«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԺ, ՈՐԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ» Ասում է նորընտիր պատգամավոր Վազգեն Մանուկյանը ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից դժգոհ են նաեւ նրանք, ովքեր պատգամավոր դարձան (սկսնակ պառլամենտականներից մինչեւ երկարակեցության առումով գինեսյան հայտ ներկայացնող պատգամավորները)։ ԱԺՄ նախագահ, «Արդարություն» դաշինքի անդամ Վազգեն Մանուկյանը դժգոհ էր ոչ միայն ընտրություններից, կիրառված ընտրատեխնոլոգիաներից, այլեւ ուներ հերթական ճգնաժամից դուրս գալու իր տարբերակը. «Նախեւառաջ ՍԴ որոշումը պետք է իրականացնել մեկ տարվա ընթացքում, անցկացնել հանրաքվե. նախագահին վստահո՞ւմ են, թե՞ ոչ։ Տեսականորեն, արդյունքում կարող է լինել «այո»։ «Այո»-ի դեպքում պետք է նշանակվեն ԱԺ նոր ընտրություններ, «ոչ»-ի դեպքում նախագահը պետք է հրաժարական տա եւ լինի նոր ընտրություն»։ Վազգեն Մանուկյանը նաեւ հայտարարեց, թե իրենց վարչությունը դեմ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը ստորագրի փաստաթղթի տակ. «Այդ ստորագրությունը մենք համարում ենք չեղյալ»։ Նկատի ուներ նախնական արդյունքների վավերացման փաստաթուղթը։ Ամփոփելով երեք ընտրությունները (տեղական ինքնակառավարման, նախագահական եւ ԱԺ), Վ. Մանուկյանն ասաց, որ ունենք ոչ լեգիտիմ նախագահ. «Դեռ ավարտված չէ արդյունքների ամփոփումը, սակայն կարող ենք ասել, որ ունենք ԱԺ, որը լեգիտիմ չէ»։ Գնահատելով ստեղծված իրավիճակը, նա գտնում էր, որ Հայաստանը ետընթաց ապրեց. «Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ պարգեւատրվում է կաշառակերությունը եւ պատժվում է ազնվությունը, մաքուր պայքարը»։ Վ. Մանուկյանի կարծիքով, դա կապ չունի ազգային մենթալիտետի հետ. «Սուտ է, մեր ժողովրդի մենթալիտետը ուզում են այդպիսին դարձնել։ Փորձում են կաշառել, քանի որ ժողովուրդը հաց չունի։ Դրա համար որեւէ մեկը չի պատժվում»։ Ըստ նրա, անկախ իշխանությունների կամքից, եղան պատգամավորներ, որոնք ընտրվեցին։ Նշվեց Վիկտոր Դալլաքյանի, Մանուկ Գասպարյանի անունները։ Իրենց հետագա քայլերի մեջ Վազգեն Մանուկյանը խոսեց նաեւ այն մասին, որ «Արդարություն» դաշինքում քննարկվել է պատգամավորական մանդատներից հրաժարվելու հարցը, սակայն, ըստ նրա, պայքարելը ներսում ավելի ճիշտ կլիներ։ Նա ակնարկեց նաեւ հնարավոր ճգնաժամի դժվարությունները։ Իհարկե, Վազգեն Մանուկյանի դիրքորոշմամբ, քանի որ իրենք մեկ թիմի մեջ են՝ «Արդարություն» դաշինքի, պարտավոր են կատարել դաշինքի որոշումները։ Բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսելով, նա հարցրեց. «Մարդիկ Հայաստանը փչացնում են մինչեւ վերջ։ Փոքր կռիվներով, մի քանի մարդ փոխելով մարսելո՞ւ ենք դա եւ ընդունելո՞ւ, որ այսպիսին է Հայաստանը, թե՞ պայքարելու ենք այն Հայաստանի համար, որն ունի զարգացում, որը մենք պատկերացնում ենք»։ «Առավոտի» այն հարցին, թե վստահության հանրաքվեի հետ կապված, դաշինքի մաս կազմող տարբեր քաղաքական գործիչներ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել եւ հետեւաբար ինչպե՞ս է պրն Մանուկյանը պատկերացնում այն իրականացնելը, վերջինս պատասխանեց. «Դուք մի քիչ շփոթում եք։ Երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ ընդունում է 2-րդ փուլի արդյունքները եւ մեկ տարուց հետո նշանակում վստահության հանրաքվե, դաշինքի բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ մենք, դժգոհ եղանք ՍԴ որոշումից, համարելով, որ Սահմանադրական դատարանը ուներ լիարժեք հնարավորություն չեղյալ հայտարարելու նախագահական ընտրությունները։ Բայց որոշման այս կետը (վստահության հանրաքվեի) հնարավորություն է տալիս շարունակել պայքարը սահմանադրական ձեւով։ Եվ այստեղ արդեն հակառակորդներ ես չեմ տեսնում»։ Վազգեն Մանուկյանը անդրադարձավ նաեւ «քցվածների» մասին (քցել են իշխանությունները՝ խոստանալով պատգամավորական նստատեղիներ). «Շատ կուսակցություններ փողը բաժանելով ման էին գալիս։ Կային իշխանական թեւի կուսակցություններ, որոնց խոստացված էր ավելի շատ տեղեր եւ իրենք իրենց համարում են «քցված»։ Ես գիտեմ, որ մեր տոկոսը պետք է լիներ շատ ավելի բարձր, բայց ես ոչ թե տոկոսի հետ համաձայն չեմ, այլ իրականացված տեխնոլոգիաների։ Տոկոսը դա հետեւանք է»։ Իբրեւ շահող կուսակցություն, նա համարեց հանրապետականներին։ Հետ չմնաց նաեւ Միավորված աշխատանքային կուսակցությունը, որի հաջողությունները նա համարեց մեր հասարակության հիվանդության արդյունք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ