Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինա-Հայաստան. աննախադեպ աժիոտաժ է

Մայիս 27,2003 00:00

Ուկրաինա-Հայաստան. աննախադեպ աժիոտաժ է Հունիսի 7-ին Լվովի «Ուկրաինա» ստադիոնում ֆուտբոլի Եվրոպայի 2004 թ. առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը պատասխան խաղում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ։ Հիշեցնենք, որ այս հավաքականների երեւանյան մրցավեճը դրամատիկ պայքարում ավարտվել է 2։2 հաշվով։ Կայանալիք խաղն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ամբողջ Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում ու անգամ հեռավոր Կանադայում։ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը տեղի զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել է, թե միայն կոլեկտիվ հայտերի պահանջարկն արդեն իսկ գերազանցում է 15 հազարի սահմանը։ Հանդիպմանը ներկա գտնվել պատրաստվում են նույնիսկ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի շուրջ հարյուր ֆուտբոլասերներ։ Ըստ կազմակերպիչների, Ուկրաինա- Հայաստան խաղի տոմսի արժեքը տատանվում է 5-ից մինչեւ 50 գրիվնայի սահմաններում։ Ու թեեւ տոմսերի վաճառքը կազմակերպվել է մայիսի 23-ից, դրանք արդեն գրեթե սպառվել են։ Պակաս հետաքրքրություն չի առաջացրել նաեւ նախորդ օրը Չերվոնոգրադում կայանալիք երիտասարդական հավաքականների հանդիպումը։ Այստեղ էլ խաղին անմիջապես ներկա լինել ցանկացողների պահանջները բավարարելու նպատակով կազմակերպիչները ստիպված են եղել ստադիոնում լրացուցիչ հազար ֆուտբոլասեր տեղավորելու հնարավորություններ գտնել։ Ուկրաինայի լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Լվով են ժամանելու հունիսի 5-ին՝ չարտերային չվերթով։ Մեր ազգային հավաքականը հանգրվանելու է «Գրանդ-օթելում», իսկ երիտասարդականը՝ «Սպուտնիկ» հյուրանոցում։ Ինչ վերաբերում է երկու հանդիպումների հեռարձակմանը, «Կոմանդա» թերթը տեղեկացնում է, որ դա իրականացնելու է տեղի «Ինտեր» հեռուստաալիքը։ Երիտասարդական հավաքականների հանդիպումը կցուցադրվի տեսագրությամբ, ազգայինինը՝ ուղիղ հեռարձակումով։ Նույն թերթը տեղեկացնում է նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկու խաղերի համար 50-ական տոմս է պատվիրել Երեւանից Լվով մեկնել ցանկացող հայ ֆուտբոլասերների համար։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել