Այսպես ապրում էինք պատերազմի տարիներին Շինուհայրցիները էլեկտրաէներգիա են ստանում նախորդ տասնամյակի գրաֆիկով Սյունիքի մարզի Գորիսի շրջանի էլեկտրացանցի տնօրենն ու Շինուհայր գյուղի գյուղապետը բնակիչների համար էլեկտրաէներգիայի մատակարարման գրաֆիկ են սահմանել։ Ծանոթ տերմինալոգիայով ասած՝ հովհարային անջատումների գրաֆիկ, որը կիրառվում էր դեռեւս «էներգետիկ տեռորի» տարիներին։ Տեխնիկական պատճառներով այս մասին պարզաբանումներ չստացանք, սակայն գյուղացիներին դա բացատրել են էլեկտրաէներգիայի մեծ կորստով։ Շինուհայրցիների պատմելով, գյուղապետ Արսեն Խաչատրյանը բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ ներկայացուցչի հետ համաձայնության ակտ է կնքել, ըստ որի, էլեկտրաէներգիան մատակարարվում է օրական մոտ 4-5 ժամ՝ յուրաքանչյուր աբոնենտի հաշվով օրական 5 կվտ չափով։ Մինչդեռ այն թաղամասում, որտեղ գյուղապետն է ապրում, համագյուղացիների ներկայացմամբ, հոսանք տրվում է մոտ 24 ժամ։ Սա բացատրել են այն հանգամանքով, որ մյուս թաղամասում էլեկտրաէներգիայի կորուստն ավելի մեծ է, ուստի նախատեսված չափն այդտեղ ավելի քիչ ժամանակի համար է հերիքում։ Իսկ շինուհայրցիները, որ ժամանակ առ ժամանակ (երբ ընդհանրապես զրկված են եղել էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորությունից) ստիպված են եղել ենթակայանի մոտ բողոքի ցույց անել էլեկտրաէներգիա ստանալու համար, ասում են, որ եղածն էլ շատ անհարմար ժամի են տալիս՝ օրը ցերեկով։ Իսկ եթե երեկոյան տրվեր, գոնե բնակարանները կլուսավորեին, անասուններին կտեղավորեին։ Դժգոհում են նաեւ այն բանից, որ սառնարանները չաշխատեցնելու պատճառով փչանում է նաեւ կաթն ու մածունը։ Առանց այն էլ գյուղացիները սոցիալապես անապահով վիճակում են, որովհետեւ անձրեւն ու կարկուտը «լվացել» են այգիները։ Աշխատատեղերի մասին էլ խոսք չկա։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի մեծ չափով կորստին, ապա գյուղացիները սրա բացատրությունն էլ ունեն, որը տարբերվում է պաշտոնականից. կորուստը տեղի է ունենում ոչ թե «ձախ» լարանցումների կամ գողանալու հաշվին, այլ հին, գրեթե շարքից դուրս եկած տրանսֆորմատորների պատճառով»։ Վերջապես, էլեկտրաէներգիայի կորստի դեմ պայքարելու ավելի արդյունավետ միջոց կա, որը եւ կիրառվում է ողջ հանրապետության տարածքում։ Իսկ բաշխիչ ցանցերը մասնավորեցնելուց հետո, կարծես թե քննարկման ենթակա էլ չէ, թե այդ խնդրի լուծման պատասխանատուն ով է։ Շինուհայրը պարբերաբար մեղադրվում է որպես անպարտաճանաչ վճարող։ Բայց գրաֆիկ սահմանելու փոխարեն նախ պետք է տրանսֆորմատորը կարգի բերվի, ապա հոսանքագծերը, հետո նոր կարելի է հոսանքազրկել անպարտաճանաչ սպառողներին, ոչ թե ողջ գյուղին ստիպեն ապրել նախորդ դարի պայմաններում։ Չմոռանանք նաեւ, որ Շինուհայրը հեռավոր գյուղ է, որոնց նկատմամբ պետության ուշադրությունն ավելի մեծ պետք է լինի։ Իսկ շատերի կարծիքով, նման բնակավայրերի համար պետք է սահմանվեն նաեւ արտոնություններ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Ակնկալում ենք «Միդլենդ ռիսորսիզի» եւ էներգետիկայի նախարարության արձագանքը։