Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻԿԱՆ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

Մայիս 27,2003 00:00

«ՄԻԿԱՆ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»՝ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Ֆուտբոլի Հայաստանի Անկախության գավաթի հերթական՝ 12-րդ խաղարկությունը մոտեցավ ավարտին։ Հայտնի դարձան եզրափակիչի մասնակից թիմերը, ընդ որում՝ կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո պայքարից դուրս մնաց նախորդ խաղարկության հաղթող՝ հանրապետության չեմպիոն «Փյունիկը»։ Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը»։ Երկու հանդիպումների արդյունքով «Փյունիկը» զիջեց «Բանանցին», իսկ «Շիրակը»՝ «Միկային»։ Դրամատիկ ընթացք ունեցավ «Բանանցի» եւ «Փյունիկի» հանդիպումը։ Առաջին խաղից հետո գրանցված 1:1 հաշիվը առավելություն էր տալիս «Փյունիկի» ֆուտբոլիստներին ի հաշիվ մրցակցի հարկի տակ խփած գոլի, բայց չնայած դրան, փյունիկցիները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը։ Արդեն 10-րդ րոպեին Աղվան Մկրտչյանը հեռահար ուժեղ հարվածով ստուգեց Դմիտրի Վորոբյովի զգոնությունը՝ «Բանանցի» դարպասապահը հետ մղեց գնդակը։ Իսկ 17-րդ րոպեին «Բանանցի» դարպասապահը անկարող եղավ չեզոքացնել վտանգը։ Լեւոն Փաչաջյանը ձախ թեւում ավելի ճարպիկ դուրս եկավ «Բանանցի» պաշտպան Հովհաննես Դեմիրճյանից, տիրեց գնդակին եւ լայնակի փոխանցումով գնդակը հասցեագրեց «Բանանցի» տուգանային հրապարակ, որտեղ պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Էդգար Մանուչարյանը մեկ հպումով գնդակն ուղարկեց «Բանանցի» անպաշտպան դարպասը։ Առաջին կեսում «Փյունիկը» կարող էր զարգացնել հաջողությունը, բայց մոտ տարածությունից դիպուկ չստացվեց Իսսա Տռաորեի հարվածը: Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց։ Տանտերերի կարգավիճակում հանդես եկող «Բանանցի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ, ձգտելով վերականգնել հավասարակշռությունը։ 56-րդ րոպեին Արա Հակոբյանի փոխանցումից հետո պատասխան գոլի հեղինակ կարող էր դառնալ Աշոտ Գրիգորյանը, բայց վերջինիս գլխով հարվածից հետո գերազանց ռեակցիա դրսեւորեց «Փյունիկի» դարպասապահ Ապուլլա Բետեն, կարողանալով հետ մղել գնդակը։ 73-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Արա Հակոբյանը։ Իրացնելով տուգանայինը՝ Հակոբյանը մոտ 25 մետրից շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց «Փյունիկի» դարպասը եւ այս անգամ էլ հյուրերին օգնության եկավ դարպասի հորիզոնական ձողը։ «Բանանցի» ֆուտբոլիստների ներդրած ջանքերը զուր չանցան։ 76-րդ րոպեին արդեն ուրախությունը պատեց «Բանանցի» երկրպագուներին։ Հովհաննես Դեմիրճյանի ուժեղ հարվածից հետո, տուգանային հրապարակում գտնվող Արամ Հակոբյանը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը եւ հաշիվը հավասարվեց։ Խաղի ելքը կարող էր որոշվել հանդիպման 83-րդ րոպեին, երբ Արտակ Հովհաննիսյանի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց «Փյունիկի» հարձակվող Իսսա Տռաորեն, բայց 11 մետրանոց նշակետի մոտից Տռաորեի գլխով հարվածից հետո գնդակը սլացավ դարպասի վրայով։ Կանոնակարգի համաձայն, նշանակվեց լրացուցիչ ժամանակ, ոսկե գոլի կանոնով, որը հաջողակ դուրս եկավ «Բանանցի» ֆուտբոլիստների համար, որոնց ձեռնարկած գրոհը լրացուցիչ ժամանակի 8-րդ րոպեին ավարտվեց «Փյունիկի» դարպասի գրավումով։ Հարձակմանը միացած պաշտպան Կարեն Սիմոնյանը կարողացավ անհարմար դիրքից փոխանցում կատարել, եւ տուգանային հրապարակում «Փյունիկի» պաշտպանների թողտվությունից օգտվեց Արամ Սարգսյանը՝ դիպուկ հարվածով եզրափակիչի ուղեգիր պարգեւելով «Բանանցին»։ Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Միկայի» ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը։ Այս խաղում տանտերերը խաղի հաշիվը բացեցին 11մետրանոց հարվածով։ Գոլի հեղինակ դարձավ Արամ Ոսկանյանը։ Առաջին կեսում «Միկայի» կազմում աչքի ընկավ նաեւ Մարատ Մկրտչյանը, որը եզրափակեց Դավիթ Գրիգորյանի լավ փոխանցումը, իսկ երկրորդ կեսում արդեն աչքի ընկավ Դավիթ Գրիգորյանը՝ հաշիվը դարձնելով 3:0։ «Միկան» երրորդ անգամ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ։ 2000-2001 թվականներին «Միկան» իր օգտին է գրանցել եզրափակիչ հանդիպումները։ Իր հերթին «Բանանցը» գավաթի անդրանիկ խաղարկության հաղթողն է։ Մի խոսքով, մայիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում գավաթի եզրափակիչում կմրցեն երկու «գավաթային» թիմեր՝ «Միկան» եւ «Բանանցը» ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել