«Արդարությունն» էլ է հիասթափված «Արդարություն» հասարակական-քաղաքական կազմակերպության տղաները եւս հիացած չեն ընտրությունների արդյունքներով։ Որոշ տեղամասերում, ուր քվեարկել են նրանց ընտանիքի անդամները, ազգականներն ու հարեւանները (բնականաբար՝ իրենց օգտին), բավականին ցածր ցուցանիշների են հանդիպել։ Նրանք հայտնաբերել են նաեւ մի շարք խախտումներ։ Ատոմ Մխիթարյանը, օրինակ, պնդում է, որ իր հայրենի գյուղից (Լոռու մարզ, Ջրաշեն) ակնկալում էր 70-80% ձայն, սակայն այլ է եղել պատկերը։ Պատճառն, ըստ նրա, ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության բաժանած գումարային ընտրակաշառքն է։ Արսեն Քարամյանի հավաստմամբ, հանրապետականները «աչքի են ընկել» նաեւ Սյունիքի մարզում։ Ըստ նրա, թիվ 53 ընտրատարածքում (գյուղ Վաչագան) նույն կուսակցության տեղական առաջնորդների ջանքերով՝ ձայների դիմաց՝ ընտրություններից մի քանի օր առաջ վերանորոգվել են գյուղացիների տների տանիքները եւ փոխվել ջարդված ապակիները։ Իսկ ընդհանրապես քարոզարշավի շրջանում քիչ չեն եղել դեպքերը, երբ մասնավոր բուհի ռեկտորը կամ դպրոցի տնօրենը, վկայակոչելով մյուս կուսակցությունների գայթակղիչ առաջարկությունները, իրենցից եւս հետաքրքրվել է. «Դո՞ւք ինչ եք խոստանում՝ ձեր օգտին աշխատելու դիմաց»։ Ըստ Ա. Քարամյանի, թիվ 12 ընտրատարածքի 0258 տեղամասում իրենց վստահված անձը՝ Արմեն Սմբատյանը շարունակ ընդհարվել է հանձնաժողովի նախագահի հետ, որովհետեւ քվեաթերթիկների հաշվման ժամանակ իրենց օգտին քվեարկած թերթիկները հանելիս նա հատուկ նպատակադրված քանիցս «անմեղորեն» հարցրել է. «Սա ո՞ւր դնենք»։ Տղաների կարծիքով, ամբողջ ընտրարշավը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, քանի որ այն եղել է ոչ հավասար, իսկ ԿԸՀ-ն, փոխանակ ընտրապայքարից դուրս թողնելու այն քաղաքական ուժերին, որոնք բացահայտ ընտրակաշառք են բաժանել, աչք է փակել այդ ամենի վրա։ «Արդարությունը» դժգոհ է նաեւ Հանրային հեռուստատեսությունից, որը չի ապահովել հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իր համար. «Այդպիսով, փորձ է արվել ամբողջ քարոզարշավի ընթացքում հիմնավորել այն տոկոսները, որն այսօր ներկայացնում է ԿԸՀ-ն»։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների ընդունել-չընդունելուն, ապա, «Արդարության» տղաների կարծիքով, դա ընդամենը ընտրական տեխնոլոգիայի բաղկացուցիչ մաս էր, որով պետք է հավաստվեր ընտրությունների արժանահավատությունը. «Ի սկզբանե նախագահն այդքան էլ շահագրգիռ չէր, հակառակ դեպքում նրան սատարող կուսակցությունները շատ ակտիվ կխոսեին հանրաքվեի մասին եւ գոնե այն կտպագրվեր՝ ներկայացնելու հանրությանը։ Դա պատրանք էր, մեկ անգամ եւս ցույց տալու, որ տեսեք, այս մասով էլ մենք պարտվեցինք»։ Գ. Հ.