաժարվի, չի պաշտպանի այս սուրբ վայրերը, ապա ինքս միայնակ սուր կվերցնեմ եւ կնահատակվեմ Մայր տաճարի գավթում։ Երբեք չեմ հեռանա հայության Մայր աթոռից։ Այս խոսքերի հետ մեկտեղ Արամը մեկեն ծնկի իջավ եւ համբույր բերեց կաթողիկոսի աջին։ Վեհափառը ջերմորեն դիմեց նրան. – Պարոն Արամ, գիտեի, որ քաջամիտ ես մշտապես։ Անձիս ապահովությունը թող քեզ չխռովի։ Նա իջավ եւ անմռունչ, աներեր հեռացավ Մայր տաճար։ Ճանապարհին ալեհեր Սուրենյանը գնում էր գավազանը քիչ-ինչ վեր պարզած, որ հավաքի նշան էր։ Վեհափառը կանգ առավ իջման սուրբ սեղանի առաջ։ Եվ կաթողիկոսը վերջապես ավետեց։ – Թող այս ժամից ղողանջեն Մայր տաճարի զանգերը սարսռաձայն, թող ահեղագոչեն սուրբ Էջմիածնի բոլոր վանքերը։ Եվ դուք՝ իմ զավակներ եւ տարեկիցներ, դուք, որ մատենագիր եք եւ մատենախոս, հիշեք մարգարե եւ սուրբ Վարդանանց Եղիշեին, ելեք՝ ի զեն կոչեք ժողովրդին։ Ո՞վ շարժվեց այնտեղ, ո՞վ հանդգնեց բարկությամբ բուրվառը իր շղթայով նետել սալահատակին։ Ետնադռան կողմից շարքերը քանդելով առաջացավ երկարաբազուկ եւ կուզը վրան Վահրիճը։ Քվազիմոդոյի նման թեքվելով կարճ ոտքի վրա, նա մի պահ տնտղեց շրջապատը, դուրս գնաց։ Զանգակահարն էր։ Եվ քիչ անց որոտաց շրջապատը։ Ոչ, դա որոտմունք չէր։ Որոտմունքից հետո անձրեւող գարնան երկինքը ծիածան է կապում հորիզոնից հորիզոն՝ շտապողներին կանգնեցնելով, իր գույներով եւ ուրախությամբ լցնելով նրանց սրտերը։ Վահրիճի խփած զանգերը կործանարար հեղեղի նման նստածներին հանում էին ոտքի, կանգնածներին՝ շտապեցնում դուրս, շտապողներին՝ պաշարում ահեղ վճռով՝ դեպի ազատություն։ Շուտով այդ ահեղագոչին միաձուլվեցին սուրբ Հռիփսիմեի եւ սուրբ Գայանեի վանքերի կանչերը։ Բոլոր զանգակատները հետզհետե զարկում, խրոխտում էին՝ լցնելով հայոց աշխարհը ռազմականչով… Նորածին գիշերվա միջով, ազդու ղողանջներից լարված, շտապում էր Դանիել բեգը։ Նա գալիս էր Մոլա-Բայազետից՝ հասնելու սպայաժողովին, որ նշանակել էր գեներալ Սիլիկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել