Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՒՄ»

Մայիս 28,2003 00:00

«ՊԱՐՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՒՄ» Մալաթիա-Սեբաստիա թիվ 10 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր չընտրված Սամվել Ավետիսյանը երեկ բողոքել է տարածքային ընտրական հանձնաժողով՝ 12 տեղամասերում քվեարկության փաստացի արդյունքները ստուգելու պահանջով։ Հանձնաժողովը երեկ հասցրեց ստուգել միայն մեկ՝ թիվ 29 ընտրական տեղամասի արդյունքները։ Հիշեցնենք, ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրվել է Սմբատ Այվազյանը՝ Ս. Ավետիսյանի նկատմամբ 1955 ձայնի առավելությամբ։ Այսինքն, սա այն քիչ տարածքներից է, որտեղ մեծամասնական կարգով ընտրվել է ոչ իշխանությունների թեկնածուն։ Դատելով Ս. Այվազյանի եւ նրա հիմնական հակառակորդի՝ Ս. Ավետիսյանի (երրորդ թեկնածուն Վարազդատ Զատիկյանն է) ձայների տարբերությունից, ակնհայտորեն դժվար է բողոքներով փոխել քվեարկության արդյունքները։ Իսկ այ, խախտումների մեծ թիվ հայտնաբերելով, կարելի է ընտրություններն այս տարածքում չկայացած համարել։ Ինչը չի բացառվում, որ Ս. Ավետիսյանի ձեռքով անում են իշխանությունները։ Կամ, ինչպես ներկաներից մեկն ասաց. «Ա՛յ մարդ, մենք պարտվել չենք կարում, էլի՛»։ Թեեւ, երեկ տարածքային հանձնաժողովում վերջինիս եղբայրը հայտարարեց, որ Ս. Այվազյանի հաղթանակը եթե արդար է, «հարց չկա». իրենք կշնորհավորեն հաղթողին։ Հանձնաժողովը երեկ բացեց 29 տեղամասի փաթեթները։ Ըստ այդմ, ընտրողների ընդհանուր թիվն է՝ 1879, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունք ստացել են եւս 21-ը, օգտագործված քվեաթերթիկների թիվը 988, մարված-չօգտագործված քվեաթերթիկներինը՝ 954, բոլորին դեմ քվեարկել է 11 ընտրող, անվավեր է ճանաչվել 83-ը, Վ. Զատիկյանի օգտին՝ 40, Ս. Ավետիսյանին կողմ՝ 102, Ս. Այվազյանի օգտին՝ 752։ Այս վերջին 752-ից 2-ի վրայի նշումները տարածքային հանձնաժողովի նախագահ Օֆելյա Պետրոսյանի աչքին «Ս» թվացին եւ նա հանձնաժողովի անդամներից տեղեկացավ՝ դրանք անվավե՞ր համարեն, թե՞ ոչ։ Դրանք համարվեցին վավեր, մանավանդ որ ակնհայտորեն «պտիչկա» էին։ Ստուգումով տեղամասային հանձնաժողովի արձանագրությունում բերված բոլոր թվերը հաստատվեցին։ Ս. Ավետիսյանի ներկայացուցիչները կառչեցին 2 մաքուր թերթիկներից։ Լարիսա Ավետիսյանի պնդմամբ, «կարուսել» անելուց հետո պակասած երկու քվեաթերթիկի փոխարեն այդ երկու սպիտակ չծալված թղթերն ուղղակի դրվել են տրցակի մեջ։ Հենց «կարուսելի» գոյությունն ապացուցելու փորձերն են կասկած ներշնչում, որ «ի վերուստ» ընտրությունը այս տարածքում անվավեր ճանաչելու խնդիր է դրված։ Ըստ 29 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահան Ենգիբարյանի, այդ երկու մաքուր թղթերը հանրաքվեի թերթիկների հետ ստացել են տպարանից։ Նա մատնացույց արեց մայիսի 20-ի իրենց արձանագրությունը, որտեղ այդ մասին նշում կար։ Ավետիսյանները որոշեցին այնուհետեւ ստուգել ընտրացուցակները։ Նրանք ունեին մահացածների, Հայաստանում չբնակվողների եւ կրկնակի քվեարկածների ցուցակ, որը համեմատում էին ընտրացուցակների հետ։ Շուտով Լ. Ավետիսյանը հայտարարեց, որ արդեն գտել է մի մահացածի անուն, «որը էն աշխարհից եկել, քվեարկել, գնացել է»։ Ներկաների դիտարկմանը, թե այդ «մահացածը» կարող է Ս. Ավետիսյանի օգտին քվեարկած լինել, Լ. Ավետիսյանն ասաց. «Դա՛ չէ կարեւորը»։ Տիկին Ավետիսյանն անզգուշություն ունեցավ բարձրաձայնելու այդ անունը։ Լրագրողներով գտանք 4-րդ գյուղի նախկին գյուղսովետի նախագահ, այժմ 29 հանձնաժողովի անդամ Սոկրատ Դեղոյանին, որը հավաստիացրեց, թե իր ձեռքով է այդ՝ այսպես կոչված, «մահացածին» քվեաթերթիկ տվել։ Դրանից հետո Ավետիսյաններն ուղղակի ցուցակից արտագրում էին կասկածելի անունները։ Այդ մասին ինֆորմացիա տալ լրագրողներին նրանք պատրաստվում են բոլոր 12 տեղամասերը ստուգելուց հետո։ Տարածքային հանձնաժողովի նախագահ Օ. Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին (օրենքով սահմանված ժամկետում) կստուգեն մնացած տեղամասերը։ Կամ հանձնաժողովը պիտի օրական առնվազն երկու տեղամաս ստուգի (ինչն այսօրվա մանրակրկիտության դեպքում անհնար է), կամ օրենքով սահմանված ժամկետում պարզապես չի հասցնի այդ գործն անել։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Երեկոյան հայտնի դարձավ, որ բողոքների հետ կապված ինչ-որ պարզաբանումների համար «տարել» են Սմբատ Այվազյանի նախընտրական շտաբի պետ Մամիկոն Մնեյանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել